«Հետ-2015» գլոբալ զարգացման օրակարգ նախաձեռնություն

 

2000 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բոլոր 189 անդամ պետություններն ընդունեցին «Հազարամյակի հռչակագիրը», ինչը որոշիչ պահ դարձավ հանուն համընդհանուր զարգացման համագործակցող աշխարհի համար: Հռչակագրի ընդունմամբ ամրագրված հանձնառություններն անհրաժեշտ էր վերածել գործի, և այդ նպատակով ընդունվեցին «Հազարամյակի զարգացման նպատակները» (ՀԶՆ-ներ): ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվելուց հետո ՀԶՆ-ները սահմանեցին զարգացման առաջնահերթությունների այն ընդհանուր շրջանակը, որին պետք է հետևեր զարգացման խնդիրներով մտահոգ միջազգային համայնքը:  2010 թ. սեպտեմբերին գումարվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի լիագումար նիստ, որի ընթացքում գնահատվեց ՀԶՆ-ների թիրախներին հասնելու առումով առաջընթացը: Նիստի ընթացքում նաև որոշում կայացվեց արագացնել առաջընթացը և համաձայնություն ձեռք բերվեց մինչև 2015 թ. այդ թիրախների լիակատար իրականացումն ապահովելուն ուղղված գործողությունների կոնկրետ ծրագրի շուրջ: Ի հավելումն, նիստի արդյունքում հրապարակվեց ՄԱԿ-ի համակարգին ուղղված կոչ՝ շարունակելու տեղեկությունների աղբյուր հանդիսանալ զարգացման վերաբերյալ գլոբալ քննարկման համար և գլխավորելու «Հետ-2015» զարգացման օրակարգի միջազգային քննարկումը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2011 թ. տարեկան զեկույցը, որը վերնագրված է «Առաջընթացի խթանումը ՀԶՆ-ների իրականացման հարցում. կայուն և ներառական աճի տարբերակներն ու ՄԱԿ-ի զարգացման օրակարգի առաջխաղացման խնդիրները 2015 թ. անդին», սահմանում է «Հետ-2015»-ի գործընթացի ընդհանուր սկզբունքները: Դրանք ներառում են բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընդգրկուն, բաց և թափանցիկ խորհրդակցական գործընթաց ապահովելու, ինչպես նաև ձևավորված համաշխարհային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմներն ու գործընթացներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ նմանատիպ քննարկումները ներառեն բոլոր շահագրգիռ կողմերի քաղած դասերն ու փորձառությունը: Բովանդակային հարթությունում, ըստ զեկույցի, պետք է ուշադրությունը սևեռել «Հազարամյակի հռչակագրի» արժեքների ու սկզբունքների և ՀԶՆ-երի մանրակրկիտ, լայնահիմ և ներառական ուսումնասիրության վրա: Վերջինս պետք է տեղավորվի առջևում համընդհանուր զարգացմանը սպասող մարտահրավերների համատեքստում`որպես 2015 թ-ից անդին զարգացման նոր օրակարգի քննարկման մեկնակետ:

Դրա առանցքային մաս կկազմի համաշխարհային մակարդակում մտքերի փոխանակությունը «Հետ-2015»-ի վերաբերյալ, ինչը թույլ կտա լսել քաղաքացիների ձայնը: Սա ՄԱԿ-ի լայնածավալ նախաձեռնություններից է, որը վարելու են համակարգի՝ հաղորդակցության ոլորտում գործող առաջատար թիմերը: Նպատակն է՝ օգտվել սոցիալական ցանցերի և համացանցի գործիքների ու բջջային տեխնոլոգիաների արագընթաց տարածումից` նպաստելու աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների հետ ազատ շփմանն ու տեղեկությունների փոխանակմանը: Ինչպես նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Գլխավոր ասամբլեային ուղղված 2011 թ. սեպտեմբերյան զեկույցում, ՄԱԿ-ի «Հազարամյակի քարոզարշավը» կհանդիսանա քաղաքացիական հասարակությանը ներգրավելու գործիքներից մեկը` «Հետ-2015»-ի վերաբերյալ դիտարկումներ ու կարծիքներ հավաքելու և ՄԱԿ-ի համակարգի հետ երկխոսությանը նպաստելու համար:

Ազգային մակարդակում քննարկումները կնախագծվեն այնպես, որ դյուրացվի աղքատ մարդկանց և խոցելի խմբերի տեսակետների ներգրավումը, թեպետ իրականացման եղանակները կախված կլինեն տվյալ երկրի համատեքստից: Գործընթացի ղեկավարումը կլինի տվյալ երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պատասխանատվության ներքո, ով պետք է իրականացնի նաև ռազմավարական ղեկավարում և ուղղորդում՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունն ապահովելու և համակարգելու նպատակով:

ՄԱԶԽ-ն կհամակարգի տարածաշրջանային/համաշխարհային 9 քննարկումների անցկացումը գիտակրթական ոլորտի, լրատվամիջոցների, մասնավոր հատվածի, գործատուների և արհմիությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև որոշում կայացնողների մասնակցությամբ` քննարկելու «Հետ-2015» գլոբալ օրակարգի թեմատիկ և միջոլորտային խնդիրները: Թեմաները, որոնք կդիտարկվեն, հետևյալն են.

  1. անհավասարություններ (բոլոր տիրույթներում, այդ թվում՝ գենդերային).

  2. առողջություն (ներառյալ Հազարամյակի զարգացման 4-րդ, 5-րդ, 6-րդ նպատակներում ընդգրկված խնդիրները, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունները).

  3. կրթություն (տարրական, միջնակարգ, բարձրագույն, մասնագիտական).

  4. աճ և զբաղվածություն (ներառյալ ներդրումներն արդյունավետ կարողությունների ձևավորման, արժանապատիվ աշխատանքի և սոցիալական պաշտպանվածության ոլորտներում).

  5. շրջակա միջավայրի կայունություն (ներառյալ էներգետիկ ոլորտի հասանելիություն, կենսաբազմազանություն, կլիմայի փոփոխություն).

  6. պարենային անվտանգություն և սնուցում.

  7. կառավարում (բոլոր մակարդակներում).

  8. հակամարտություն և անկայունություն (ներառյալ հետկոնֆլիկտային և տարերային աղետներին հակված երկրներ).

  9. բնակչության դինամիկա (ներառյալ ծերացում, միջազգային և ներքին միգրացիա, ուրբանացում (քաղաքակենտրոնացում)):

Ազգային մակարդակում քննարկումների, թեմատիկ հանդիպումների և առցանց զրույցների վերջնական արդյունքը կմեկտեղվի զեկույցում, որը կհրապարակվի 2013-ին և որպես տեղեկատու նյութ կօգտագործվի 2013 թ. սեպտեմբերին կայանալիք ՀԶՆ բարձր մակարդակի միջոցառմանը: Ավելին, այն կլինի բարձր մակարդակի փորձագիտական խմբի տրամադրության տակ (խումբն ունի 27 անդամ. այն համանախագահում են Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն, Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սըրլիֆը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ընդգրկված են նաև քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և կառավարության ղեկավարներ), որը Գլխավոր քարտուղարը նշանակել է «Ռիո+20» համաժողովից հետո:


Հայաստանյան համատեքստ

ՄԱԿ-ը մտադիր է խթանել շահագրգիռ կողմերի մասնակցությունը և ջատագովել ազգային ու տեղական առաջնահերթություններով օրակարգի ձևավորումը: Այս նպատակին հասնելու համար, ՄԱԿ-ը հանդես է եկել մի առաջարկով` իրականացնելու «Հետ-2015» խորհրդատվությունները առնվազն 50 երկրներում: Հայաստանը ներառվել է այդ երկրների ցանկում:

Որպես գլոբալ նախաձեռնության մի մաս, մասնակցային և խորհրդատվական գործընթացը ապահովելու համար, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նախատեսում է կազմակերպել մի շարք ազգային քննարկումներ` ձևավորելով համազգային տեսլական` «Աշխարհը, որն ուզում ենք» նախաձեռնության վերաբերյալ:

Ազգային մակարդակում խորհրդակցությունների նպատակը քննարկումների խթանումն է և գաղափարների ամփոփումը` «Աշխարհը, որն ուզում ենք» նախաձեռնության համար: Քննարկումներին մասնակցում են մասնավոր հատվածը, կանանց խմբեր, քաղաքացիական հասարակությունը, խոցելի խմբերը, կառավարության ներկայացուցիչները և այլք, ովքեր նախկինում չէին ընդգրկվել զարգացման առաջնահերթությունների քննարկումներին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) կաջակցի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին:

2013 թ. մարտի վերջին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պետք է ներկայացնի Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ վերջնական զեկույցը և տեսլականը ապագա գլոբալ զարգացման օրակարգի վերաբերյալ:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի և «Հետ-2015» աշխատանքային խմբի ղեկավարի առաջնորդությամբ ազգային մակարդակում կիրականացվի  6 քննարկում (Հայաստանի 5 մարզերում և մեկը Երևանում` հանրային քննարկման մեթոդաբանությամբ): Հայաստանի «Հետ-2015» աշխատանքային խմբի կողմից մշակվել են հետևյալ 5 թեմատիկ ոլորտները`

1. Անհավասարություններ (առաջնորդող գործակալություն՝ ՄԱՄՀ)
-      Ենթախմբեր` երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք
-      Օժանդակող գործակալություններ` ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ԱՄԿ, ՄԱԿ ՀՏՎ

2. Առողջապահություն (առաջնորդող գործակալություն՝ ԱՀԿ)
-      Օժանդակող գործակալություններ` ՄԱԲՀ, ՄԱՄՀ, ՄԱԿ ՀՏՎ

3. Աճ և զբաղվածություն (առաջնորդող գործակալություն՝ ՄԱԱԶԿ)
-      Օժանդակող գործակալություններ` ԱՄԿ, ՄԱԶԾ (և ՄՄԿ), ՄԱԿ ՀՏՎ

4. Պարենային անվտանգություն (առաջնորդող գործակալություն՝ ՊՀԾ)
-      Օժանդակող գործակալություններ` ՊԳԿ, ՄԱԿ ՀՏՎ

5. Շրջակա միջավայրի կայունություն (առաջնորդող գործակալություն՝ ՄԱԶԾ)
-      Օժանդակող գործակալություններ` ՄԱԱԶԿ, ՄԱԿ ՀՏՎ


Օգտակար հղումներ լրացուցիչ ու մանրամասն տեղեկությունների համար.

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ