ԼՈՒՐԵՐ

2014-10-22 | Լուրեր
Հայաստանի մարզերի երեխաները մասնակցեցին ՄԱԿ-ի թեմայով առցանց մրցույթի

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակն ամփոփեց «ՄԱԿ-ը ձեզ համար» (UN4U) ուսոցողական ծրագրի շրջանակներում անցկացված առցանց մրցույթի արդյունքները: Մրցույթը, որին մասնակցելու համար դպրոցականները պետք է պատասխանեին ՄԱԿ-ի մասին ընդհանուր հարցեր պարունակող հարցաշարի, անցկացվել էր հոկտեմբերի 9-ից 16-ը և նվիրված էր ՄԱԿ-ի օրվան։ Ոգևորիչ է, որ ֆեյսբուքյան «ՄԱԿ-ի բարեկամներ» խմբի միջոցով անցկացված մրցույթին մասնակցել էր մարզաբնակ 71 երեխա՝ առանց տարածական սահմանափակման, սկսած մոտակա Արարատի մարզից՝ մինչև հեռավոր Մեղրի։

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ այցելած մրցանակակիրներին ողջունեցին եւ վկայագրեր հանձնեցին Հայաստանում ՄԱԿ-ի  մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն եւ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմինե Հալաջյանը: Վերջինս նշեց, որ իրենց նպատակը ՄԱԿ-ի գրասենյակ այցելած աշակերտներին ոչ միայն ՄԱԿ-ի մասին նոր գիտելիքներով զինելն է, այլև նրանց հետ հետադարձ կապ պահպանելը` հետագայում կազմակերպվելիք միջոցառումներում ընդգրկելու միջոցով:

Մասնակից երեխաները ներկայացնում էին «ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցի շրջանակում ՄԱԿ ՀՏՎ միջոցառումներին մասնակցած 4 կազմակերպություններ՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպություն, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպություն և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ։ Մրցանակային երեք կարգերում հաղթող էր ճանաչվել 23 դպրոցական, որոնցից 9-ը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեից, 9-ը՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունից, 3-ը՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամից, իսկ 2-ը՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից:

Երեխաներից ոմանք ոգեւորությամբ նշեցին, որ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցությունն իրենց կօգնի համայնքներում ակտիվ գործունեություն ծավալել: Որոշ դպրոցականներ էլ հետագայում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում աշխատելու հույս հայտնեցին: Նրանք նաեւ վստահեցնում էին, որ հետեւելու են «ՄԱԿ-ի բարեկամներ» ֆեյսբուքյան խմբի հայտարարություններին ու նորություններին՝ հետագա միջոցառումներին եւ մրցույթներին մասնակցելու պատրաստակամությամբ:

«ՄԱԿ-ի բարեկամներ» ցանցն ու ֆեյսբուքյան խումբն ստեղծվել են 2014 թ. ապրիլին՝ ՄԱԿ ՀՏՎ-ի ու գործընկերների՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ»,  «Վորլդ Վիժն Հայաստան», «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ ու «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» բարեգործական ու հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով։ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակ այցելող դպրոցների աշակերտները, իրենց ուսուցիչներն ու ծրագրերի համակարգողներն անդամակցում են սոցիալական այս հարթակիին՝ այդպիսով շարունակելով կապը ՄԱԿ-ի հետ։ «ՄԱԿ-ի բարեկամներ» ֆեյսբուքյան խումբն առայսօր ունի 333 անդամ։

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ