ԼՈՒՐԵՐ

2011-05-13 | Լուրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսը: Դրա նպատակն է հնարավորություն ընձեռել խորացնելու մշակութային բազմազանության արժեքների ընկալումը և սովորելու  ավելի լավ ՙապրել միասին՚:

Ցուցադրվեցին հայ տաղանդավոր նկարիչ Գևորգ Մշեցու գունեղ նկարներն ու քանդակները: ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված արվեստի գործերը գրավեցին երիտասարդության, արվեստագետների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը:

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության /ՀՏՎ/ ներկայացուցիչը ասաց. ՙՄԱԿ ՀՏՎ-ն ուշադրություն է դարձնում մշակութային բազմազանության առաջընթացին և աջակցում է երկրի ջանքերին` ուղղված երաշխավորելու ազատ ինքնաարտահայտման, աշխատանքները տարածելու և մշակութային կյանքին մասնակցելու յուրաքանչյուրի իրավունքը: Հայաստանը` գտնվելով հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում, ունի մշակութային բազմազանության գնահատման հարուստ ավանդույթներ՚:

Նկարիչ Գևորգ Մշեցին հավելեց. ՙԱվելի քան տասը տարի ես համագործակցում եմ ՄԱԿ ՀՏՎ-ի հետ և գնահատում եմ նրանց աջակցությունը: Այն ինձ քաջալերում և խրախուսում է արվեստի միջոցով տարբեր ազգերի միջև ստեղծել փոխըմբռնում, հանդուրժողականություն և երկխոսություն՚:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 21-ը հռչակել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր և ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագիրն ու վերջինիս իրագործման Գործողությունների ծրագիրը: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում մասնակցում է այդ Գործողությունների ծրագրի իրագործմանը:

Ցուցահանդեսը բաց կլինի հանրության առջև ՄԱԿ-ի գրասենյակում մինչև 2011 թ. մայիսի 31-ը` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-15:00:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ