ԼՈՒՐԵՐ

2014-10-16 | Լուրեր
Ընտանեկան ֆերմերներին առաջնային դերի հատկացումը որպես սովի վերացման պայման

Հռոմ. ՄԱԿ-ի՝ այսօր հրապարակված նոր զեկույցի համաձայն, աշխարհում գործող 570 միլիոն ֆերմաների թվում տասից ինը վարում են ընտանիքներ, ինչը ընտանեկան ֆերմերությունը դարձնում է գյուղատնտեսության մեջ առաջատար, եւ հետեւաբար՝ կայուն պարենային անվտանգության եւ ապագայում սովի վերացման հասնելու գործում՝ փոփոխությունների առաջացման հնարավոր առանցքային գործոն։

Ընտանեկան աշխատուժի վրա հիմնված ֆերմաներն արտադրում են համաշխարհային պարենի շուրջ 80 տոկոսը։ Նրանց տարածվածությունը եւ տված արտադրանքը նշանակում են, որ այս ֆերմաները «էական նշանակություն ունեն սովի հիմնախնդրի լուծման գործում», ինչի ազդեցությունը կզգա ավելի քան 800 միլիոն մարդ. ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը, 2014 թվական» նոր զեկույցի նախաբանում գրել է ՊԳԿ գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան։

Այս զեկույցը ֆերմերների հետ աշխատող պետական հատվածին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ մասնավոր հատվածին կոչ է անում բարելավել գյուղատնտեսության համար նախատեսված նորարարական համակարգերը։ Գյուղատնտեսական նորարարական համակարգերը ներառում են բոլոր այն հաստատությունները եւ դերակատարներին, որոնք այսօրվա հարաճուն բարդություն ունեցող աշխարհում աշխատելու ավելի լավ եղանակներ մշակելու եւ որդեգրելու հարցում աջակցում են ֆերմերներին։ Համաձայն զեկույցի, նորարարության ներուժը պարտադիր պետք է խրախուսվի տարբեր մակարդակներում՝ ֆերմերների, հետազոտողների, խորհրդատվական ծառայություններ մատուցողների համար լրացուցիչ խթանների եւ ինտեգրացված արժեշղթաների ստեղծմամբ՝ շփվելու եւ տեղեկությունների տարածման ցանցեր եւ գործընկերություններ հիմնելու նպատակով։

Քաղաքականությունների մշակողները պետք է նաեւ հաշվի առնեն ընտանեկան ֆերմաների բազմազանությունը՝ կապված դրանց չափի, կիրառվող տեխնոլոգիաների եւ շուկաներում ներգրավվածության տարբեր աստիճանների, ինչպես նաեւ դրանց գործունեության  էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական պայմանների հետ։

Ընտանեկան ֆերմաներն ունեն կենսական կարեւորություն

ՊԳԿ-ի զեկույցը ընտանեկան ֆերմաների վերաբերյալ տրամադրում է նոր մանրամասների մի հարուստ փաթեթ. ընտանեկան ֆերմաների մեծամասնությունը փոքր է, այսօր աշխարհում գործող ֆերմաների 84 տոկոսը չափերով չեն գերազանցում երկու հեկտարը։

Փոքր ֆերմաներն արտադրում են համաշխարհային պարենի ավելի մեծ մասնաբաժին՝ համեմատած նրանց կողմից օգտագործվող հողի չափաբաժնի հետ, քանի որ միեւնույն երկրներում եւ ագրո-էկոլոգիական պայմաններում փոքր ֆերմաները որպես կանոն ապահովում են ավելի շատ բերք, քան ավելի մեծ ֆերմաները։

Այսուհանդերձ, ընտանեկան ֆերմաների հողակտորների ավելի բարձր արտադրողականությունը զուգակցվում է աշխատուժի ավելի ցածր արտադրողականությամբ, ինչը նպաստում է աղքատության շարունակականությանը եւ խանգարում է զարգացմանը։ Պարենի համաշխարհային արտադրության մեծ մասը ներառում է չվճարվող աշխատանք ընտանիքի անդամների կողմից։

Զեկույցը շեշտում է, որ հրամայական է դարձել մեկ աշխատողի հաշվով արտադրանքի ծավալի կտրուկ ավելացումը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել ֆերմաների եկամուտները եւ ընդհանուր առմամբ ընդլայնել տնտեսական բարեկեցությունը գյուղական վայրերում։

Ներկայում ֆերմաների չափերը զարգացող երկրների մեծ մասում գնալով փոքրանում են, եւ բազմաթիվ ֆերմերային տնային տնտեսություններ, որոնք ունենք փոքր հողակտորներ, իրենց եկամտի մի զգալի մասը ստանում են ֆերմայի հետ առնչություն չունեցող գործունեությունից։

Համաձայն «Պարենի եւ գյուղատնտեսության վիճակը» զեկույցի, քաղաքականությունները, որոնք նպատակ ունեին խթանելու նորարարությունը, պետք է ապահովեն ավելին, քան տեխնոլոգիաների փոխանցումն է։ Դրանք նաեւ պարտադիր պետք է լինեն ներառական եւ շաղկապված լինեն տեղական համատեքստերին, որպեսզի ֆերմերները նորարարության նկատմամբ ունենան լիարժեք մասնակցության զգացողություն, ինչպես նաեւ հաշվի առնեն գենդերային եւ միջսերնդային խնդիրները՝ երիտասարդներին ներգրավելով գյուղատնտեսական հատվածի ապագայի կառուցման գործում։

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ