ԼՈՒՐԵՐ

2011-04-26 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում քննարկվեցին հեղինակային իրավունքին վերաբերող հարցեր

Կառավարության, իրավական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչներն այսօր քննարկեցին արտոնագրերին, հեղինակային իրավունքին և ապրանքանիշերին վերաբերող հարցերը ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ժամանակ:

Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) ՙՀայհեղինակ՚ ՀԿ-ի հետ համատեղ: Այն նվիրված էր Գրքի և հեղինակային իրավունքի (ապրիլի 23) ու Մտավոր սեփականության (ապրիլի 26) համաշխարհային օրերին:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. ՙՀեղինակային իրավունքն ու այլ առնչվող իրավունքները պաշտպանում են հեղինակների, դերասանների և հեռարձակողների իրավունքները և իրենց ներդրումն են ունենում ազգի մշակութային ու տնտեսական զարգացման մեջ: Չնայած օրենքը լիակատար կերպով գործածելի դարձնելու երկրի ջանքերին դեռ շատ խնդիրներ կան այս բնագավառում: Համոզված եմ այսօրվա քննարկումները կօգնեն որոշ լուծումներ գտնել՚:

Սուսաննա Ներսիսյանը, ՙՀայհեղինակ՚ ՀԿ-ի տնօրենը, նշեց. ՙՀայաստանում հեղինակային իրավունքի խախտումը տարածված է, որն ազդում է ոչ միայն երկրի տնտեսական այլ նաև միջազգային կարգավիճակի վրա: Շուկայում այնպիսի անօրինական կրիչներ կան, ինչպիսիք են տեսասկավառակներն ու խտասկավառակները և այլ նոր տեխնոլոգիաներ: Մի կողմից սա հեղինակներին օգնում է տարածել իրենց ստեղծագործությունները, մյուս կողմից անօրինական կրիչները տարածվում են ամբողջ երկրով մեկ և ավելի  է բարդանում հեղինակների իրավունքները պաշտպանելը:՚

Ապրիլի 23-ը հայտարարվել է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր 1995թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի ժամանակ: Նպատակն է այս օրը հարգանք ցուցաբերել գրքերի և հեղինակների նկատմամբ` խրախուսելով յուրաքանչյուրին և հատկապես երիտասարդներին, բացահայտել կարդալու հաճույքը և վերականգնել հարգանքը  այն մարդկանց անփոխարինելի ներդրումների հանդեպ, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական և մշակութային  առաջընթացին: 

Շատերը մտավոր սեփականությունը դեռևս դիտում են որպես բիզնես կամ իրավական հասկացություն, որը շատ քիչ առնչություն ունի իրենց հետ: Այս բացը լրացնելու համար Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անդամ պետությունները 2000թ. որոշեցին ընդունել Մտավոր սեփականության համաշխարհային օր: Նրանք ընտրեցին ապրիլի 26-ը, այն օրը, երբ 1970թ. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող պայմանագիրը մտավ ուժի մեջ: Այս տարի օրվա թեման է ՙՁևավորելով ապագան՚: Ձևավորումը մտել է մարդկային ստեղծագործության յուրաքանչյուր ոլորտ: Այն ազդում է ամեն ինչի վրա` ավանդական արվեստից մինչև սպառողական տեխնիկա, կառույցներից ու հեծանիվներից մինչև նորաձևություն ու կահույք: Ձևավորումը կոչվել է ՙտեսանելի դարձած միտք՚:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ