ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ

 

Մարդու իրավունքների էջ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 48-րդ նստաշրջանը հաստատեց Վիեննայի հռչակագիրն ու գործողությունների ծրագիրը և հավանություն տվեց Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնի վերաբերյալ առաջարկությանը (1993 թ. դեկտեմբերի 20-ի 48/141 բանաձևով): Այդ բանաձևում ամրագրվեցին գերագույն հանձնակատարի պարտականություններն ու լիազորությունները.

  • քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային բոլոր իրավունքների, ներառյալ` զարգացման իրավունքի կենսագործում ու արդյունավետ պաշտպանություն,պետությունների խնդրանքով` խորհրդատվական ծառայությունների մատուցում, տեխնիկական և ֆինանսական օգնություն մարդու իրավունքների ոլորտում,
  • մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի կրթական և տեղեկատվական ծրագրերի համակարգում,
  • գործուն դերակատարություն մարդու իրավունքների լիակատար իրականացման ճանապարհին առկա խոչընդոտների հաղթահարման և աշխարհում մարդու իրավունքների պարբերական խախտումները կանխարգելելու գործում,
  • մասնակցություն կառավարությունների հետ երկխոսություններին` մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը երաշխավորելու նպատակով,
  • միջազգային համագործակցության ընդլայնում մարդու իրավունքների քարոզման և պաշտպանության գործում,
  •  ՄԱԿ-ի համակարգի միջոցով մարդու իրավունքների քարոզման և պաշտպանության գործունեության համակարգում,
  • մարդու իրավունքների արդյունավետության բարձրացման նպատակով ՄԱԿ-ի մեխանիզմների ռացիոնալացում, հզորացում և պարզեցում:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը Գլխավոր քարտուղարի տեղակալն է: Նրան Գլխավոր ասամբլեայի հավանությամբ նշանակում է Գլխավոր քարտուղարը` չորս տարի ժամկետով: 2008 թ. սեպտեմբերից ի վեր Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը տկն Նավանեթեմ Փիլեյն է (Հարավաֆրիկյան Հանրապետություն): Գերագույն հանձնակատարի գործունեության մասին զեկույցը ներկայացվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին (նախկին հանձնաժողովին) և Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջոցով` Գլխավոր ասամբլեային:

Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ), որ գտնվում է Ժնևում և ստորաբաժանում ունի Նյու Յորքում, մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գործունեության հիմնական օղակն է և ծառայում է որպես քարտուղարություն Մարդու իրավունքների խորհրդի, պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի մարդու իրավունքների այլ կառույցների համար: Այն ամեն տարի հազարավոր բողոքներ է ստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք հանձնվում են ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովների և կոմիտեների քննարկմանը: ՄԻԳՀԳ-ն նաև տեղային գործունեություն է ծավալում մոտ 30 երկրներում` ընդգրկելով ավելի քան 200 պաշտոնյաների: Բացի տեխնիկական օժանդակությունից, ՄԻԳՀԳ-ի տեղական գրասենյակներն իրականացնում են վերահսկման ու իրավունքների պաշտպանության գործառույթներ, ինչպիսիք են, օրինակ, տեղեկատվության հավաքումը, մարդու իրավունքներին առնչվող իրադրության ուսումնասիրությունը և խախտումների մասին զեկույցների ներկայացումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կայքէջ:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ