ԼՈՒՐԵՐ

2014-04-23 | Լուրեր
ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ուղերձը Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա առթիվ

Գրավոր խոսքի պատմությունը մարդկության պատմությունն է: Գրքերի ուժն անգերազանցելի է ինքնաարտահայտման հնարավորությունների մեծացման և հասարակական փոփոխությունների առաջացման հարցում: Լինելով մեծապես անձնական, բայց, միևնույն ժամանակ, խորապես հասարակական երևույթ` գրքերը անհատների միջև, համայնքներում և ժամանակի միջով երկխոսության լայնընդգրկուն հնարավորություններ են ապահովում:

Ինչպես ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ նշեց պակիստանցի դպրոցական աղջիկը` Մալալա Յուսաֆզային, ով դպրոց հաճախելու համար հրազենից վիրավորվել էր թալիբների կողմից՝ «եկեք վերցնենք մեր գրքերն ու գրիչները. դրանք մեր ամենահզոր զենքերն են»:

Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է բոլոր կանանց և տղամարդկանց, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր գրում և հրատարակում են գրքեր, միավորվել գրքերի շուրջը: Սա այն օրն է, երբ պետք է մեծարենք գրքերը՝ իբրև մարդկության ստեղծարարության և գաղափարներ ու գիտելիք փոխանցելու, փոխըմբռնում ու հանդուրժողականություն սերմանելու ձգտման մարմնացում:

Գրքերն ապահովագրված չեն աշխարհում կատարվող փոփոխություններից, որոնք դրսևորվում են թվային ձևաչափերի ստեղծման և գիտելիքի ազատ փոխանցմանն անցման միջոցով: Սա նշանակում է անորոշության մեծացում, բայց նաև նոր հնարավորություն, այդ թվում նաև՝ հրատարակչության աշխարհում նորարարական գործարար մոդելների ներդրման համար: Փոփոխությունը սուր հարցեր է բարձրացնում թվային այս դարաշրջանում գրքի սահմանման և հեղինակային իրավունքի նշանակության վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրքերի թվայնացման և հեղինակային իրավունքների վերաբերյալ նոր քննարկումներում առաջատար դիրք է գրավում:

Պայքարելով հեղինակային իրավունքների և ազատ հասանելիության համար` ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես է գալիս ստեղծարարության, բազմազանության և գիտելիքի հավասար հասանելիության պաշտպանության դիրքերից: Մեր գործուներությունը համընդգրկուն է` սկսած «Գրականության ստեղծարար քաղաքներ» ցանցից մինչև գրագիտության ու շարժական սարքավորումների օգնությամբ ուսուցման խթանում և գիտական գիտելիքից ու կրթական ռեսուրսներից ազատորեն օգտվելու հնարավորության ընդլայնում: Օրինակ` համագործակցելով «Nokia» և «Worldreader» ընկերությունների հետ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է շարժական տեխնոլոգիաները կիրառել ի աջակցություն գրագիտության զարգացման: Այս նպատակով ապրիլի 23-ին մենք կթողարկենք երկու նոր հրատարակություն` «Ընթերցանությունը շարժական տեխնոլոգիաների դարաշրջանում և «Ընթերցանություն առանց գրքերի»:

Նմանապես, Նիգերիայի Պորտ Հարկորտ քաղաքը հռչակվել է 2014 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի որակը, մասնավորապես՝ երիտասարդներին ուշադրության առանցքում պահելը և այն ազդեցությունը, որ այն կունենա գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով Նիգերիայում գրքերի, ընթերցանության, գրելու և հրատարակության մշակույթի բարելավման վրա: Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը մեկնարկող այս նախաձեռնությանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, Գրքավաճառների միջազգային ֆեդերացիայի ու Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի հետ մեկտեղ:

Այս ամենով հանդերձ, մեր նպատակը հստակ է` խրախուսել հեղինակներին ու մշակույթի գործիչներին և ապահովել, որ ավելի շատ կանայք ու տղամարդիկ օգտվեն գրագիտությունից և մատչելի ձևաչափերից, քանի որ գրքերը աղքատության հաղթահարման ու խաղաղության կառուցման մեր ամենահզոր զենքն են:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ