ԼՈՒՐԵՐ

2014-03-25 | Լուրեր
ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանին կանխարգելելու վնասատուների և հիվանդությունների տարածումը

Այսօր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով, որի նպատակն էր բարելավել վերջերս տարածված վնասատուների` լոլիկի և կարտոֆիլի ցեցերի դեմ համակցված պայքարի աշխատանքները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ պրն. Գառնիկ Պետրոսյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը: ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը նույնպես ողջունեց մասնակիցներին, շեշտելով Հայաստանում վնասատուների դեմ համակցված պայքարի համակարգի մշակման կարևորությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Գյուղատնտեսության աջակցության կենտրոնների, ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ, ֆերմերներ, որոնք ներկայացրեցին նոր օտարածին և սովորական վնասատուների դեմ պայքարի և մոնիթորինգի միջոցառումները:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանում կարտոֆիլի ցեցի դեմ համակցված պայքարի համակարգի մշակում» ՊԳԿ ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է վնասատուների դեմ պայքարի արդյունավետ համակարգի մշակման միջոցով նվազեցնել մշակաբույսերի կորուստները: Ծրագրի շրջանակներում կհրապարակվեն վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ մի շարք տեղեկատվական թերթիկներ, որոնք հասանելի կլինեն ֆերմերներին և խորհրդատվական ծառայություններ մատուցողներին:

Աշխատաժողովին կհաջորդի լոլիկի և կարտոֆիլի ցեցերի նույնականացման, մոնիթորինգի, վաղ կանխարգելման և պայքարի վերաբերյալ ուսուցողական դասընթացը, որը կկազմակերպվի 2014թ. մայիսին:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ