ԼՈՒՐԵՐ

2014-04-25 | Լուրեր
ՄԱԿ-ի գրասենյակն ու գործընկերներն ամփոփում են «Մտավոր սեփականության իրավունքները և կեղծ ապրանքների վտանգները» թեմայով մրցույթի արդյունքները

Այսօր՝ Մտավոր սեփականության համաշխարհային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ամփոփվեցին «Մտավոր սեփականության իրավունքները և կեղծ ապրանքների վտանգները» թեմայով ուսուցիչների վերապատրաստման և դպրոցականների շրջանում անցկացված մրցույթի արդյունքները։ Երևանի 25 դպրոցների 50 ուսուցիչներ և աշակերտներ ստացան հավաստագրեր և պարգևներ: Վերապատրաստումն ու դպրոցական մրցույթը կազմակերպել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը՝ Երևանի քաղաքապետարանի և Ապրանքային նշանների իրավատերերի միության հետ համատեղ:

Նախագծի մեկնարկը տրվեց սույն թվականի ապրիլի 1-ին, երբ 25 դպրոցների հասարակագիտության և պատմության ուսուցիչներ մասնակցեցին ՄԱԿ-ի գրասենյակում անցկացված վերապատրաստմանը, որը վարեց Մտավոր սեփականության իրավունքի փորձագետ Մարինե Ֆիդանյանը: Դասընթացի ընթացքում ելույթ ունեցավ և իր փորձառությունը ուսուցիչներին փոխանցեց Ապրանքային նշանների իրավատերերի միության նախագահ Արարատ Գալոյանը: Հաջորդող 20 օրերի ընթացքում ուսուցիչներն առանձին դասաժամերի միջոցով ստացած գիտելիքները փոխանցեցին իրենց աշակերտներին: Մարինե Ֆիդանյանի և Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես մշակված հարցաշարի միջոցով ամփոփվեց դասընթացի արդյունավետությունը, և յուրաքանչյուր դպրոցից հաղթող ճանաչվեց մեկ աշակերտ։

Հաղթողներն ու մասնակից ուսուցիչները ՄԱԿ-ի գրասենյակում մասնակցեցին պարգևատրման արարողության, որի ընթացքում նրանց ողջունեցին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Մտավոր սեփականության իրավունքի փորձագետ Մարինե Ֆիդանյանը։ Նվերները տրամադրել էին «Մանմար» հրատարակչությունը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկավության վարչության երևանյան գրասենյակը: Միջոցառման ավարտին ուսուցիչներն ու աշակերտները բարձր գնահատեցին նախագծում ներդրված ջանքերը և ևս մեկ անգամ հավաստեցին իրենց պատրաստակամությունը՝ ապագայում ևս հետևողականորեն կիրառել ձեռք բերված գիտելիքները:

2000 թ. սկսած ապրիլի 26-ը ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից նշվում է որպես Մտավոր սեփականության համաշխարհային օր։ Կազմակերպության անդամ երկրներն իրականացնում են այս օրվա հետ կապված տարբեր միջոցառումներ։ Հայաստանը ՄՍՀԿ-ին անդամակցում է 1993 թվականից և կատարում պայմանագրային իր բոլոր պարտավորությունները։

 

Միջոցառման նկարները կարող եք դիտել այստեղ:

Հայաստանում ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ՝ http://www.un.am/am/UNDPI

ՄԱԿ-ը Հայաստանում՝ www.un.am

Ընդհանուր տեղեկություն ՄԱԿ-ի մասին՝ www.un.org

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ