ԼՈՒՐԵՐ

2014-10-16 | Լուրեր
ՄԱԿ- ի Գլխավոր քարտուղարի ուղերձը պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ

Այսօր և ամեն օր մենք սնվում ենք ընտանեկան ֆերմերների աշխատանքի շնորհիվ: Նրանք աշխատեցնում են աշխարհի ֆերմաների մեծամասնությունը: Նրանք պահպանում են բնական պաշարները և ագրոկենսաբազմազանությունը: Նրանք ներառական և կայուն գյուղատնտեսության և պարենային համակարգերի հիմնասյուներն են:

Արժանահիշատակ է, որ Ընտանեկան ֆերմերության միջազգային այս տարում քաղցած մարդկանց թիվը 100 միլիոնով պակաս է, քան 10 տարի առաջ: Վաթսուներեք երկրում կիսով չափ նվազել է թերսնվող բնակչության քանակը: Քաղցի զրոյական մակարդակին հասնելու մեր տեսլականը ավելի իրատեսական է դառնում:

Այնուամենայնիվ, դեռ շատ անելիք կա: Ավելի քան 800 միլիոն մարդ ապահովված չէ ակտիվ կյանք վարելու համար անհրաժեշտ առողջ և սննդարար պարենի բավարար քանակությամբ: Յուրաքանչյուր երրորդ երեխան թերսնված է:

Ընտանեկան ֆերմերները համաշխարհային զարգացումը խթանող առանցքային ուժն են: Սակայն նրանք անբարենպաստ պայմաններում են, քանի որ տեխնոլոգիայից, ծառայություններից և շուկաներից օգտվելու նրանց հնարավորությունը սահամանափակ է: Նրանք առանձնակի սրությամբ կրում են եղանակային ծայրահեղ պայմանների, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վիճակի վատթարացման հետևանքները:

Արտադրողական ռեսուրսների հավասար հասանելիության ապահովումը (հատկապես կանանց համար) կարևոր նշանակություն ունի աշխարհի 500 միլիոն մանր ֆերմերների հնարավորությունների ընդլայնման հարցում, ինչը կպաստի աղքատության վերացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը:

Անցյալ ամիս Նյու Յորքում կայացած Կլիմայի հարցերով գագաթնաժողովի ընթացքում ավելի քան հարյուր կազմակերպություններ և կառավարություններ հանձն առան ավելի սերտորեն աշխատել ֆերմերների, ձկնորսների և անասնաբույծների հետ՝ կլիմայի փոփոխության պայմաններում բարելավելու պարենային անվտանգությունը և սնուցումը: Զրոյական քաղցի մարտահրավերը և բավարար սնուցմանն ուղղված շարժումը (Scaling Up Nutrition movement) գործընկերություններ են խթանում կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի հետ: Պարենի համաշխարհային անվտանգության կոմիտեն տպավորիչ առաջընթաց է արձանագրել գյուղատնտեսության ոլորտում սոցիալապես պատասխանատու ներդրումների հարցում` մասնավորապես լուծելով պարենի կորստի և թափոնների խնդիրները և քայլեր ձեռնարկելով շրջակա միջավայրի համար բարենպաստ ձկնաբուծության և ակվակուլտուրայի զարգացման ուղղությամբ:

2015 թվականին մենք հնարավորություն ունենք թեքելու անիվը` իրագործելով Հազարամյակի զարգացման նպատակները, ձևավորելով կայուն զարգացման նոր օրակարգ և խթանելով կլիմայի վերաբերյալ համաշխարհային ծանրակշիռ համաձայնգրի ուղղությամբ տարվող աշխատանքները: Մեր ցանկալի ապագան կերտելու գործում առանցքային է աղքատությունից և սովից զերծ աշխարհը, որտեղ բոլոր մարդիկ կիրացնեն պատշաճ սնուցման իրենց իրավունքը:

Պարենի համաշխահային այս օրվա կապակցությամբ եկեք մեր կյանքի ընթացքում սովը ընդմիշտ վերացնելու վճռականություն ցուցաբերենք:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ