ԼՈՒՐԵՐ

2008-12-01 | Լուրեր
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Ներկաների թվում էին ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները` ՄԱՄՀ ներկայացուցիչը և ՄԱԿ-ի Մշտական համակարգողը, ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, Առողջապահության փոխնախարարը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի նախագահը, Տեր Հայր Բաբկենը Արարատյան թեմի առաջնորդարանից և մասնագիտացված ՀԿ-ի ներկայացուցիչը:

 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ` 1988թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այդ ժամանակից ի վեր ամեն տարվա դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու համար: Այս օրն ամեն տարի նշվում է զանազան կարգախոսների ներքո, որոնք արտացոլում են ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: 2005 թվականից սկսած առաջիկա մի քանի տարիների համար ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավն անցկացվելու է "Կանգնեցրե\'ք ՁԻԱՀ-ը: Կատարե\'ք խոստումը" կարգախոսի ներքո:


2001թ. հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհի համախմբումն էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի համապարփակ խնդրի շուրջ: Այդ նպատակով ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում` Հայաստանի Հանրապետությունը, ընդունեցին ՙՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը", որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում միջցառումների առաջին գլոբալ ծրագիրը:

Պետությունների ղեկավարների և կառավարությունների ներկայացուցիչների համաձայնությունն աջակցել ՙՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին"` կարևոր իրադարձություն էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրության մեջ: Դրանով իսկ կառավարություններն ընդունեցին, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ են անհետաձգելի միջոցառումներ: Միաժամանակ կառավարություններն առաջին անգամ համատեղ ընդունեցին, որ ՁԻԱՀ-ը գլոբալ ճգնաժամ է և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հաջողության հասնելու համար պահանջվում են հետևողականորեն իրականացվող գլոբալ միջոցառումներ:

2006թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով պետությունները նաև պարտավորվել են մինչև 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիություն:

ՀՀ կառավարությունը` կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետևողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որը հաջորդում է նախորդ հնգամյա ծրագրին: 2003թ.-ից մինչև 2009թ. փետրվարը ծրագիրն իրականացվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում շարունակում են իրականացվել բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, որին անդամակցում են 13 կառավարական, 5 միջազգային, 9 տեղական հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի 4 գործակալությունների ներկայացուցիչներ, նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդ, ընդհանուր առմամբ` 37 անդամ:

Իրականացված միջոցառումների արդյունքում, համեմատելով 2005թ.-ին և 2007թ.-ին իրականացված հետազոտությունների տվյալները, կարելի է փաստել, որ մեր երկրում տեղի է ունեցել թե\' կենսաբանական, թե\' վարքագծային ցուցանիշների բարելավում: Մասնավորապես, ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբում` ԹՆՕ-ների շրջանում 9,3%-ից նվազել է մինչև 6,8%: ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բոլոր խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ և ռիսկային վարքագծի դրսևորումների նվազում: Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագրերի արդյունավետության մասին, որոնց մեթոդական օգնություն և օժանդակություն է ցուցաբերում ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: Իսկ արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի և աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է:

Գլոբալ հիմնադրամի ծրագրի ներդրման պատասխանատուն Հիմնական ռեցիպիենտ ՙՎորլդ Վիժն - Հայաստան" կազմակերպությունն է, որը ծրագիրն իրականացնում է բաց մրցույթով ընտր¬ված 20-ից ավելի երկրորդային ռեցիպիենտ կազմակերպությունների միջոցով:
Գլոբալ հիմնադրամի 2008թ. նոյեմբերի 3-ի լրատուի տվյալներով, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ծրագրեր իրականացնող 114 երկրների շարքում Հայաստանը գտնվում է դրամաշնորհների իրականացման գնահատման արդյունքներով լավագույնը ճանաչված երկրների տասնյակում` զբաղեցնելով 8-րդ տեղը, իսկ դրամաշնորհների իրականացման լավագույն տասը Հիմնական ռեցիպիենտների շարքում ՙՎոլդ Վիժն - Հայաստան" կազմակերպությունը զբաղեցնում է 4-րդ տեղը: Սա վկայում է մեր դրամաշնորհային ծրագրի համաշխարհային բարձր վարկանիշի, և ծրագրով նախանշված թիրախներին հասնելու արդյունքների գերազանց գնահատականի մասին:

Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ, հնարավոր է կասեցնել համաճարակի զարգացումը, հասնել ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազեցման և կայունացման: Սակայն այդ միջոցառումների արդյունավետության և ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է և անհրաժեշտ միջոցների առկայությունը: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրագործման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ