ԼՈՒՐԵՐ

2014-04-16 | Լուրեր
Բրուցելյոզի կառավարման արդիական խնդիրները Հայաստանում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատաժողով «Բրուցելյոզի կառավարման ռազմավարություն և գործողությունների պլան» թեմայով:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC/Շվեյցարիա) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության (ՌԶԳ) շուրջ 30 բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև ՊԳԿ միջազգային և ազգային փորձագետներ: Բացման խոսքով ելույթ ունեցան Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ՊԳԿ ծրագրի տեխնիկական ղեկավար Անդրեյ Ռոստալնին և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը: ՊԳԿ միջազգային և ազգային փորձագետները ներկայացրեցին Եվրոպական Միության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության բրուցելյոզի կանխարգելման և կառավարման ստանդարտները, բրուցելյոզի կառավարման տարբեր ռազմավարությունները, Եվրոպական Միության երկների բրուցելյոզի դեմ պայքարի փորձը, իչպես նաև ներկայացրեցին առաջարկներ Հայաստանում կենդանիների շրջանում բրուցելյոզի կառավարման և վերացման բազմամյա ռազմավարության վերաբերյալ:

Երևանյան աշխատաժողովից հետո, ապրիլի 17-ին կկազմակերպվի տարածաշրջանային աշխատաժողով` համայնքային անասնաբույժերի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի մասնագետների համար: Տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն բրուցելյոզի կառավարման համաճարակաբանական հիմունքները,  բրուցելյոզի պատվաստանյութերի առանձնահատկությունները, պատվաստումների կազմակերպման տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները:

«Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել անասնաբուժական ծառայությունների հանրային ոլորտը՝ նպաստելով Հայաստանում սննդի անվտանգության համակարգի և գյուղատնտեսության կայուն զարգացման բարելավմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից և իրականացվում ՊԳԿ-ի և ՌԶԳ-ի կողմից:  Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 724 324 ԱՄՆ դոլար: Ծրագրի անմիջական շահառուներն են ֆերմերներն ու Սյունիքի մարզի գյուղական համայնքների բնակչությունը: Ծրագրի ազդեցությունը սոցիալական մակարդակում կլինի գյուղի բնակչության հանրային առողջության բարելավված ստանդարտները և եկամուտների աճը:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ