ԼՈՒՐԵՐ

2009-01-24 | Լուրեր
Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն լսում է Հայաստանի զեկույցը

Ժնև, 23 հունվարի 2009թ. – Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն այսօր լսեց Հայաստանի չորրորդ պարբերական զեկույցը առ այն, թե ՀՀ-ն ինչպես է կատարում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթները:

Արման Կիրակոսյանը` ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ Հայաստանը վավերացրել է սույն կոնվենցիան 1993թ. և այդ ժամանակվանից կոնվենցիայի մասին ներկայացրել է երկու պարբերական զեկույց 1996 և 1999 թվականներին: Սույն զեկույցը 2002-2007 թթ. ժամանակահատվածի մասին է և այն պարունակում է տեղեկատվություն պետության կողմից հասարակության մեջ կանանց իրավիճակի բարելավման ուղղությամբ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջոցառումներ ձեռնարկելու մասին: Այն նաև նշում է հատկապես այն ջանքերի մասին, որոնցով միտված են վերացնելու բոլոր տեսակի խտրականությունները` դրանով իսկ իրապես ապահովելու տղամարդկանց ու կանանց հավասարությունը: Այս մասով ազգային օրենսդրությունը բարեփոխվել է, և մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրեր են ստորագրվել: Կանանց նկատմամբ խտրականությունը արգելվել է:  Հայաստանում չկան կանանց նկատմամբ խտրական օրենքներ, քաղաքականություն կամ որևէ պրակտիկա:

Փորձագետների բարձրացրած հարցերից էին.

  • ինչ միջոցառումներ է կառավարությունը ձեռնարկել կոնվենցիայի և վերջինիս նկատմամբ երկրի ստանձնած պարտավորությունների մասին դատավորների իրազեկությունը բարձրացնելու համար,
  • արդյոք կա իրավական հիմք կամ կառավարությանն ու վերջինիս կառուցվածքը կանոնավորող որևէ իրավական ակտում նշում առ այն, որով մի վարչություն Գենդերային հավասարության ազգային մեխանիզմի հիմք կհանդիսանար,
  • արդյոք առկա է ընտանեկան բռնությունների նկատմամբ կանխարգելում,
  • ինչու կային այդքան բարձր մակարդակի բռնություններ ընտրական գործընթացում և հատկապես լրագրողների նկատմամբ,
  • աղքատության ֆեմինիզացիայի մասին, որում կանայք զբաղեցնում են ցածր վարձատրվող աշխատանքներ կամ պարզապես անգործ են, և թե այս համատեքստով ծրագրերի արդյունքներն ի±նչպիսին են,
  • ինչպիսին է դե ֆակտո հարաբերության մեջ գտնված մարդկանց իրավական շրջանակը, նրանց իրավունքներն ու պարտավորությունները, և արդյոք տվյալ դեպքում կանանց և երեխաների իրավունքները ազդեցություն կրում են:


Իր եզրափակիչ նկատառումներում ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանն ասաց, որ կառավարությունը բաց է համագործակցության հատկապես քաղաքացիական հասարակության ու այլոց հետ` քննարկելու նոր միտումներ և զբաղվելու առաջացող հարցերով` նախքան դրանց անկառավարելի դառնալը: Հայաստանը խնդիրներ ունի, ինչպես նաև այլ երկրներ, բայց այն տեսնում է հեռանկար և աշխատում է այդ ուղղությամբ իր նպատակակետին հասնելու համար:

Կոմիտեի նախագահ Նաելա Գաբրը իր եզրափակիչ դիտողություններում ասաց, որ առավել ակտիվ գործողությունները կարող են ապահովել կանանց իրավունքների նկատմամբ առավել հարգանք` դրանով իսկ ակտիվացնելով կանանց իրավունքները Հայաստանում և ապահովելով վերջիններիս իրագործումը: Կոնվենցիայի մասին առավել իրազեկություն է պետք բարձրացնել, որպեսզի հնարավոր լինի նվաճել կանանց առավել մեծ դեր դիվանագիտության մեջ, Ազգային ժողովում և քաղաքական կյանքում: Աբորտը չպետք է օգտա•ործվի, որպես ընտանիքի պլանավորման միջոց, և պետք է բավականաչափ աշխատանք տարվի` ապահովելու ընտանիքի պատշաճ պլանավորման մատչելիությունը:

Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր նաև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ՀՀ ոստիկանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, առողջապահության և կրթության նախարարությունների ներկայացուցիչներից:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ