ԼՈՒՐԵՐ

2008-12-10 | Լուրեր
Կլոր սեղանը քննարկում է սեռական և գենդերային բռնության (ՍԳԲ) խնդիրը Հայաստանում

Այսօր քննարկվեց “Հայաստանում փախստական և ապաստան հայցող կանանց նկատմամբ սեռական և գենդերային բռնություն (ՍԳԲ)” հարցման արդյունքների զեկույցը` Մարիոթ Արմենիա հյուրանոցում:

Զեկույցը` ֆինանսավորվելով Եվրամիության կողմից, պատրաստվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ` Հայաստանի ամերիկյան համալսարանի “Թուրփանջյան” հասարակակական հետազոտությունների կենտրոնի ջանքերով: Այն բացահայտում է սեռական և գենդերային բռնությունը փախստական և ապաստան հայցող կանանց շրջանում, ինչպես նաև այդ աղետի դրսևորումներն ու տարածումը նրանց Հայաստան գաղթելու ընթացքում և այնուհետ:

Կլոր սեղանը, որը կազմակերպել է Կանանց իրավունքների կենտրոնը, քննարկեց ՍԳԲ-ի հարցման արդյունքները: Հիմնվելով զեկույցի, ինչպես նաև փորձագետների ուսումնասիրությունների վրա, մասնակիցները ներկայացրեցին իրենց առաջարկները` Հայաստանում փախստական և ապաստան հայցող կանանց շրջանում ՍԳԲ-ի խնդրին համատեղ արձագանքելու, այդ չարիքի դեմ պայքարելու և այն կանխելու նպատակով:

Սեռական և գենդերային բռնությունը լայնատարած խնդիր է աշխարհի շատ կանանց և աղջիկների համար` նրանց շրջանում անհամար փախստականներ և ապաստան հայցողներ, ովքեր իրենց գաղթի ճանապարհին արդեն իսկ բախվել են ահռելի փորձությունների և դժվարությունների հետ: Յուրաքանչյուրս` անհատներից մինչև համայնքներ, պետություններից մինչև տեղական և միջազգային կազմակերպություններ, պետք է մասնակցի ՍԳԲ-ի կանխման գործընթացին: Այս միջոցառումը ևս նոյեմբերի 25-ից մեկնարկած “16 օր ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության“ արշավի մաս էր կազմում, որը ավարտվեց այսօր դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը:

Անցած 16 օրվա ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակները աշխարհով մեկ կազմակերպեցին միջոցառումներ` ցուցաբերելով ՍԳԲ-ն կանխելու իրենց պատրաստակամությունը: Այդ առումով դրական քայլ հանդիսացավ 2008 թ. Անվտանգության Խորհրդի կողմից ՍԳԲ-ի ճանաչումը որպես առաջնային խնդիր, իսկ կանխարգելումը` պարտավորություն:

Քննարկումների ավարտից հետո մասնակիցները միացան “Միասնական ձեռքեր ընդդեմ բռնության” խորագրով ՄԱԿ ՓԳՀ համաշխարհային նախաձեռնությանը: Մասնակիցների ձեռքերի ուրվագծերը կրում են ՍԲԳ-ի դեմ պայքարի խորհրդանիշը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ