ԼՈՒՐԵՐ

2014-04-01 | Լուրեր
ՊԳԿ Գլխավոր տնօրենի խմբագրական հոդվածը` «Ինչպիսի՜ վատնում»

Որքա՞ն հաճախ եք սուպերմարկետ գնացել եւ փնտրել ցուցադրված ամենագեղեցիկ խնձորները կամ բանանները: Գեղեցիկ տեսք ունեցող մրգին տրվող մեր բնական նախապատվությունը նշանակում է, որ ընդամենն աննշան թերություն ունեցող միրգն ու բանջարեղենը տոննաներով թափվում է:

Սպառողների կամ մատակարար խանութների եւ ռեստորանների կողմից թափվող սնունդը խնդրի միայն մի կողմն է, թերեւս:

Ցածր եկամուտ ունեցող երկրներում սպառողների վատնած պարենամթերքն այնքան էլ մեծ խնդիր չէ, սակայն սննդի արժեշղթայի սկզբնական օղակներում սննդի հսկայական ծավալներ են կորչում: Պարենի կորուստները`ագարակներում, վերամշակման, տեղափոխման, պահեստավորման փուլերում, ինչպես նաեւ շուկաներում, խարխլում են պարենային ապահովության հիմքերը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բազմաթիվ վայրերում: Զարգացող երկրներում հետբերքահավաքային կորուստները կարող են հասնել արտադրության մինչև 60 տոկոսի:

Եվրոպայում պարենային ողջ շղթայի ընթացքում մեկ շնչի հաշվով կորչող ու թափվող սննդի ընդհանուր ծավալը տարեկան կազմում է 280-300 կգ:

Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում պարենային թափոնները եւ կորուստները հասնում են 1.3 միլիարդ տոննայի: Դա կազմում է պարենամթերքի համաշխարհային տարեկան արտադրության մեկ երրորդը : Արդյո՞ք սա ընդունելի է, երբ աշխարհում 842 միլիոն մարդ ապրում է քաղցի, թերսնման եւ սննդի անապահովության պայմաններում:

Ապագայում, երբ 2050թ. աշխարհի բնակչության թիվը հասնի 9 միլիարդի, սննդի պահանջը շարունակելու է աճել: Եթե կարողանայինք ընդամենը կիսով չափ նվազեցնել պարենի կորուստը եւ վատնումը, 2050թ. աշխարհի բնակչությանը կերակրելու համար անհրաժեշտ պարենամթերքը պետք կլիներ ավելացնել ընդամենը 25, այլ ոչ թե ներկա գնահատականներով պահանջվող 60 տոկոսով:

Պարենային կորուստներն ու թափոնները նաեւ ահռելի վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Երբ սնունդը կորչում է կամ դեն նետվում, կորչում են նաեւ դրա պատրաստման համար ծախսված էներգիան, հողային եւ ջրային ռեսուրսները: Տարեկան 3.3 գիգատոննա ջերմոցային գազեր են արտանետվում այդպես էլ չօգտագործվող սննդի արտադրման համար:

Տնտեսական առումով կարելի է ասել հետեւյալը. սննդի կորստի տարեկան ընդհանուր արժեքն արտադրողի գների հաշվարկով  750 միլիարդ ԱՄՆ դոլար է կազմում: Եթե դիտարկենք սա մանրածախ գների եւ բնապահպանական ծախսերի տեսանկյունից, ապա այդ թիվը շատ ավելի մեծ կլինի:

Ցանկացած տեսանկյունից` բարոյագիտական, տնտեսական, բնապահպանական, կամ մարդկանց սննդի անվտանգության առումով, մենք պարզապես չենք կարող հանդուրժել, որ արտադրված ամբողջ պարենի մեկ երրորդն ամեն տարի դեն նետվի:

Ահա թե ինչու պարենային կորուստների եւ թափոնների զրոյացումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի «Զրոյական քաղց» ծրագրի հինգ տարրերից մեկն է: Մենք համատեղ աշխատում ենք ՄԱԿ-ի համակարգում, ինչպես նաեւ այլ գործընկերների լայն շրջանակի հետ, որպեսզի լուծում տանք մեր պարենային համակարգերում առկա այս եւ այլ հիմնախնդիրներին:

Ապրիլի 3-ին Բուխարեստում կայանալիք հանդիպման ընթացքում Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարարներն ուղղակիորեն կզբաղվեն այս խնդրով: Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենային կորուստներին եւ թափոններին նվիրված նախարարների կլոր սեղանը երկու տարին մեկ կազմակերպվող եւ այս տարի Ռումինիայում անցկացվող  ՊԳԿ Եվրոպայի տարածաշրջանային համաժողովի առանցքային կետերից է լինելու:

Սպառողների վարքագծի կարեւորության հետ մեկտեղ սննդի կորուստը եւ վատնումը պետք է դիտարկել որպես համընդհանուր քաղաքականության, այլ ոչ թե կենսակերպի ընտրության խնդիր:

Պարենային կորուստների եւ թափոնների խնդիրն այնքան մեծածավալ է ու բարդ, որ անհրաժեշտ է ներգրավել սննդի արժեշղթայի բոլոր մասնակիցներին: Խիստ անհրաժեշտ են մասնավոր հատվածի ներդրումները պարենամթերքի տեղափոխման, պահեստավորման եւ շուկայական ենթակառուցվածքներում, հարկավոր է նաեւ վերապատրաստման ծրագրեր իրականացնել ֆերմերների շրջանում` նրանց հաջող փորձին ծանոթացնելու նպատակով: Հանրային ոլորտը կարող է ստանձնել հետազոտական աշխատանքների, մեթոդաբանությունների մշակման գործը, ինչպես նաեւ այնպիսի քաղաքականություններ որդեգրել, որոնք կխթանեն մասնավոր հատվածի` կորուստների եւ թափոնների նվազեցմանն ուղղված ներդրումները:

Ի՞նչ կարող են անել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կառավարությունները փոփոխություններին աջակցելու ուղղությամբ:

Աշխարհի այս հատվածում գերիշխում են տարանջատված փոքրածավալ   արտադրողները: Այս արտադրողները հաճախ անկարող են ներդրումներ կատարել սննդի շղթայի նոր տեխնոլոգիաների բնագավառում, ինչը թույլ կտար նվազեցնել արտադրանքի փչացումը եւ կորուստները: Փոքր ագարակների համար եւս մեկ խնդիր է  շուկաների հասանելիության հարցը:

Կառավարությունները պետք է մտածեն արտադրողների կազմակերպությունների ձեւավորմանը կամ զարգացմանը նպաստող քաղաքականությունների եւ աջակցության ծրագրերի ներմուծման ուղղությամբ: Այդպիսի համագործակցությունը փոքր արտադրողներին հնարավորություն կտար մեծացնել արտադրանքի ծավալները եւ ուղղակիորեն կապ հաստատել վերամշակողների կամ մանրածախ առեւտրով զբաղվողների հետ, կամ նախնական սառեցման եւ պահեստավորման համատեղ կարողություն զարգացնել: Այն իր հերթին,  կնվազեցներ բերքահավաքից անմիջապես հետո փչացման պատճառով առաջացող կորուստների եւ թափոնների ահռելի ծավալները, բացի այդ, նաեւ կերկարացներ թարմ արտադրանքի պահպանման ժամկետը` նպաստելով սպառողների կողմից թափվող սննդի քանակների պակասեցմանը :

Կառավարությունները կարող են նաեւ կատալիզատորի դեր խաղալ` պարենային կորուստների եւ թափոնների վերաբերյալ երկխոսություն նախաձեռնելով՝ գյուղատնտեսական սննդի որոշակի շղթաների (օրինակ` արմատապտուղներ եւ պալարապտուղներ, միրգ և բանջարեղեն, հացահատիկ) հիմնական բոլոր դերակատարների ներգրավմամբ: Սա կբարելավի համակարգումն ու գործընկերությունը, ինչպես նաեւ ոլորտի լավագույն փորձը ցուցադրելու հնարավորություն կընձեռի:

Պարենային կորուստներից զատ, սննդի թափոնները հիմնականում սպառողների եւ մանրածախ վաճառողների վարքագծի եւ ընտրության հետեւանք են: Հանրային իրազեկման բարձրացման քարոզարշավների միջոցով կառավարությունը հնարավորություն ունի նպաստել այն մոտեցման փոփոխությանը, իբր սնունդը դեն նետելն ավելի էժան կամ հարմար է, քան պարենային թափոններն օգտագործելը, կրկին օգտագործելը կամ կանխելը:

Ես կոչ եմ անում բոլորին` կառավարության անդամներից մինչեւ ֆերմերներ, սննդի մանրածախ վաճառողներին եւ ընտանեկան գնումներով զբաղվող մարդկանց` քննել սեփական համոզմունքներն ու գործելակերպը սննդին առնչվող հարցերում:

Պետք է վերջ դնել սննդարար միջոցների եւ ռեսուրսների նմանօրինակ մսխմանը:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ