ԼՈՒՐԵՐ

2014-04-07 | Լուրեր
«Փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների կանխարգելում «Փոքր խայթոց` մեծ վտանգ»

2014թ.-ի ապրիլի 7-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Առողջության համաշխարհային օրվան, որը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին: Ասուլիսը կազմակերպել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը` ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Այս տարի Առողջության համաշխարհային օրը նվիրված է «փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, և օրվա կարգախոսն է` «Փոքր խայթոց` մեծ վտանգ»:

Մալարիան, դենգե տենդը, լեյշմանիոզը, Լայմի հիվանդությունը, շիստոսոմոզն ու դեղին տենդը, որոնք փոխանցվում են մոծակների, ճանճերի, տզերի, ջրային խխունջների և այլ փոխանցողների միջոցով, սպառնում են երկրագնդի բնակչության ավելի քան կեսին:

Այս տարի ապրիլի 7-ին` Առողջության համաշխարհային օրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շեշտադրում է «փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների հետ կապված լուրջ և հետզհետե աճող վտանգը` որդեգրելով «Փոքր խայթոց` մեծ վտանգ» կարգախոսը: ԱՀԿ-ն նաև ընդգծում է այն փաստը, որ նշված բոլոր հիվանդությունները հնարավոր է կանխել: Վերջերս հրապարակված «Փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների գլոբալ ակնարկը ուրվագծում է այն քայլերը, որոնք կարող են իրականցնել կառավարությունները, համայնքները և ընտանիքները` բնակչությանը նման վարակներից պաշտպանելու համար:

«Ժամանակը չէ թուլացնել մեր զգոնությունը, քանի որ կա հստակ ահազանգ, որ եվրոպական տարածաշրջանում փոխանցողների միջոցով տարածվող վարակիչ հիվանդությունների թիվը կարող է աճել», նշել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն ԺուԺաննա Ջակաբը: 

«Փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդություններով տառապում են երկրագնդի բնակչության առավել աղքատ խմբերը` մասնավորապես նրանք, ովքեր զրկված են պատշաճ կացարանային և սանիտարական պայմաններից, և ովքեր չեն կարող մաքուր խմելու ջրից օգտվել: Հատկապես ընկալունակ են թերսնված և թուլացած իմունային համակարգ ունեցող անձինք:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդություններ կրկին գլուխ են բարձրացրել և նախկինից ավելի լայն տարածում են ստացել` աշխարհագրական նոր շրջաններ գրավելով: Շրջակա միջավայրի փոփոխությունները, միջազգային առևտրի և ուղևորափոխադրումների ծավալի հսկայական աճը, գյուղատնտեսական նոր գործելակերպերը և մեծ թափ ստացող չնախատեսված ուրբանիզացիան նպաստում են ամբողջ աշխարհում բազմաթիվ փոխանցողների քանակի և տարածվածության աճին` վտանգի ենթարկելով բնակչության նոր խմբերի, մասնավորապես, զբոսաշրջիկներին և գործուղման մեկնողներին:  

2014թ.-ի Առողջության համաշխարհային օրը ԱՀԿ-ն կոչ է անում ջանքերը կենտրոնացնել փոխանցողների դեմ պայքարի, ինչպես նաև մաքուր խմելու ջրի ու պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման միջոցառումների վրա:  Այսօրվա մամլո ասուլիսի նպատակն էր այդ կոչը հասցնել հասարակության լայն խմբերին: 
Ինչպես նշեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, «Քարոզարշավի հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը փոխանցողների և տարափոխիկ հիվանդությունների հետ կապված վտանգների վերաբերյալ, ինչպես նաև հասարակությանը, համայնքներին ու ընտանիքներին խրախուսել միջոցներ ձեռնարկել այդ վտանգներից պաշտպանվելու համար»:

Այս տարվա Առողջության համաշխարհային օրվա վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.who.int/world-health-day կայքը:

Առողջության համաշխարհային օրվա մասին
Առողջության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին և նվիրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրման (1948թ.) տարեդարձին: Յուրաքանչյուր տարի այս օրը նվիրվում է հանրային առողջապահության գերակա խնդիրներից որևէ մեկին:

 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ