Պատմական ակնարկ

 

Համաշխարհային խաղաղ համայնքի գաղափարը

Չնայած Միավորված ազգերի կազմակերպությունը կյանքի կոչվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945 թթ.), սակայն խաղաղ գոյակցող պետությունների համայնք ստեղծելու բարձրագույն նպատակը շատ ավելի վաղ է առաջացել: Դեռևս 1795 թ. գերմանացի փլիսոփա Էմանուել Կանտն առաջ քաշեց հարատև խաղաղության գաղափարը. ուսմունք, որի վրա է հիմնված իրավունքի գերակայության այժմյան սկզբունքը: Նա առաջարկում  էր, որ պետություններն ստեղծեն խաղաղ համաշխարհային համայնք, սակայն ոչ թե համաշխարհային կառավարության միջոցով, այլ որ յուրաքանչյուր երկիր դառնա ազատ պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին և օտարերկրյա այցելուներին՝ այդպիսով նպաստելով ամբողջ աշխարհում խաղաղ հասարակության ստեղծմանը:

Այս գաղափարով Կանտը ոչ միայն ազդեցություն ունեցավ քաղաքական և փիլիսոփայական մտածողության վրա, այլև զարկ տվեց միջազգային իրավունքի զարգացմանն ու նպաստեց այնպիսի հաստատությունների ստեղծմանը, ինչպիսին է Միջխորհրդարանական միությունը (ստեղծված լինելով 1889 թ.՝ այն հանդիսացել է Ազգերի լիգայի «նախնին», իսկ ներկայումս ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է): Նրա ազդեցությունը հստակորեն նկատելի է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1918 թ. հունվարի 8-ի ԱՄՆ կոնգրեսին ուղղված «Տասնչորս կետ» ելույթում, որում առաջին անգամ հիշատակվում էր Ազգերի լիգան:

ՄԱԿ-ի ստեղծումը

Միավորված ազգերի կազմակերպության գաղափարը ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դաշնակից համաշխարհային առաջնորդները, ովքեր համագործակցում էին հանուն պատերազմի դադարեցման, խիստ անհրաժեշտություն զգացին մի մեխանիզմի, որը կօգնի խաղաղության հաստատմանը և հետագա պատերազմների կանխարգելմանը: Նրանք գիտակցեցին, որ դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ բոլոր պետությունները համագործակցեն մեկ համաշխարհային կազմակերպության միջոցով: ՄԱԿ-ը կոչված էր լինելու այդ կազմակերպությունը:

ՄԱԿ-ի հռչակագիրը

1942 թ. Ամանորին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Խորհրդային Միության և Չինաստանի ներկայացուցիչներն ստորագրեցին կարճ մի փաստաթուղթ, որը հայտնի է որպես «ՄԱԿ-ի հռչակագիր»: Հաջորդ օրն իրենց ստորագրություններն ավելացրեցին 22 այլ երկրների ներկայացուցիչներ: Այս կարևոր փաստաթղթով ստորագրող պետությունների կառավարությունները հանձն էին առնում առավելագույնս կենտրոնացնել ուժերը հանուն պաշտպանության և պարտավորվում չկատարել խաղաղության հաստատման անջատ գործողություններ:

Երեք տարի անց, երբ ընթանում էին Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովի նախապատրաստման աշխատանքները, հրավիրվեցին մասնակցելու միայն այն պետությունները, որոնք պատերազմ էին հայտարարել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքին և մինչև 1945 թ. մարտը միացել ՄԱԿ-ի հռչակագրին:

Ի՞նչ է ՄԱԿ-ը 

ՄԱԿ-ը եզակի կազմակերպություն է` կազմված անկախ պետություններից, որոնք ի մի են եկել համաշխարհային խաղաղության և սոցիալական առաջընթացի համար պայքարելու նպատակով: Կազմակերպությունը պաշտոնապես կյանքի կոչվեց 51 պետությունների մասնակցությամբ: 2014 թ. դրությամբ ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը հասել է 193-ի:

Բոլոր երկրների ֆորում, ոչ թե համաշխարհային կառավարություն

Կառավարությունները ներկայացնում են երկրները և ժողովուրդներին: Միավորված ազգերի կազմակերպությունը չի ներկայացնում ո՛չ որեւէ առանձին կառավարություն, ո՛չ էլ պետություն: Այն ներկայացնում է իր բոլոր անդամներին և կատարում է միայն այն, ինչ որոշում են անդամ պետությունները:

Միավորված ազգերի կազմակերպության ուղենշային սկզբունքները

ՄԱԿ-ի Կանոնադրությունը հիմնադիր փաստաթուղթ է, որով ղեկավարվում են նրա բոլոր ձեռնարկումները: Այն ուղեցույցների լրակազմ է, որով բացատրվում են յուրաքանչյուր անդամ պետության իրավունքներն ու պարտականությունները և այն, ինչ հարկ է անել սահմանված նպատակների իրագործման համար: Երբ որևէ պետություն դառնում է ՄԱԿ-ի անդամ, այն ընդունում է Կանոնադրության նպատակները և կանոնները:

Խորհրդանշանը

Նախօրինակ խորհրդանշանը նախագծվել է Սան Ֆրանցիսկոյի խորհրդաժողովի համար: Չնչին փոփոխություններից հետո 1946 թ. դեկտեմբերի 7-ին այն հաստատվեց որպես ՄԱԿ-ի խորհրդանշան:

Խորհրդանշանի հիմքում աշխարհի քարտեզն է` եզերված ձիթապտղի ճյուղերից հյուսված պսակով: Աշխարհի քարտեզը կենտրոնացած է Հյուսիսային բևեռի շուրջը և ձգվում է մինչեւ հարավային լայնության 60-րդ աստիճանը. այս նախագծումը հնարավորություն է տալիս պատկերել բոլոր պետությունները՝ միաժամանակ դրանցից ոչ մեկին կենտրոնական դիրքում չդնելով, ինչը համահունչ է բոլոր պետությունների հավասարության սկզբունքին: Ձիթապտղի ճյուղերը խաղաղություն են խորհրդանշում:

Նախնական խորհրդանշանը ոսկեգույն էր՝ գորշ-երկնագույն ֆոնով, իսկ ջրային ողջ տարածքը սպիտակ էր:

Դրոշը

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական դրոշն ընդունվել է 1947 թ. հոկտեմբերի 20-ին: Այն կազմված է ՄԱԿ-ի սպիտակ պաշտոնական խորհրդանշանից՝ կապույտ ֆոնին: Խորհրդանշանը դրոշի բարձրության կեսի չափով է և տեղակայված է ուղիղ կենտրոնում:

Կազմակերպության կառուցվածքը

ՄԱԿ-ը գործում է գրեթե ամբողջ աշխարհում 6 հիմնական մարմինների միջոցով.

Բոլոր այս մարմինները տեղակայված են Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, բացի Արդարադատության միջազգային դատարանից, որը գտնվում է Հաագայում (Նիդեռլանդներ):

Կան 15 մասնագիտացված գործակալություններ, որոնք համակարգում են իրենց աշխատանքը ՄԱԿ-ի հետ: Ի լրումն` գոյություն ունեն ՄԱԿ-ի 24 ծրագրեր, հիմնադրամներ, հաստատություններ և այլ մարմիններ, որոնք պատասխանատու են կոնկրետ ոլորտների համար: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ի կազմակերպությունների ընտանիքը ուշադրությունը կենտրոնացնում է բազմազան ոլորտների վրա, ինչպիսք են առողջապահությունը, պարենը և գյուղատնտեսությունը, հեռահաղորդակցությունը, զբոսաշրջությունը, աշխատանքը, փոստային ծառայությունները, շրջակա միջավայրը, քաղաքացիական ավիացիան, երեխաները, ատոմային էներգիան, մշակութային արժեքների պահպանությունը, գիտությունը, փախստականները, մտավոր սեփականությունը, գենդերային հավասարությունը, թմրամիջոցները, հանցավորությունը և ահաբեկչությունը, բնակելի տարածքները, ծովային փոխադրումները և եղանակի հետ կապված խնդիրները: Այս բոլոր տարատեսակ մարմիններն աշխատում են ՄԱԿ-ի Քարտուղարության հետ համատեղ և կազմում են ՄԱԿ-ի համակարգը:

2010 թ. ստեղծված ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց իրավազորման կառույցը, որը հայտնի է «ՄԱԿ-Կանայք» անվամբ, ՄԱԿ-ի կազմակերպությունների  ընտանիքի վերջին համալրումն է: Այն փոխարինում  է 4 առանձին կառույցներին, որոնք նվիրված էին կանանց հիմնախնդիրների լուծմանը:

ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը

ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնական գրասենյակը միջազգային գոտի է: Սա նշանակում է, որ այն հողատարածքը, որտեղ տեղակայված է Միավորված ազգերի կազմակերպությունը, չի պատկանում սոսկ Միացյալ Նահանագներին՝ հյուրընկալող երկրին, այլ բոլոր անդամ պետություններինն է: ՄԱԿ-ն ունի իր սեփական դրոշը եւ անվտանգության սեփական աշխատակիցներ, ովքեր հսկում են տարածքը: Այն ունի նաեւ իր սեփական փոստատունը եւ թողարկում է սեփական դրոշմանիշները: Այս դրոշմանիշները կարող են օգտագործվել միայն ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակից կամ ՄԱԿ-ի Վիեննայում եւ Ժնեւում տեղակայված գրասենյակներից: Կենտրոնակայանն ունի իր սեփական գրախանութը՝ հենց իր տարածքում, որը մասնագիտացված է ՄԱԿ-ի հարցերով եւ առնչվող թեմաներով: Կենտրոնական գրասենյակի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Միավորված ազգերի կազմակերպության այցելուի կենտրոնի էջ:

Անդամակցություն և բյուջե

Միավորված ազգերի կազմակերպությունը ներկայումս ունի բյուջետային 4 լիովին անջատ տող.

  • կանոնավոր բյուջե, որը նախատեսված է Նյու Յորքի կենտրոնական գրասենյակի, Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում տեղակայված գլխավոր տարածաշրջանային գրասենյակների և բոլոր մայրցամաքներում տեղակայված տեղական գրասենյակների առանցքային գործառույթների իրականացման համար.

  • խաղաղապահ բյուջե, որը նախատեսված է ամբողջ աշխարհում խաղաղապահ գործողությունների ծախսերը հոգալու համար, հաճախ՝ պատերազմից տուժած տարածքներում.

  • Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի բյուջե (դատարանը գտնվում է Արուշայում (Տանզանիա)) և Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանի բյուջե (դատարանը գտնվում է Հաագայում (Նիդեռլանդներ)).

  • 1.9 մլրդ դոլարի չափով հաստատված բյուջե, որն ուղղվում է ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի վերանորոգման ծրագրին (Կապիտալ վերանորոգման գլխավոր պլան), որը նախատեսվում է ավարտել 2014 թ:

Բոլոր տեսակի բյուջեների համար ՄԱԿ-ին կատարվող վճարումները պարտադիր են: Անդամները վճարում են ըստ նախապես համաձայնեցված վճարման սանդղակի: Երեք տարին մեկ փոփոխվող այս սանդղակը հիմնված է երկրի վճարունակության, ազգային եկամտի և բնակչության քանակի վրա:

Մասնագիտացված կազմակերպությունները, որոնք կազմում են ՄԱԿ-ի համակարգի մի մասը, ունեն ՄԱԿ-ի վերը նկարագրված չորս բյուջեներից առանձին բյուջեներ: Նրանց միջոցների հիմնական մասը գոյանում է կառավարությունների, անհատների և հաստատությունների կամավոր հատկացումներից:

ՄԱԿ-ի անդամ դառնալը

Միավորված ազգերի կազմակերպությունն ունի 193 անդամ պետություն

Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության` անդամակցությունը «բաց է բոլոր խաղաղասեր պետությունների համար, որոնք կստանձնեն սույն կանոնադրությունը բովանդակող պարտավորությունները եւ, կազմակերպության կարծիքով, կարող են եւ կամենում են կատարել այդ պարտականությունները»: Պետություններն ընդունվում են Ընդհանուր վեհաժողովի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի հանձնարարականով:

Ստորեւ հակիրճ ներկայացված է անդամության կարգավիճակի շնորհման ընթացակարգը:

  • Դիմող երկիրը կամ միավորը Գլխավոր քարտուղարին է ներկայացնում դիմում և նամակ, որում պաշտոնապես հաստատում է, որ ընդունում է կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները:

  • Անվտանգության խորհուրդը դիտարկում է դիմումը: Անդամության ճանաչման ցանկացած հանձնարարական պետք է ստանա Խորհրդի 15 անդամներից 9-ի կողմ քվեն, պայմանով, որ Խորհրդի հինգ մշտական անդամներից (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ոչ մեկը դիմումին դեմ չի քվեարկել:

  • Եթե Խորհուրդն առաջարկում է շնորհել անդամության կարգավիճակ, հանձնարարականը ներկայացվում է Ընդհանուր վեհաժողովի դիտարկմանը: Նոր պետության անդամությունը Վեհաժողովում հաստատելու համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդ մեծամասնություն:

  • Անդամությունն ուժի մեջ է մտնում անդամության կարգավիճակի շնորհման բանաձևի ընդունման օրվանից:

Մշտական դիտորդներ

ՄԱԿ-ի ոչ անդամ պետությունները, որոնք մեկ կամ ավելի մասնագիտացված գործակալության անդամ են, կարող են դիմել մշտական դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Մշտական դիտորդի կարգավիճակը հիմնված է զուտ պրակտիկայի վրա. ՄԱԿ-ի կանոնադրությունում դրան առնչվող դրույթներ չկան: Պրակտիկան սկիզբ է առել 1946 թ., երբ Գլխավոր քարտուղարն ընդունեց չեզոք Շվեյցարիայի կարգավիճակն իբրև ՄԱԿ-ի մշտական դիտորդ: Շվեյցարիան անդամ պետություն դարձավ 2002 թ.: 2012 թ. դրությամբ մշտական դիտորդի կարգավիճակ ունի Սուրբ Աթոռը (Վատիկան քաղաք-պետությունը), իսկ Պաղեստինը` ոչ անդամ դիտորդի կարգավիճակ:

Ոչ անդամ դիտորդ պետությունները հանդիպումների մեծամասնությանը մասնակցելու հնարավորություն ունեն, և նրանց համար ազատորեն հասանելի են համապատասխան փաստաթղթերը:

Տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ նույնպես Ընդհանուր վեհաժողովի աշխատանքի և ամենամյա նստաշրջանների դիտորդ են հանդիսանում:

Պաշտոնական լեզուները

ՄԱԿ-ի կողմից գործածվող պաշտոնական լեզուներն են արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը: ՄԱԿ-ի քարտուղարության աշխատանքային լեզուներն անգլերենը և ֆրանսերենն են:

Հանդիպումների ժամանակ պատվիրակները կարող են խոսել ցանկացած պաշտոնական լեզվով, և ելույթը համաժամանակյա թարգմանվում է մյուս պաշտոնական լեզուներով: ՄԱԿ-ի փաստաթղթերի մեծ մասը ևս թողարկվում է բոլոր վեց պաշտոնական լեզուներով:

Երբեմն որեւէ պատվիրակ կարող է նախընտրել ելույթ ունենալ որեւէ ոչ պաշտոնական լեզվով: Նման դեպքերում պատվիրակությունը պարտավոր է կամ ապահովել բանավոր թարգմանություն, կամ տրամադրել ելույթի գրավոր տեքստը պաշտոնական լեզուներից որևէ մեկով:

 

Միավորված ազգերի կազմակերպության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք «ՄԱԿ-ը մեկ հայացքով» էջը: 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ