ԼՈՒՐԵՐ

2014-03-17 | Լուրեր
ՄԱԿ-ը և Պետական կառավարման ակադեմիան (ՀՀ ՊԿԱ) ամրապնդում են համագործակցությունը

ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) ուսանողներն այսուհետ առավել շատ հնարավորություններ կունենան հարստացնելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան  գործունեության մասին` շնորհիվ վերոհիշյալ համալսարանի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջև այսօր ստորագրված Համագործակցության համաձայնագրի:

Համագործակցության համաձայնագրով նախատեսված գործողություններից առաջինը Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյան բացումն է: Մինչդեռ ՄԱԿ-ի արժեքների տարածմանը կնպաստեն նաև ՄԱԿ-ի մոդել համաժողովները, ՄԱԿ-ի հիշարժան օրերը, իրազեկման դասախոսությունները և քննարկումները` որպես համաձայնագրով նախատեսված համատեղ միջոցառումներ:

ՄԱԿ-ի անկյանը տրամադրած ՄԱԿ-ի մուլտիմեդիա նյութերը և հրատարակությունները կօգնեն երիտասարդներին ձեռք բերել համակողմանի գիտելիքներ ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ:  Ակադեմիան ՄԱԿ-ի անկյունը կգործածի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ իրականացնելու նկատառումներով:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում, քանի որ երիտասարդները  համարվում են հասարակության շարժիչ ուժը: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են և մեր վստահելի գործընկերները` ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման խթանման հարցերում: Մենք ուրախ ենք աջակցելու նրանց գիտելիքների հարստացման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվածության խթանման հարցում»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր երկուստեք համագործակցությունը ուսանողներին հնարավորություն կընձեռի ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ»,- ասաց ՊԿԱ ռեկտոր՝ Արսեն Լոքյանը:

Մինչ այս երկկողմ համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել և ՄԱԿ-ի անկյուններ բացվել Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Եվրասիա միջազգային համալսարանում և Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայում: Իսկ ԵՊՀ-ն, համաձայնագիր ստորագրելուց բացի, հյուրընկալում է նաև Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) գրադարաններից մեկը:   

 

Հայաստանում ՄԱԿ-ի ավանդապահ գրադարաններ՝ http://www.un.am/am/Depositories

Հայաստանում ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ: shttp://www.un.am/am/UNDPI

ՄԱԿ-ը Հայաստանում www.un.am

Ընդհանուր տեղեկություն ՄԱԿ-ի մասին www.un.org

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ