ԼՈՒՐԵՐ

2008-12-10 | Լուրեր
ՄԱԿ-ը տոնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60 ամյակը

2008թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի, Եվրոպական խորհրդի պատվիրակության և Եվրահանձնաժողովի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ միասին նշեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը:

Դիմելով հավաքույթի մասնակիցներին` ՄԱԿ-ի Մշտական համակարգող, ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալն ասաց. ՙ60 տարի առաջ աշխարհի առաջնորդները հանձնառություն վերցրեցին ճանաչելու, որ յուրաքանչյուր անձ ծնվում է ազատ և հավասար արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ընդունեցին, որ բոլոր մարդիկ ազատ լինելու, կյանքի, ազատության և անվտանգության, կրթության, աշխատանքի, արժանապատիվ կյանք ունենալու իրավունք ունեն՚:  

Պրն. Արմեն Հարությունյանը` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում շեշտեց, որ ՄԻՀՀ-ն ընդունվել է կոնսենսուսի հիման վրա ծայրահեղ քաղաքական լարվածության ժամանակաշրջանում: Նա նաև նշեց, որ կրթությունն ու մշակույթը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար առաջնահերթություն են, և համոզվածություն հայտնեց, որ մարդու իրավունքներն առաջին հերթին մտածելակերպ են և հետո միայն օրենքներ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աջակցել է Սերգեյ Փարաջանովի` սովետական ժամանակաշրջանի հայտնի ազատ մտածողի և նկարչի, ՙԿալեյդոսկոպ՚ գրքի տպագրմանը: Ըստ Արմեն Հարությունյանի, յուրաքանչյուր տարի Հայաստանում ամենաազատ արժեքներ կրողը կստանա այս գրքից` որպես մրցանակ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ: Այս տարվա համար Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակ-գիրքը շնորհեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Արտահայտելով իր երախտագիտությունը մրցանակի համար` Հայաստանի վարչապետն ասաց. ՙԱպագայում ամենակարևոր արժեքը լինելու է մարդկային ինտելեկտը, որը նշանակում է մտածողության ազատություն և կրթության հնարավորություն: Արժանապատիվ կյանք ունենալու համար մարդ պետք է կրթված լինի: Անկիրթ մարդը չի կարող մտածել ազատությունների անհրաժեշտության մասին, և մենք չենք կարող կառուցել ժամանակակից և ծաղկուն երկիր, եթե չունենանք այնպիսի մարդիկ, որոնց համար իրավունքները գիտակցված անհրաժեշտություն լինեն՚:

Որպես միջոցառման մաս, Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պատրաստել էր լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը ներառում էր Հռչակագրի ընդունման և նրա պատմության լուսանկարներ ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի արխիվից, մարդու իրավունքների թեմայով լուսանկարներ ամբողջ աշխարհից: Ցուցահանդեսի մաս էր կազմում նաև մի հատուկ ցուցատախտակ, որը ցուցադրում է Համընդհանուր հռչակագրի 30 հոդվածները պատկերող 30 նկար: Այս նկարազարդ հոդվածները 30 տարի առաջ հեղինակել է բրազիլացի նկարիչ Օկտավիո Րոթը համընդհանուր փաստաթղթի ընդունման 30-ամյակի կապակցությամբ: Եվս 48 նկարներ ՙՖոտոլուր՚ գործակալությունից և ՄԱԿ ՀՏՎ-ի արխիվից լուսաբանում են ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքները՚, ինչպես նաև ՙՏնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները՚ Հայաստանում:     

Միջոցառումն ավարտվեց ընդունելությամբ` Վարչապետի, նախարարների, պետական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ՄԱԿ-ի աշխատակազմի մասնակցությամբ:

 

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ