ԼՈՒՐԵՐ

2008-11-19 | Լուրեր
Օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրություն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

Այսօր ժամը 11-ին "Խաղաղության լապտերներ" հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրության շնորհանդես տեղի ունեցավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Միջոցառումը թատերականացված ցուցահանդես էր նվիրված 1945թ. ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:

Հայաստանում օրիգամիի այս առաջին ցուցահանդեսը (բաց է հանրության համար մինչև նոյեմբերի 29-ը) նպատակաուղղված է հայ-ճապոնական հարաբերությունների խթանմանը, իսկ հիմնական նպատակը խաղաղության մասին հանրային իրազեկության բարձրացումն է: Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) 7-16 տարեկան սաների ձեռքերով են ստեղծվել ճապոնական ավանդական և նրբագեղ արվեստի այս նմուշները: Բացի ԳԱԿ-ից այս գեղեցիկ ցուցադրության նախաձեռնողներն են Հայ-ճապոնական փոխ-մշակութային ՀԿ-ն և ՙՀայ երիտասարդ էրուդիտներ՚ հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակը:

Իր ողջույնի խոսքում տկն Կոնսուելո Վիդալն ասաց. ՙՑուցահանդեսները խաղաղության մասին հանրությանը իրազեկելու ու ժողովուրդների միջև կապեր հաստատելու հիանալի միջոց են: Հայաստանի երեխաները, չնայած հազարավոր մղոններ հեռու, պատկերի ձևով ուղարկել են իրենց մտքերը` դրանք կիսելու իրենց ճապոնացի ընկերների հետ 1945թ. Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային հարձակման աղետալի հետևանքների շուրջ: Իմ կարծիքով այլ մշակույթների և կենցաղավարության մասին տեղեկացվածությունը հրաշալի դեղատոմս է համընդհանուր խաղաղություն ու գործընկերություն զարգացնելու: Սա հենց Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներից մեկն է՚:

Գեղագիտության ազգային կենտրոնի սաների մտահղացումը կյանքի է կոչվել 2005թ., երբ փոքրիկ ճապոնուհի Սադակո Սասակիի ողբերգական պատմությունը տարածվեց աշխարհում: Սադակոն երկու տարեկան էր, երբ ատոմային հարձակումը տեղի ունեցավ և, որպես հետևանք, նա սկսեց տառապել լեյկիմիայով: Նա հավատում էր, որ եթե կարողանա հազար թղթե կռունկ պատրաստել, կբուժվի: Բայց նրա երազանքը չիրականացավ: 12 տարեկան հասակում Սադակոն, երբ պատրաստել էր իր 644-րդ կռունկը, հրաժեշտ տվեց կյանքին: Հայ մանուկներն իրականացրեցին Սադակոյի անավարտ մնացած երազանքը. պատրաստեցին հազար կռունկ ու նույնքան էլ նկարազարդ լապտերներ և ուղարկեցին Ճապոնիայի Խաղաղության հիշատակի հիմնադրամին: Հայ երեխաների այս յուրատեսակ ակցիան ճապոնացիների և միջազգային հանրության կողմից շատ բարձր է գնահատվել: Հայ երեխաները ոչ միայն նկարիչներ ու երգիչներ դարձան, այլև խաղաղության իսկական դեսպաններ:

Ինչպես հայ-ճապոնական փոխ-մշակութային ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանն ասաց, "սույն ծրագիրը դեռևս գործում է և այն վերանվանվել է Խաղաղության թիթեռներ: Այն իր շարունակությունն է ունենալու օգոստոսի 6-ին Հիրոսիմայում Խաղաղության հիշատակի հիմնադրամի շրջանակներում տեղի ունենալիք միջոցառման ժամանակ, որտեղ հայ երեխաները իրենց կոչով կդիմեն բոլոր երկրների նախագահներին":

Ցուցանմուշները նաև վաճառքի են, որոնցից ստացված հասույթը տրամադրվելու է ատոմային հարձակումից վերապրողներին: Մի շարք այլ միջոցառումներ ևս ծրագրված են, որոնց թվում կլոր սեղան քննարկումներ և տարբեր ազգերի երեխաների մշակութային փոխանակումներ:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ