ԼՈՒՐԵՐ

2014-11-02 | Լուրեր
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրվա կապակցությամբ

Ազատ եւ բաց մամուլը ժողովրդավարության եւ զարգացման կարևոր անկյունաքարն է: Այդուհանդերձ, վերջին տասը տարիների ընթացքում ավելի քան 700 լրագրողներ սպանվել են սոսկ իրենց աշխատանքը կատարելու համար: Այդ սպանությունների մի մասը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մյուսները՝ ոչ այնքան:

Միայն վերջին մեկ տարվա ընթացքում, օրինակ, մահապատժի է ենթարկվել իրաքցի առնվազն 17 լրագրող: Էլ ավելի մեծ թվով լրագրողներ եւ մամուլի աշխատակիցներ ամբողջ աշխարհում ենթարկվում են ճնշումների, սպանության սպառնալիքների և բռնության: Նմանօրինակ տասը դեպքից ինը մնում է անպատիժ:

Արդյունքում՝ հանցագործները քաջալերվում են: Մարդիկ վախենում են խոսել կոռուպցիայի, քաղաքական բռնաճնշումների եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին: Այս ամենին անհրաժեշտ է վերջ դնել: Հենց այդ պատճառով է ՄԱԿ-ը նոյեմբերի 2-ը հռչակել լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի օր:

Մենք ունենք ՄԱԿ-ի գործողությունների պլան, որն ուղղված է լրագրողների եւ լրատվամիջոցների աշխատակիցների համար ամենուր անվտանգ միջավայր ստեղծելուն: Անպատժելիությանը վերջ դնելով՝ մենք խորացնում ենք արտահայտման ազատությունն ու խթանում երկխոսությունը: Մենք աջակցում ենք մարդու իրավունքների առաջխաղացմանը և ուժեղացնում հասարակությունները:

Որևէ լրագրող, որտեղ էլ որ նա աշխատի, ստիպված չպիտի լինի իր կյանքը վտանգի ենթարկել լուրեր հաղորդելիս։ Եկեք հետամուտ լինենք լրագրողների պաշտպանությանը եւ այդպիսով՝ արդարության պաշտպանությանը։

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ