Ելույթ ունենալն այնքան էլ հեշտ չէ: Ոչ բոլորը գեղեցիկ ժպիտով և համոզիչ կերպով փաստարկներ բերելու և ամբողջ լսարանն իրենց կողմը գրավելու կարողություն ունեն: Հետևյալ խորհուրդները շատ օգտակար կարող են լինել զեկույց կազմելու և ելույթ ունենալու համար:
Բովանդակությունը
Գրեք պարզ, հստակ և տրամաբանորեն շաղկապված զեկույց: Հռետորները սովորաբար իրենց ելույթը կառուցում են հետևյալ կերպ. ներկայացնում են ներածությունը, գլխավոր ասելիքը և վերջապես, ամփոփում են ասածը: Սա կարող է դժվար լինել «ՄԱԿ-ի մոդելում», որովհետև պատվիրակները հաճախ չգիտեն, թե ինչ պետք է ասել, երբ խոսքը իրենց հասնի: Այդուհանդերձ, հիանալի կերպով կարելի է հանպատրաստից ելույթ կառուցել, եթե առաջնորդվեք վերը նշված կանոններով:
Ճարտասանությունը
Յուրաքանչյուր ելույթի ամենակարևոր տարրերից մեկը ներկայացնելու եղանակն է: Անկախ այն հանգամանքից, թե որքան համոզիչ կարող են լինել փաստարկումները, նախ պետք է գրավել լսողի ուշադրությունը: Ստորև բերված խորհուրդները օգտակար կլինեն պատվիրակներին լավ հռետոր լինելու համար:
Մի' փորձեք ձեր ձայնով խլացնել աղմուկը:
Հերթով ձեր հայացքը սահեցրեք պատվիրակների վրայով, քանի որ յուրաքանչյուրը կմտածի, որ եթե ձեզ չլսի և ուշադրություն չդարձնի, դուք կրկին կնայեք նրան և դա կարող է անհարմարության զգացում առաջացնել:
Ցույց տվեք, որ հուզված և լարված չեք:
Լսարանի առջև մի ճոճվեք առաջ ու հետ, մի թարթեք փեր աչքերը շատ արագ, ուշադիր եղեք շարժուձևերի հարցում, քանի որ դրանց չարաշահումը շեղում է մարդկանց ուշադրությունը:
Օգտվեք պատկերավոր արտահայտություններից և ոճական հնարքներից:
Դա ձեր խոսքը առավել տպավորիչ կդարձնի:
Խոսեք դանդաղ, հանգիստ, և հասկանալի:
Հիշե'ք, որ եթե ձեր ձայնը լսելի և հասկանալի չլինի, ոչ ոք չի հետաքրքրվի ձեզանով:
Միալար մի' խոսեք:
Ժամանակ առ ժամանակ փոփոխեք ձեր ձայնի բարձրությունը և արագությունը, որպեսզի այն ձանձրալի չլինի: Ճիշտ կլինի նախ խոսել հանգիստ, այնուհետև ավելի բարձր:
Մի' վախեցեք հումորից:
Ժամանակ առ ժամանակ կատակ անելը օգտակար է և' ձեզ. և անդամներին, քանի որ այն թուլացնում է ընդհանուր լարվածությունը: Բացի դրանից, ելույթ ունենալիս կատակ անելը, գրավում է բոլորի ուշադրությունը:
Օգտագործեք կարճ նախադասություններ և դյուրըմբռնելի բառեր:
Չափազանց գրական և գրքային բառերը, ինչպես նաև համադասական և ստորադասական նախադասությունները կարող են շեղել լսողների ուշադրությունը, և ձեր հիմնական փաստարկը կմնա անհասկանալի: Դա ձեզ նույնպես ձեռնտու չէ. քանի որ շփոթվելու հավանականությունը շատ մեծ է:
Ինչպես հարցեր տալ
Ոչ պաշտոնական քննարկման ընթացքում պատվիրակներին կարելի է հարցեր տալ: Դրանք պետք է լինեն կարճ, հստակ և չպետք է պարունակեն մեկից ավելի հարցեր: Եթե հարց տալու հնարավորության դեպքում փորձեք ոչ թե հարց տալ, այլ հարցի միջոցով ելույթ ունենալ, ապա նախագահողը ձեզ անմիջապես կընդհատի: Հարցերը կարող են հետևյալ նպատակները հետապնդել. նոր տեղեկություն կամ հստակեցում ստանալ, դրական կամ հակառակը` բացասական լիցք հաղորդել:
Առաջին դեպքում հարց տվողի համար որոշ դրույթներ հասկանալի չեն, այդ իսկ պատճառով նա հստակեցում է փնտրում: Հարցի տոնը չեզոք է:
Օրինակ` «Կարո՞ղ է արդյոք հարգելի պատվիրակը բացատրել, թե 3-րդ հոդվածում նշված միջոցառումներն ինչպիսի արդյունքներ կարող են տալ»:
Երկրորդ դեպքում հարց տվողը պարզապես աջակցում է ելույթ ունեցողին: Նա նույնիսկ կարող է նոր փաստարկ բերել:
Օրինակ` «Համաձայն չե՞ք, որ այս բանաձևի ընդունմամբ Մարդու իրավունքների պաշտպանությունն առավել առաջնահերթ կդառնա»:
Երրորդ դեպքում հարց տվողը պարզապես փորձում է բացասական տպավորություն թողնել և ճնշել ելույթ ունեցողներին:
Օրինակ` «Մի՞թե պատվիրակն իսկապես կարծում է, որ Իրաքն այս հարցում համակարծիք կլինի»:
Կարիք չկա շատ հաճախ նման հարցեր օգտագործել, ծայրահեղ դեպքում դրանք պետք է պատշաճ կերպով ձևակերպել: Նման հարցերը ստիպում են պատասխանող կողմին պաշտպանական դիրք գրավել: Մյուս կողմից` հնարավոր է` դուք կռվարար պատվիրակի տպավորություն թողնեք, որը կվտանգի ձեր հեղինակությունն ու վստահությունը:
Ինչպես պատասխանել հարցերին
Ոչ պաշտոնական քննարկման ընթացքում պատվիրակները կարող են հրաժարվել հարցերին պատասխանելուց: Սակայն խելացի կլինի առնվազն մեկ հարցի պատասխանել: Մյուս կողմից` ճիշտ չէ ընդունել շատ հարցեր. 4 հարցը առավելագույնն է: Ահա թե ինչպես պետք է վարվել հարցերին պատասխանելիս:
Օրինակ`
Հ. – Կարո՞ղ է հարգելի պատվիրակը նշել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվել բանաձևեր թիվ 243-ով և 244-ով:
Պ. – Այո', անշուշտ, կարող եմ, սակայն չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ հավանաբար հարգելի պատվիրակը դրանց քաջատեղյակ է:
Հ. – Արդյո՞ք պատվիրակը չի կարծում, որ այս հոդվածներն այնքան դատարկ են, որքան օդը:
Վերջին օրինակի հարցն, անշուշտ, շատ կոպիտ է և արժանի չէ լիարժեք պատասխանի: «ՄԱԿ-ի մոդելը» դերախաղ է, և հարց տվողը նույնպես ինչ-որ դեր է տանում, այնպես որ պետք չէ անձնապես վիրավորվել:
Երբեմն օգտակար է դժվար հարցերին խուսափողական պատասխաններ տալը:
Օրինակ` «Այդ խնդիրները կլուծվեն բանաձևն ընդունվելուց հետո միայն»:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ