ԼՈՒՐԵՐ

2014-10-21 | Լուրեր
«Քայլող հետքեր». ցուցադրություն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

«Մշակույթների երկխոսություն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը:

Ազդարարելով ցուցահանդես-վաճառքի բացումը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ողջունեց ներկաներին. «Շատ ուրախ եմ այսօր ձեզ ներկայացնելու երեք խոշոր գրաֆիկական արվեստագետների աշխատանքները։ Սա Տալլինի տպագրիչների ասոցիացիայի եւ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության համատեղ աշխատանքի պտուղն է: Այն մեծ հաջողության է հասել Տալլինում, եւ շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ցուցահանդեսն այսօր վայելելու այստեղ»:

Նա հավելեց, որ այս ցուցահանդեսը ՄԱԿ-ի շաբաթը եւ ՄԱԿ-ի օրը՝ հոկտեմբերի 24-ը նշելու հիանալի ձեւ է: «Այս գեղեցիկ աշխատանքներով մենք վերստին նշանավորում ենք այդ կարեւոր օրը»,- նշեց պարոն Բուզետտոն:

Ողջույնի խոսք հղեց նաեւ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: Անկեղծանալով՝ նա ասաց, որ երբ 2013 թ. արվեստագետների համագործակցության ծրագրի շրջանակներում Էստոնիա էին ուղարկում 3 հայ նկարիչների, անգամ չէին պատկերացնում, որ նման արդյունք կունենան:

«Շնորհիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի` այսօր հնարավորություն ունեցանք հայ հանդիսատեսին ներկայացնելու Տալլինում արված աշխատանքները: Սա մեծ ձեռքբերում է ինչպես հիմնադրամի, այնպես էլ, կարծում եմ, հայկական գրաֆիկական արվեստի համար»,- ասաց Սոնա Հարությունյանը:

Նշենք, որ օֆսեթ լիտոգրաֆիայի, մոնոտիպայիև օֆորտի տեխնիկայով կատարված աշխատանքները ցուցադրվել են նաև Տալլինում: Խոսելով Էստոնիայում անցկացրած աշխատանքային օրերի եւ Էստոնացի գործընկերների հետ համագործակցության մասին՝ ե՛ւ Արման Վահանյանը, ե՛ւ Տիգրան Սահակյանն ընդգծեցին, որ չնայած էստոնացի նկարիչների տեխնիկական վարպետությանը՝ նրանց ստեղծագործություններում զգայական մասը բացակայում է: Մինչդեռ հայ արվեստագետների աշխատանքներում հենց զգայականությունն էր հետաքրքիր արձագանք ստանում էստոնացի արվեստասերների կողմից:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 15-ը: Մուտքն ազատ է բոլոր այցելուների համար: 

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ