ԼՈՒՐԵՐ

2014-10-31 | Լուրեր
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ի Ընդհանուր վերհաժողովի՝ Քաղաքների համաշխարհային օր հռչակելու որոշման շնորհիվ այժմ ունենք ամենամյա օր՝ նվիրված մարդկության ամենամեծ և ամենաբարդ ստեղծագործություններից մեկին:

Այս նոր օրը արդյունքն է 2010 թ. Շանհայում կայացած Էքսպոյի, որի ժամանակ միջազգային հանրույթն ուսումնասիրեց ողջ աշխարհի լավագույն փորձը և քաղաքների զարգացման հայեցակարգերը: Հետևաբար պատահական չէ, որ ՄԱԿ-ի այս նոր հիշատակման օրվա նորամուտը նշանավորող գլխավոր իրադարձությունը տեղի կունենա հենց Շանhայում:

Քաղաքների համաշխարհային առաջին օրվա թեման՝ «քաղաքների փոխակերպման գործընթացի առաջնորդումը», ընդգծում է քաղաքների ուղղորդող ուժը: Աշխարհում, որտեղ արդեն բնակչության կեսից ավելին  ապրում է քաղաքային բնակավայրերում, մարդկության ապագան մեծապես քաղաքային ապագա է: Մենք պետք է ճիշտ հուն ուղղորդենք ուրբանիզացիան, ինչը նշանակում է՝ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ամրապնդել դիմակայունությունը, ապահովել հիմնական ծառայությունները, ինչպես, օրինակ, ջրամատակարարումը և սանիտարիան, և նախագծել ընդհանուր օգտագործման ապահով հանրային փողոցներ և տարածքներ: Բնակության համար պիտանի քաղաքների գոյությունը մեծ կարևորություն ունի ոչ միայն քաղաքաբնակների համար, այլև կայուն զարգացման որոշ առանցքային հարցերի լուծման տեսանկյունից:

Այսօր նաև պահն է ըստ արժանվույն գնահատելու քաղաքապետների և քաղաքների մյուս ղեկավարների ներդրումը: Քաղաքային փոփոխությունների համար անհրաժեշտ է քաղաքական կամք և բազմաթիվ դերակատարների ու շահագրգիռ կողմերի գործողությունները համակարգելու կարողություն: Քաղաքապետները քաղաքացիների ձգտումների կրողն են և կենտրոնական դեր ունեն լավ կազմակերպված քաղաքներ կառուցելու և դրանք բարգավաճության, նորարարության և ներառականության շարժիչներ դարձնելու գործում:

2016 թ. միջազգային հանրությունը կգումարի կացարանով ապահովման հարցերին և քաղաքային կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի երրորդ խորհրդաժողովը: Մեր քաղաքային ապագայի մասին խորհելիս եկեք օգտվենք այն բոլոր հնարավորություններից, որ քաղաքներն են տալիս՝ ձևավորելու քաղաքային նոր և փոխակերպման ունակ օրակարգ:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ