ԼՈՒՐԵՐ

2014-09-24 | Լուրեր
Բաց տվյալների թեմայով առաջին քննարկումը ՄԱԿ-ի գրասենյակում

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիան, ՄԱԶԾ նորարար գործողությունների «Shift» շաբաթվա շրջանակներում, ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպել էր հանդիպում-քննարկում բաց տվյալների թեմայով: Սա բաց տվյալների մասին Երեւանում կայացած առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էին միջազգային և տեղական խոսնակներ, ինչպես նաև հյուրեր կառավարությունից, նորարար գաղափարներ իրականացնող հանրույթից, տեխնոլոգիական ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Իբրև նորարար-փորձարարական հարթակ՝ «Կոլբա լաբը» միջազգային խոսնակների մասնակցությունն ապահովել էր Google համակարգի ծառայությունների, մասնավորապես՝ տեսազանգի (Google hangout) միջոցով, իսկ բոլոր ցանկացողները հանդիպմանը կարող էին հետևել ուղիղ առցանց հեռարձակման շնորհիվ:

Քննարկման մեկնարկին գիտատեխնոլոգիական «Waag Society» ինստիտուտի հետազոտությունների գծով տնօրեն Ֆրանկ Կրեսինը ներկայացրեց «Smart Citizen Kit» («Ուշիմ քաղաքացու գործիք») համակարգը՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի հարթակ, որն օգտագործում է օգտատերերից ստացված տեղեկությունները: Նախագիծը հիմնված է գեոլոկացիոն համակարգի, համացանցի և ծրագրային ու տեխնիկական հասանելի միջոցների վրա, որոնք թույլ են տալիս հավաքագրել և փոխանցել տվյալներ: Օգտատերերը կարող են հարթակում գրանցել օդի աղտոտվածության, աղմուկի, ջերմաստիճանի, խոնավության ու այլ տվյալներ, ինչպես նաև համեմատել դրանք այլ քաղաքների տվյալների հետ:

Հաջորդ խոսնակը՝ Սամվել Մարտիրոսյանը, որի ներկայացրած թեման բաց տվյալների օգտագործումն էր Հայաստանում, նշեց, որ համացանցում հասանելի բաց տվյալների բազան հիմնականում օգտագործվում է լրագրողների կողմից՝ հետաքննական նյութեր պատրաստելիս, մինչդեռ բավարար չափով չի կիրառվում քաղաքացիական մոնիթորինգի կամ վերահսկողական գործառույթի իրականացման գործընթացներում: Ներկայացնելով բազմաթիվ հարթակներ, որոնք բաց և հասանելի են դարձնում տվյալները, Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Հայաստանում գլխավոր խնդիրը տվյալների հասանելիությունը չէ, այլ այն, որ ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչպես կարելի է օգտագործել այդ տվյալները:

Մարդկանց կողմից բաց տվյալների ընկալման ու դրանց գործնական կիրառելիության վերաբերյալ համանման միտք արտահայտեց նաև Կոսովոյում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորարարության լաբորատորիայի ղեկավար Ռոն Սելեջը: «Քաղաքացիների մասնակցության գործընթացի համար ամենակարևորը հաքերային մտածելակերպ ունենալն է: Կարծում եմ՝ այս ամենի հիմքում մարդու միջամտությունն է, իսկ տեխնոլոգիաների ու տվյալների մասնաբաժինը ընդամենը 10% է»,- նշեց Սելաջը՝ խոսելով  տվյալների հավաքման և փոխանցման հարցում քաղաքացիների մասնակցության նախագծերի մասին:

Ներկայացնելով բաց տվյալների հետ կապված իրավիճակն աշխարհում և Հայաստանում՝ խոսնակները եւ լսարանը միաժամանակ համաձայնեցին, որ բաց տվյալների առկայությունը բավականին զգայուն հարց է՝ անձնական տվյալները լայն հանրության համար հասանելի դարձնելու առումով: Դրանով հանդերձ, քանի որ բաց տվյալների հարթակներից շատերը ներկայացնում են քրաուդսորսինգի (crowdsourcing) միջոցով  հավաքված տեղեկություններ, շատ կարևոր է ստուգել դրանց հավաստիությունը:

Եզրափակելով հանդիպումը՝ մասնակիցները համաձայնեցին, որ հետագա քննարկման կարիք կա՝ պարզելու, թե ինչպես կարող են բաց տվյալները կիրառվել լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային զարգացման գործակալությունների աշխատանքում, և ինչպես կարող են դրանցից օգտվել ակտիվ քաղաքացիներն ու օգտատերերը:

«SHIFT - նորարար գործողությունների շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է 2014 թ. սեպտեմբերի 22-ին: Այն ուղղված է զարգացման ծրագրերում նորարարության կիրառման խթանմանը՝ ՄԱԶԾ նորարար լաբորատորիաների միջև կապ ստեղծելու միջոցով, և նպատակ ունի խրախուսելու ամբողջ աշխարհի երկրներում ՄԱԿ-ի գրասենյակներին՝ փորձարկել զարգացման ծրագրերի իրականացման տարբեր մոտեցումներ:

 

 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ