ԼՈՒՐԵՐ

2014-04-26 | Լուրեր
«Ընտանիքի ընկեր» ծրագրի մեկնարկը

2014թ.-ի ապրիլի 26-ին մեկնարկեց «Ընտանիքի ընկեր» ծրագիրը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը շնորհիվ ԱՄՆ - ի ֆինանսական աջակցության: Ծրագիրն իրականացնում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, և այն նպատակ ունի աջակցելու Սիրիայում հակամարտության պատճառով տեղահանված 45 ընտանիքների` անմիջական և ընկերական հարաբերություններ հաստատելով նրանց և տեղացի հայ ընտանիքների միջև։

Ծրագրի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում: Զարինե Հարությունյանը, հիմնադրամի ծրագրի պատասխանատուն, բացատրեց. «Հյուրընկալող ընտանիքները կապ կհաստատեն տեղահանված ընտանիքների հետ, և քաջատեղյակ լինելով երկրի և հասարակության առանձնահատկություններին, կուղղորդեն և կաջակցեն նոր ժամանած ընտանիքներին գործնական խորհուրդներով և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ: Ընտանիքները նաև միմյանց հետ ազատ ժամանակ կանցկանցնեն, միասին կայցելեն մշակութային և տեսարժան վայրեր»:

«Ծրագիրը մի կողմից մեծ հնարավորություն ունի նպաստելու տեղացի հայերի և Սիրիայում հակամարտության պատճառով տեղահանված ընտանիքների միջև միջմշակութային երկխոսության ամրապնդման, մյուս կողմից մեր երկրում փոխօգնության մշակույթի զարգացման», - ընդգծեց «ԿԱԶԱ» հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը։

Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի Ներկայացուցիչ, պարոն Քրիստոֆ Բիերվիրթը նշեց. «Տեղահանված բնակչության պաշտպանությունը և նրանց ինտեգրումը բարդ և բազմակողմանի գործընթաց է։ Համապատասխան կարգավիճակի և փաստաթղթերի, կացարանի, աշխատանքի հնարավարությունների տրամադրումը և շատ այլ գործընթացներն իհարկե կարեւոր են, սակայն յուրաքանչյուր փախստականի համար առավել կարեւոր է տվյալ երկրում տրամադրված ապաստանը դարձնել իրենց համար հարազատ տուն»:

«Հակամարտության պատճառով իրենց հարազատներին և սիրելիներին լքած մարդկանց համար շատ կարեւոր է ընդունված զգալ, նոր միջավայրին հարմարվելու համար օգնության հնարավորություն կամ խորհրդատվական աջակցություն գտնել, որը սակայն հնարավոր չէ իրականացնել տեղեկատվական գրքույկների կամ ֆորմալ դասընթացների միջոցով։ «Ընտանիքի ընկեր» ծրագրի նպատակը հենց այդ աջակցության տրամադրումն է», - ասաց պարոն Բիերվիրթը։

ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «ԿԱԶԱ» հիմնադրամի կամավորներին իրենց ներգրավվածության համար և ավելացրեց, որ ծրագիրը միայն մեկ նպատակի չէ ուղղված: «Փախստականները և այլ տեղահանված անձինք իրենց հետ Հայաստան են բերել հարուստ փորձ, գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել հյուրընկալող համայնքներին և ընտանիքներին և  մեծապես նպաստել դրանց զարգացմանը:  Այս ներուժը պետք է անպայմանորեն օգտագործել»,­- ընդգծեց  ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար պարոն Բիերվիրթը։ Նա ծրագրի բոլոր մասնակիցներին մաղթեց արդյունավետ ընթացք, նորանոր ձեռքբերումներ և զարգացող բարեկամություն:

 

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1997թ-ից ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման:  Ներկայումս գործունեություն է ծավալում մարդասիրական, կրթական, կայուն զբոսաշրջության զարգացման և գյուղատնտեսության ոլորտներում:

 

ՄԱԿ ՓԳՀՄիավորված Ազգերի փախստականների գործակալություն է:  Ավելի քան վեց տասնամյակ գործակալությունն աջակցում է տասնյակ միլիոնավոր փախստականների եւ այլ տեղահանված անձանց վերստին սկսել իրենց կյանքը: Այսօր ՄԱԿ ՓԳՀ - ն շարունակում է օգնել շուրջ 33.9 մլն մարդկանց ավելի քան 125 երկրներում: Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը ուղղված է երկրում փախստականների պաշտպանության համակարգի զարգացմանը, ինչպես նաև Սիրիայում հակամարտության պատճառով տեղահանված  և Հայաստանում պաշտպանություն հայցող մոտ 11,000  անձանց հումանիտար կարիքների, պաշտպանությանը և ինտեգրացիային օժանդակելուն:  

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ