ԼՈՒՐԵՐ

2014-03-11 | Լուրեր
ՄԱԿ-ն աջակցում է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:  Ցուցադրվել են նկարչուհի՝ Հասմիկ Ավետիսյանի և քանդակագործ՝ Նունե Թումանյանի աշխատանքները:

Արվեստի այս գործերը գրավեցին լրագրողների, արվեստագետների և լայն հանրության ուշադրությունը: Միջոցառման նպատակն է խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և շեշտել, թե որքան կարևոր է գենդերային հավասարությունը, կանանց լիազորությունների  ընդլայնումը, մարդու իրավունքներից կանանց լիակատար օգտվելը տնտեսական և սոցիալական զարգացման համար:

Կանանց միջազգային օրը տոնվում  է աշխարհի տարբեր երկրներում: Սա մի հնարավորություն է ճանաչելու նրանց ձեռքբերումները առանց որևէ խտրականության՝ լինի դա ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական թե քաղաքական: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց նշել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին:

Կանանց միջազգային օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ Բան Կի - մունը շեշտեց կանանց հիմնարար դերը. «Այն երկրները, որտեղ գենդերային հավասարությունն ավելի շատ է, գրանցում են առավել մեծ տնտեսական աճ: Այն ընկերությունները, որտեղ կանայք շատ են, ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Խաղաղության այն համաձայնագրերը, որոնք ներառում են կանանց, առավել ամուր են: Այն խորհրդարանները, որտեղ կանայք շատ են, առավել շատ օրենսդրական ակտեր են կիրառում այնպիսի հիմնարար սոցիալական հարցերում, ինչպիսիք են՝ առողջությունը, կրթությունը, հակախտրականությունը և աջակցությունը երեխային»:

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Ուրախ ենք աջակցել պետության ջանքերին՝ Հաուղղված Հայաստանում գենդերային հավասարության ու կանանց հնարավորությունների ընդլայնման մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումը: Գենդերային հավասարության խթանումը և կանանց հնարավորությունների ընդլայնումը Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդն է, և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուրախ է աջակցել դրանց հասնելու պետության ջանքերին»:
Նկարիչներից մեկը՝ Նունե Թումանյանը հավելեց. «Իմ գործընկերը և ես գնահատում ենք հանրության հետ մեր աշխատանքները կիսելու և հասարակության զարգացման գործում մեր հայ կանանց կարևոր դերը ընդգծելու այս հնարավորությունը: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները»:
Նունե Թումանյանը Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի դասախոս է:Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի տարբեր քաղաքներում: Այս տարվա հունվարի 27-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում Women and Art Biennial 2014-ում Հայաստանը ներկայացնող քանդակագործուհին արժանացել է բիենալեի «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն  գործ» միակ մրցանակին: Հասմիկ Ավետիսյանի գործերը  ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում: Նրանք երկուսն էլ ճանաչված արվեստագետներ ու ՀՀ Նկարիչների միության անդամ են:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի հանրության համար  մինչև 2014թ. ապրիլի 1–ը, երկուշաբթի- ուրբաթ օրերին, ժամը՝ 15:00 -17:00:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության մասին տեղեկությունների համար՝ www.un.am

ՄԱԿ-ի մասին ընդհանուր տեղեկությունների համար՝ www.un.org

Կանանց միջազգային օրվա մասին տեղեկությունների համար՝  http://www.un.org/en/events/womensday/2014/sgmessage.shtml

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ