Ըստ Հայաստանի Հանրապետության դիմումի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է
Որոշում
1992թ. հունվարի 23-ին իր 3035-րդ նիստի ընթացքում Խորհուրդը,* ելնելով իր օրակարգից եւ գործող ընթացակարգի 59-րդ կետից, ուսումնասիրման եւ զեկույցի պատրաստման նպատակով, որոշեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի քննարկմանը հանձնել Հայաստանի Հանրապետության դիմումը:
1992թ. հունվարի 29-ին իր 3041-րդ նիստի ժամանակ Խորհուրդը քննարկեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի զեկույցը Հայաստանի Հանրապետության դիմումի վերաբերյալ` Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցության խնդրանքով:
Անվտանգության խորհուրդը`
քննելով Հայաստանի Հանրապետության դիմումը Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցելու մասին,
հանձնարարում է Գլխավոր ասամբլեային Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպություն:
Նույն նիստի ժամանակ, Անվտանգության խորհրդի 735(1992) բանաձևը ընդունելուց հետո, Խորհրդի նախագահը խորհրդի անդամների անունից հայտարարեց հետևյալը `
Ես պատիվ ունեմ խորհրդի անդամների անունից շնորհավորել Հայաստանի Հանրապետությանը Խորհրդի հենց նոր ընդունած որոշման առթիվ: 735(1992) բանաձևի համաձայն Խորհուրդը Գլխավոր ասամբլեային առաջադրեց Հայաստանի Հանրապետությանը անդամ ճանաչել:
Սա շատ կարևոր պահ է թե' Հայաստանի, թե' մեր Կազմակերպության համար: Խորհրդի անդամները գոհունակությամբ նշեցին Հայաստանի պաշտոնական պատրաստակամությունը` ստանձնելու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ներառյալ` առճակատումների խաղաղ լուծման եւ ուժի չկիռարման սկզբունքները:
Խորհրդի անդամները համոզված են, որ Հայաստանի ներդրումը Կազմակերպության գործունեության բոլոր ասպարեզներում կլինի բազմակողմանի եւ արդյունավետ: Մենք ողջունում ենք Հայաստանի ներկայացուցիչներին եւ սերտորեն կհամագործակցենք նրանց հետ՚:
Գլխավոր ասամբլեան`
ստանալով 1992թ. հունվարի 29-ի Անվտանգության խորհուրդի հանձնարարությունը Հայաստանի Հանրապետությանը անդամագրել Միավորված ազգերի կազմակերպությանը,
քննելով Հայաստանի Հանրապետության դիմումը անդամակցելու մասին,
որոշում է` ընդունել Հայաստանի Հանրապետությանը Միավորված ազգերի կազմակերպության մեջ:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ