ԼՈՒՐԵՐ

2014-03-24 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը թողարկում է Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013 թ. զեկույցը

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013 թ. ամենամյա զեկույցի թողարկմանը: Հանդիպումը բացեց ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։ Ներկա էին պետական ​​պաշտոնյաներ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ բաժանմունքից, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմից, ԿԱ ԱԱԾ-ից, Արդարադատության, Առողջապահության նախարարություններից, Գլխավոր դատախազությունից, ԿԱ ՊԵԿ-ից, ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնից, ներկայացուցիչներ մասնագիտացված ՀԿ-ներից, ինչպես նաև լրագրողներ։ Ներկաները քննարկեցին զեկույցի արդյունքները, համաշխարհային միտումները և Հայաստանում այս ոլորտի հետ կապված իրավիճակը:  

Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի Վիեննայի տեղեկատվական գրասենյակի կողմից պատրաստված մամուլի հաղորդագրությունը.

ԹՎՄԽ. կանխարգելման վրա ծախսված յուրաքանչյուր դոլարը կարող է խնայել մինչև տասը դոլար

ԹՎՄԽ ամենամյա զեկույցը՝

•    ուշադրություն է հրավիրում թմրադեղերի չարաշահման տնտեսական և սոցիալական հետևանքների վրա.
•    ահազանգում է դեղատոմսով տրվող թմրամիջոցների չարաշահման մասին, որի ծավալները որոշ երկրներում գերազանցում են «արգելված» թմրամիջոցների չարաշահման ծավալները.
•    անդրադառնում է տարածաշրջանային միտումներին` պարզաբանելով այժմ գրեթե բոլոր տարածաշրջաններում «օրինական խթանիչների» տարածման միտումները:

ԹՎՄԽ պրեկուրսորների վերաբերյալ զեկույցն ուշադրություն է հրավիրում
քիմիական վերահսկողության ոլորտի վերջին միտումների և մարտահրավերների վրա

Ամբողջ աշխարհում ծանր թմրամիջոցներ օգտագործող յուրաքանչյուր վեց մարդուց միայն մեկն է (մոտ 4.5 միլիոն մարդ) ստանում իրեն անհրաժեշտ բուժումը, ինչը տարեկան արժենում է 35 միլիարդ ԱՄՆ դոլար. նշվում է Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013 թ. ամենամյա զեկույցում, որը պաշտոնապես թողարկվեց այսօր Լոնդոնում: Ամբողջ աշխարհում թմրակախվածությունից բուժում սկսող մարդիկ առավել հաճախ օգտագործում են հերոին, կաննաբիս և կոկաին: ԹՎՄԽ նախագահ Ռայմոնդ Յանսը նշեց, որ ներդրումը կանխարգելման ու բուժման նպատակով իմաստուն «ներդրումային ընտրություն» է, քանի որ կարող է հանգեցնել զգալի խնայողությունների առողջապահության և հանցավորության հետ կապված ծախսերում, ինչպես նաև մեղմել թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների տառապանքները: Կանխարգելման նպատակով ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարը կարող է կառավարությունների հետագա ծախսերում խնայել տասը դոլար: ԹՎՄԽ զեկույցը մատնանշում է բուժօգնության տրամադրման հարցում առկա տարածաշրջանային զգալի անհամաչափությունները. Աֆրիկայում ամեն 18 ծանր թմրամիջոց օգտագործողից միայն մեկն է բուժում ստանում, Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Հարավարևելյան Եվրոպայում` 11-ից մեկը, իսկ Հյուսիսային Ամերիկայում` երեքից մեկը:

Դեղատոմսով տրվող թմրամիջոցների չարաշահումը մեծ սպառնալիք է հանրային առողջապահության համար և որոշ երկրներում առաջ է անցնում ապօրինի թմրանյութերի չարաշահման ցուցանիշներից. ԹՎՄԽ-ն ահազանգում է դեղատոմսով տրվող թմրամիջոցների լայն մատչելիության մասին

«Հանձնման օրերը»` դեղատոմսով տրվող թմրամիջոցներից անվտանգ կերպով ազատվելու նախաձեռնությունների շրջանակներում, կարևոր են, բայց ոչ այնքան, որ լուծեն դեղատոմսով տրվող թմրամիջոցների չարաշահման ահագնացող միտումները, ինչն էլ պայմանավորված է այդ դեղերի լայնածավալ մատչելիությամբ՝ նշում է ԹՎՄԽ նախագահը: «Թյուր կարծիք կա, որ դեղատոմսով տրվող թմրամիջոցները պակաս ենթակա են չարաշահման, քան «ապօրինի» թմրանյութերը: Տնային տնտեսությունները դեղատոմսով տրվող թմրամիջոցների հիմնական աղբյուրն են. դրանք, այլևս անհրաժեշտ չլինելով կամ չօգտագործվելով բժշկական նպատակներով, ուղղվել են չարաշահման: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեղատոմսով տրվող թմրամիջոցները չարաշահող մարդկանց զգալի մասն առաջին անգամ թմրամիջոցը ստացել է որևէ ընկերոջից կամ ընտանիքի անդամից, ովքեր այն ձեռք են բերել օրինական ճանապարհով: Դեղատոմսով տրվող թմրամիջոցների չարաշահումը լուրջ և ահանգնացող սպառնալիք է Հյուսիսային Ամերիկայի հանրային առողջապահության համար, որը համարվում է աշխարհում թմրամիջոցների պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջանը: ԹՎՄԽ զեկույցում նշվում է, որ դեղատոմսով տրվող թմրամիջոցների չարաշահման խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, եթե վերացվեն ավելորդ մատակարարման հիմքում ընկած պատճառները, ինչպես, օրինակ, միաժամանակ մեկից ավելի բժիշկների ծառայություններից օգտվելը, մասնագետների կողմից հարկ եղածից ավելի քանակությամբ նշանակումները և դեղատոմսերի տրամադրման ու հաշվառման անբավարար վերահսկողությունը:

Տարածաշրջանային միտումներ. «օրինական թմրամոլություն», կաննաբիսի վերաբերյալ օրենսդրությունը և թմրանյութերի ահագնացող խնդիրը Աֆղանստանում

Աննախադեպ քանակով և բազմազանությամբ նոր հոգեներգործուն նյութերը, որոնք հաճախ վաճառվում են որպես «լոգանքի աղեր», «օրինական խթանիչներ» և «պարարտանյութեր», լուրջ մարտահրավեր են ոչ միայն Եվրոպայում, այլև ահագնացող ծավալով՝ մյուս տարածաշրջաններում, ինչպես և զարգացող երկրներում: Այս ահագնացող միտումը մարտահրավերներ է նետում կանոնակարգող և իրավապահ մարմիններին: Ակնկալվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թմրամիջոցներից կախվածության հարցերով զբաղվող փորձագիտական կոմիտեն 2014 թ. հունիսին կայանալիք երեսունվեցերորդ հանդիպման ժամանակ կվերանայի ավելի քան քսան նոր հոգեմետ նյութեր:

Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը դեռևս շարունակում են կրել թմրանյութերի ապօրինի շրջանառության (թրաֆիքինգի) և թմրամիջոցների հետ կապված բռնությունների ազդեցությունը, իսկ մետամֆետամինի ապօրինի լայնածավալ արտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Տարածաշրջանը շարունակում է մնալ կարևոր տարանցիկ ճանապարհ Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա կոկաին տեղափոխելու համար: Ըստ հաշվումների՝ դեպի Միացյալ Նահանգներ ապօրինի կերպով շրջանառվող կոկաինի ողջ ծավալի ավելի քան 90 տոկոսը կոլումբիական ծագում ունի և տարանցվում է Մեքսիկայով ու Կենտրոնական Ամերիկայի միջանցքով:

Աֆրիկայի միջոցով օփիատային թմրամիջոցների թրաֆիքինգի ընդհանուր աճ է նկատվում: Արևելյան Աֆրիկայում հերոինի բռնագրավվման դեպքերի տասնակի ավելացումն այս տարածաշրջանը դարձնում է դեպի եվրոպական շուկաներ հերոինի թրաֆիքինգի ամենամեծ տարանցիկ ուղին Աֆրիկայում: Հերոինը ավելի ու ավելի մեծ ծավալներով է տարանցվում Արևմտյան Աֆրիկայով՝ նպատակաուղղված լինելով Եվրոպային: Հերոինի ապօրինի շրջանառությունն ուղղվում է նաև դեպի Հարավային Աֆրիկա: Աֆրիկայում հնարավոր է նաև կոկաինի շուկայի՝ պահանջարկով պայմանավորված ընդլայնում, չնայած կաննաբիսի չարաշահման ցուցանիշը դեռևս բարձր է` համաշխարհային միջին ցուցանիշի կրկնապատիկը:

Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ԱՄՆ Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում և Ուրուգվայում կաննաբիսի` որպես զվարճանքի միջոց օգտագործման օրինականացմանն ուղղված վերջին զարգացումները շարունակում են մտահոգության պատճառ լինել ԹՎՄԽ համար: ԹՎՄԽ նախագահ. «Այս խնդրի շուրջ իրենց հետագա քաղաքականությունները դիտարկելիս կառավարությունների առաջնային խնդիրը պետք է լինի բնակչության առողջության և բարեկեցության երկարաժամկետ ապահովումը»: ԹՎՄԽ-ն նշում է, որ նման օրենսդրությունը հակասում է 1961 թ. Կոնվենցիայի դրույթներին, որոնցով կաննաբիսի օգտագործումը թույլատրվում է բացառապես բժշկական և գիտական նպատակներով:

Հյուսիսային Ամերիկան թմրադեղերի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջանն է, որտեղ դեղատոմսով տրվող թմրամիջոցների չարաշահումը լուրջ և ահագնացող սպառնալիք է հանրային առողջապահության համար: Հարավային Ամերիկայում կոկաինի թփերի անօրինական մշակումը հասել է 1999 թ.-ից ի վեր ամենացածր մակարդակին: Մշակումը 2011 թ. մոտ 153.700 հա-ից նվազել է մինչև 133.700 հա՝ 2012 թ.-ին:

Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայում հերոինի արտադրությունն ու պահանջարկը շարունակում է լուրջ մտահոգության առարկա լինել ԹՎՄԽ խորհրդի համար: Միայն Չինաստանում, համաձայն հաղորդումների, 2012 թ. դրությամբ գրանցված էր օփիոիդային դեղամիջոցները չարաշահող մոտ 1,3 միլիոն մարդ: Չինաստանում պահանջարկի այսօրինակ աճը կարող է հանգեցնել այս տարածաշրջանի այլ հատվածներում հերոինի արտադրության պահանջարկի մեծացման:

Աֆղանստանում թմրանյութերի խնդիրը աղետալի չափերի է հասնում. ափիոնային կակաչի անօրինական աճեցման ռեկորդային ցուցանիշ գրանցվեց 2013 թ.՝ 209,000 հեկտար, ինչը 30%-ով ավելի է 2012 թ. 154,000 հեկտարից: Աֆղանստանը շարունակում է մնալ հերոինի անօրինական արտադրության կենտրոնը, իսկ այդ երկրի կարևորությունը համաշխարհային շուկայում` որպես կանեփի խեժի աղբյուր, գնալով աճում է: Այս իրավիճակը լրջորեն վտանգում է թմրադեղերի վերահսկման միջազգային դաշնագրերի նպատակների իրականացումը՝ նշվում է ԹՎՄԽ զեկույցում: Խորհուրդը միջազգային համագործակցության կոչ է անում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և ընդգծում է, որ ափիոնային կակաչի ապօրինի արտադրությունը հնարավոր է վերացնել միայն համապատասխան օրենքները հարգելու և իրականացնելու պարագայում, եթե միաժամանակ կենսամիջոցների ապահովման կայուն այլընտրանքներ ապահովվեն համապատասխան տարածքների բնակչության համար:

Եվրոպայում կաննաբիսի ապօրինի մշակումը ինչպես առանձին տներում, այնպես էլ ավելի մեծ պլանտացիաներում աճում է, և որոշ երկրներում դրան նպաստում է սերմերի ու սարքավորումների վաճառքը համացանցի միջոցով: Կաննաբիսի լայնածավալ ապօրինի արտադրությունը հիմնականում իրականացվում է կազմակերպված հանցավոր խմբերի կողմից, սակայն որոշ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, շարժ է նկատվում նաև կաննաբիսի ապօրինի արտադրության բազմաքանակ փոքր արտադրամասերի ստեղծման ուղղությամբ: Կաննաբիսը նաև առավել հաճախ հիշատակվող չարաշահվող թմրամիջոցներից է այն մարդկանց շրջանում, որոնք առաջին անգամ ընդունվել են բուժման Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում: Նոր հոգեմետ նյութերը թմրանյութերի ոլորտում ի հայտ եկող երևույթ են Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում, որտեղ դրանք վերջերս սկսել են ազդեցություն ունենալ: Չնայած այդ նյութերը գլխավորապես փոխադրվում են Ասիայից՝ Եվրոպայում վերամշակման, փաթեթավորման և տարածման նպատակներով, այնուամենայնիվ Եվրոպայում նույնպես նկատվում են արտադրության սակավաթիվ դեպքեր: Բալկանները շարունակում են թմրանյութերի թրաֆիքինգի առավել օգտագործվող ուղին հանդիսանալ ենթատարածաշրջանում, չնայած անցյալ տարի հերոինի թրաֆիքինգի ծավալը նվազել է: Դեպի Եվրոպա կոկաինի թրաֆիքինգի ուղիները բազմազանեցված են` դրանցից որոշներն անցնում են Բալթյան երկրներով կամ բալկանյան ճանապարհով, իսկ վերջերս ավելանում է թրաֆիքինգը Սև ծովի նավահանգիստների միջոցով:

Օվկիանիան միակ տարածաշրջանն է, որտեղ, հիմնականում՝ Ավստրալիայում, թմրադեղերի բոլոր հիմնական տեսակների (ամֆետամին տեսակի խթանիչներ, կաննաբիս, օփիատային թմրամիջոցներ և կոկաին), բռնագրավման դեպքերը վերջերս շատացել են:

Առանց քիմիական նյութերի թմրամիջոցներ չեն լինի. ԹՎՄԽ պրեկուրսորների վերաբերյալ զեկույցն արձանագրում է հաջողություն միջազգային վերահսկման ասպարեզում ևմատնանաշում մատակարարման նոր աղբյուրների հարցում առկա մարտահրավերները
ԹՎՄԽ-ն ահազանգում է՝ թմրանյութերի ապօրինի արտադրության մեջ հաճախ օգտագործվող քիմիական պրեկուրսորների վերահասցեագրման ծավալների նվազեցման հարցում հաջողությունը, որի արդյունքում միջազգային առևտրի փոխարեն այժմ առկա են աննշան դրսևորումներ, նշանակում է, որ ազգային մակարդակում հսկողության բացերը ավելի ու ավելի են շահագործվում հանցավոր կազմակերպությունների կողմից՝ կախվածություն առաջացնող թմրամիջոցների ապօրինի արտադրության համար իրենց անհրաժեշտ քիմիական նյութերի մատակարարումից օգտվելու հնարավորություն ունենալու նպատակով: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվողները նաև օգտվում են չվերահսկվող քիմիական նյութերի հնարավոր մեծածավալ պաշարներից, որոնք հաճախ ստեղծվում են հատուկ և պատվերով, միջազգային վերահսկողության արդյունավետությունը շրջանցելու նպատակով: ԹՎՄԽ պրեկուրսորների վերաբերյալ զեկույցը մատնանշում է քիմիական պրեկուրսորների ապօրինի շրջանառության ակնառու միտումները և գործնական միջոցները, որ կառավարությունները պետք է ձեռնարկեն, որպեսզի հանցավոր կազմակերպությունները հնարավորություն չունենան ձեռք բերել կախվածություն առաջացնող թմրամիջոցների արտադրության համար անհրաժեշտ քիմիական նյութեր:

Հավելյալ տեղեկության համար այցելել`http://www.unis.unvienna.org/unis/en/events/2014/incb_2014.html

More information is available at: http://www.unis.unvienna.org/unis/en/events/2014/incb_2014.html - See more at: http://www.un.am/en/News/1378#sthash.u8QAIQks.dpuf
 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ