ԼՈՒՐԵՐ

2011-05-24 | Լուրեր
Գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված գործընկերություն

Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը լրջորեն խաթարեց Հայաստանի կայուն զարգացման ուղին` ազդելով քաղաքային և գյուղական բնակչության կենսամակարդակի վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2009թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության գնահատականների` Հայաստանի գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը  կազմում է 34.9 տոկոս: Տավուշի մարզում, որտեղ  բնակչության գրեթե 61 տոկոսը բնակվում է գյուղերում, գրանցվել է աղքատության ցուցանիշի առավել արագ տեմպերով աճ` 35 տոկոս:

Աղքատության մակարդակը բարձր է գյուղական վայրերի այն տնային տնտեսություններում, որոնք ունեն փոքր հողակտորներ և դրանց  օգտագործման սահմանափակ հնարավորություններ: Հողային ռեսուրսների լիարժեք և արդյունավետ օգտագործման հնարավորությունների խթանումը գերակա խնդիր է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան և այլ ազգային և միջազգային  գործընկերների համար: Դա էլ, իր հերթին, կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը և  գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը:

Նշված խնդիրները հասցեագրելու նպատակով այսօր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ստորագրեցին  համաձայնագիր` համատեղելու իրենց կազմակերպչական ջանքերն ու միջոցները` ուղղված Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավմանը և  աղքատության նվազեցմանը:

Համաձայնագրի շրջանակներում ՄԱԶԾ-ի կողմից կհիմնադրվեն 17 ջերմատներ, որոնք Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան  կազմակերպության աջակցությամբ կապահովվեն  կաթիլային ոռոգման հնարավորություններով, շուկայական պահանջարկ ունեցող մշակաբույսերի սածիլներով և մատչելի վարկային ռեսուրսներով:

<<Զարգացման մարտահրավերներն ամբողջական և համալիր են, ուստի համագործակցային և գործընկերական մոտեցումներ են պահանջվում դրանք հասցեագրելու նպատակով:  Տեղական, մարզային և ազգային մակարդակներում մեր ներկայությունը  մեզ հնարավորություն է ընձեռում երկարաժամկետ կտրվածքով աջակցելու մարդկային զարգացմանը Հայաստանում: Օքսֆամ /ՄԲ/ Հայաստանի հետ կհամատեղենք մեր փորձագիտությունը, գիտելիքներն ու միջոցներն  Ակնաղբյուր համայնքում աղքատության և սոցիալ-տնտեսական անհավասարությունների կրճատման նպատակով, որը կնպաստի  Տավուշի մարզի կայուն զարգացմանը և բնակչության կենսապայմանների բարելավմանը>>,-ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ  Դաֆինա Գեռչևան:

Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան <<Կայուն կենսաապահովման>> ծրագիրն աջակցում է գյուղական աղքատ համայնքներին կայուն գյուղատնտեսական արտադրության խթանման և շուկայական նոր կապերի զարգացման միջոցով` պաշտպանելով գյուղատնտեսության պետական քաղաքականութան շահերը, և ամրապնդելով բնական աղետների ու կլիմայի փոփոխությունների նկատմամբ ֆերմերների վերականգնողական հնարավորությունները:

<<Ակնաղբյուր>> գյուղատնտեսական կոոպերատիվը հանդիսանում է Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան <<Կայուն կենսաապահովման>> ծրագրի շրջանակում Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 10 համայնքներում ստեղծված 10 գյուղատնտեսական կոոպերատիվներից մեկը: Առաջիկա չորս տարիների ընթացքում ծրագիրը կընդլայնվի և 30 գյուղական համայնքներում աջակցություն կտրամադրվի ավելի քան 4000 շահառու ֆերմերների: Ակնաղբյուրի համայնքի թվով 32 գյուղացիական տնտեսությունների կոոպերատիվի անդամները կօգտվեն նաև Օքսֆամի կողմից ստեղծված 156 մ3 ծավալով և 50 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսությունից: Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 4 համայնքներում նույնպես կառուցվել են մրգերի հավաքման և սառնարանային պահպանման կենտրոններ:

<<Երկրի անհամաչափ զարգացման և գյուղական բնակավայրերում աղքատության և անհավասարության նվազեցմանն ուղղված խնդիրների լուծումը պահանջում է տարբեր դերակատարների ներգրավվածություն, բարձր պատրաստակամություն և միջոցների արդյունավետ օգտագործում, ինչպես նաև համակարգված և  համալիր ջանքեր շոշափելի ազդեցություն ապահովելու նպատակով: Մեր երկարատև ներկայությունը Հայաստանում և ՄԱԶԾ-ի հետ երկար տարիների գործընկերությունը դրա վառ օրինակն են: Միասին մենք կարող ենք անել ավելին ի շահ սոցիալապես անապահով մարդկանց և երկրում աղքատության հաղթահարմանը տևական լուծումներ առաջարկելու առումով>>,-ասաց Օքսֆամ /ՄԲ/ Հայաստան կազմակերպության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

ՄԱԶԾ-ն հիմնադրելու է 60 մ2 տարածքով ջերմատներ Ակնաղբյուր կոոպերատիվի 17 անդամներից յուրաքանչյուրի  համար` 10 տոկոս համաֆինանսավորման պայմանով, ինչը հնարավորություն կտա  գյուղացիական տնտեսություններին զբաղվել ջերմատնային բանջարեղենի արտադրությամբ: Ծրագրի  իրականացման արդյունքում համայնքը հնարավորություն կստանա բանջարեղենի արտադրությունը տեղափոխել նաև վաղ գարուն և ուշ աշուն, բանջարեղենի արտադրության ծավալները գրեթե կրկնակի կավելանան, իսկ շահառու տնտեսությունների եկամուտները կավելանան 20-30 տոկոսի չափով:

ՄԱԶԾ-ն ունի ջերմատների կառուցման  և շահագործման, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և գործունեության կազմակերպման հաջողված փորձ (Տավուշի մարզի Լուսաձոր համայնք):

###
ՄԱԶԾ-ն` ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպություն է կոչված աջակցելու փոփոխություններին` կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբյուրներին` մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: ՄԱԶԾ-ն գործում է 166 երկրներում` տվյալ երկրների գլոբալ և ազգային զարգացման մարտահրավերներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղված: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապավինում են ՄԱԶԾ-ի աշխատակիցների և բազմաթիվ գործընկերների աջակցությանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. և աջակցում է ՀՀ կառավարությանը մինչ 2015թ. իր զարգացման առաջնահերթ ուղղություններին, ինչպես նաև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն:

###
Օքսֆամը 14 կազմակերպությունների միջազգային կոնֆեդերացիա է, որը հիմնադրվել է Օքսֆորդում 1942 թվականին և աշխատում է 98 երկրներում՝ փորձելով գտնել աղքատության և անարդարության երկարաժամկետ լուծումներ։ Օքսֆամն աշխատում է ուղղակիորեն համայնքների հետ և փորձում է ազդեցություն գործել որոշում կայացնողների վրա՝ ապահովելու աղքատ համայնքների կյանքի և կենսապայմանների  բարելավումը և նրանց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում խոսքի իրենց իրավունքը։ Օքսֆամ ՄԲ Հայաստանը Հայաստանում աշխատում է 1994 թվականից ի վեր։ Հիմնական առաքելությունն է՝ հաղթահարել աղքատությունը և մարդկային տառապանքը և տևական փոփոխություններ մտցնել աղքատ մարդկանց կյանքում Հայաստանի գյուղական մարզերի ավելի քան 165 ամենահեռավոր և մեկուսացված համայնքներում։

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ