ԼՈՒՐԵՐ

2011-05-17 | Լուրեր
Winners of UN-supported Competition on Traffic Safety in Armenia Announced

Այսօր Հայաստանում Ճանապարհային անվտանգության շաբաթը եզրափակող միջոցառման ժամանակ հաղթող է ճանաչվել 6 աշակերտներից բաղկացած թիմը, որին շնորհվել են մրցանակներ երթևեկության կանոնների իմացության համար:

Ճանապարհային անվտանգության շաբաթը Հայաստանում մեկնարկել է ս.թ. մայիսի 11-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության /ՄԱԿ ՀՏՎ/, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, և ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի /ՃԵԱԱԽ/ նախաձեռնությամբ: Միջոցառումների նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգության կանոնների մասին իրազեկվածությունը վարորդների և հետիոտների շրջանում` հատուկ ուշադրություն դարձնելով աշակերտներին` ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակի /2011-2020թթ/ շրջանակներում:

<Մենք աջակցում ենք Հայաստանի իշխանությունների և իրավապահ մարմինների ճանապարհները ավելի ավնտանգ դարձնելու ջանքերը, սակայն այս գործում մենք լիարժեք հաջողության կհասնենք միայն այն դեպքում, եթե մենք բոլորս` հետիոտները, վարորդները և ուղևորները, հարգենք երթևեկության կանոնները և միմյանց: Այսպես մենք կարող ենք փրկել միլիոնավոր կյանքեր: Սա է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակի նպատակը>, - ասաց ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

<Ամեն տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների /ՃՏՊ/ հետևանքով մահանում է 1, 300, 000 մարդ, իսկ յուրաքանչյուր 3 րոպեն մեկ զոհվում է մեկ երեխա>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆստրան:  <Անվտանգության խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք սովորեցնում են երեխաներին ճանապարհային անվտանգության մասին, փրկում են կյանքեր և կարող են փոխել իրավիճակը:>

Երևանի 7 դպրոցների 48 աշակերտներ մասնակցեցին երթևեկության կանոնների թեմայով առաջին անգամ Հայաստանում կազմակերպված <Ի՞նչ: Ո՞րտեղ: Ե՞րբ:> խաղին: Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ 6 հոգուց բաղկացած հաղթող թիմը պարգևատրվեց ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակի դեղին խորհրդանիշը պատկերող ապակյա գավաթներով: ՀՀ առողջապահության նախարարությունը/Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նույնպես աջակցել են մրցանակների հարցում:

ՃԵԱԱԽ-ի քարտուղարության ղեկավար Պողոս Շահինյանը հավելեց. <2009 թ. ամրագոտիների կիրառման հարկադրանքը, 2011թ. ԱՊՊԱ-ի ներդրումը այն միջոցառումներից են, որոնք ձեռնարկվել են ՀՀ կառավարության կողմից 2009 թ. Ճանապարհային անվտանգության իրավիճակը բարելավելու ազգային ռազմավարության ներքո: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի 50 դպրոցներում անցկացվել են պիլոտային դասընթացներ և այժմ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակվում է մեթոդաբանություն` ճանապարհային անվտանգության առարկան դպրոցական կրթակարգում ներառելու ողղությամբ:>

Հայաստանում ճանապարհային անվտանգության շաբաթվա ընթացքում դպրոցականները ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ հետիոտներին խորհուրդ էին տալիս անցնել փողոցը երթևեկության կանոնների համաձայն, բաժանում էին տեղեկատվական թերթիկներ ու խրախուսական նվերներ և օգնում էին Երևանում ներկել հետիոտնային անցումը:

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ