ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողովները սովորաբար ունենում են հետևյալ ընթացքը.
1. Խորհրդաժողովի բացում
2. Գրանցում
4. Հերթագրում
5. Ելույթի ժամանակի սահմանափակում
6. Պաշտոնական քննարկում, ընթացակարգային հարցեր, պատասխանի իրավունք, մտքերի փոխանակում, բանաձևերի նախագծում և մշակում
8. Հաջորդ հարցի քննարկում, 4-7-րդ կետերը կրկնվում են
9. Խորհրդաժողովի փակում
Խորհրդաժողովի բացումից և նախագահողի ողջույնից հետո սկսվում է պատվիրակությունների գրանցումը: Նախագահողը այբբենական կարգով ընթերցում է պետությունների անվանումները, իսկ համապատասխան պատվիրակությունները պատասխանում են «ներկա»` բարձրացնելով իրենց երկրների անվանաթերթիկները:
Օրակարգի հաստատումը ընթացակարգային գլխավոր գործողություններից է: Կոմիտեի աշխատանքային անձնակազմը սովորաբար նախագծում է օրակարգում քննարկվելիք երեք հարց, որոնց քննարկման հաջորդականությունը որոշում է կոմիտեն` ընթացակարգային քվեարկության միջոցով` ձայների մեծամասնությամբ:
Հերթագրումը հաջորդ ընթացակարգային գործողությունն է, որը գրի է առնում նիստը վարողի կամ նախագահողի օգնականը: Հերթագրվելու համար պատվիրակությունները պետք է բարձրացնեն իրենց պետությունների անվանաթերթիկները այն բանից հետո, երբ հայտարարվում է այդ մասին: Նիստի ընթացքում հերթագրումը պարբերաբար կրկնվում է` պատվիրակությունների գրավոր խնդրանքների համաձայն, սակայն ցանկացած պատվիրակություն հերթական անգամ կարող է հերթագրվել միայն ելույթ ունենալուց հետո: Հերթագրման ցուցակը սպառվելուց հետո խնդրի քննարկումն ինքնաբերաբար ավարտվում է:
Ելույթի ժամանակի սահմանափակում
Նախքան ելույթ ունենալու իրավունք տալը նիստը վարողն առաջարկում է ելույթների համար ժամանակ սահմանել: Ի դեպ, պատվիրակները պարտավոր չեն սպառել սահմանված ամբողջ ժամանակը և կարող են իրենց րոպեները զիջել մեկ այլ պատվիրակի կամ նիստը վարողին «նախագահողին»: Վերջին դեպքում նախագահողը պարզապես ձայնը տալիս է հաջորդ հերթագրված պատվիրակին: Այն առաջարկը, որը վերաբերում է ելույթի ժամանակի սահմանմանը, պահանջում է կոմիտեի ներկա պատվիրակությունների ձայների պարզ մեծամասնությունը: Սովորաբար ելույթների ժամանակը սահմանվում է մեկից երկու րոպե: Համենայն դեպս ելույթի ժամանակը պետք է համապատասխանի կոմիտեի մեծությանը: Եթե կոմիտեում ներկայացված է ավելի քան 150 պետություն, գերադասելի է կարճ ժամանակահատվածը, որպեսզի բոլոր պետությունները ելույթ ունենալու հնարավորություն ունենան: Փոքր կոմիտեներում ցանկալի է սահմանել ավելի երկար ժամանակ, որով պետություններին հնարավորություն է տրվում ամբողջությամբ արտահայտելու իրենց դիրքորոշումը: Ելույթի ժամանակը սահմանելու առաջարկներն ընդունվում են մեկ առ մեկ, հետևաբար քվեարկվում են ընդունված հերթականությամբ: Պաշտոնական քննարկման ընթացքում ձայների պարզ մեծամասնության համաձայնությամբ կարելի է փոփոխել սահմանված ժամանակը: Սակայն, եթե չափից դուրս առաջարկություններ են լինում, նախագահողը կոմիտեի բնականոն աշխատանքը չխաթարելու նպատակով կարող է իր հայեցողությամբ չընդունել դրանք:
Պաշտոնական քննարկման ընթացքում պատվիրակություններն արտահայտում են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ, առաջարկում են լուծումներ, մեկնաբանություններ են տալիս ներկայացվելիք կամ արդեն ներկայացված բանաձևերի վերաբերյալ: Նախքան ելույթ ունենալու իրավունք տալը` նիստը վարողն առաջարկում է ելույթների համար ժամանակ սահմանել: Ի դեպ, պատվիրակները պարտավոր չեն սպառել սահմանված ամբողջ ժամանակը և կարող են իրենց րոպեները զիջել մեկ այլ պատվիրակի կամ նիստը վարողին: Վերջին դեպքում նախագահողը պարզապես ձայնը տալիս է հաջորդ հերթագրված պատվիրակին: Այն առաջարկը, որը վերաբերում է ելույթի ժամանակի սահմանմանը, պահանջում է խորհրդին ներկա պատվիրակությունների ձայների պարզ մեծամասնությունը: Սովորաբար ելույթների ժամանակը սահմանվում է մեկից երկու րոպե: Հատկանշական է, որ ելույթի ժամանակը պետք է համապատասխանի կոմիտեի մասշտաբներին: Փոքր կոմիտեներում ցանկալի է սահմանել ավելի երկար ժամանակ: Ելույթի ժամանակը սահմանելու առաջարկներն ընդունվում են մեկ առ մեկ, հետևաբար` քվեարկվում են ընդունված հերթականությամբ: Սակայն եթե չափից դուրս շատ առաջարկություններ են լինում, նախագահողը կոմիտեի բնականոն աշխատանքը չխաթարելու նպատակով կարող է իր հայեցողությամբ չընդունել դրանք:
Պաշտոնական քննարկման ընթացքում պատվիրակներն իրավունք ունեն ընդհատելու նիստը` բարձրացնելով որոշակի հարցեր, որոնք կարող են վերաբերել նիստի վարման կարգին, կանոնակարգի խախտումներին, ինչպես նաև ուղղված լինել ընկեր պատվիրակներին:
Բացման ելույթների ժամանակ նիստը վարողը կարող է պատասխանի իրավունք ընձեռել այն պատվիրակին, որը հնչած ելույթներից որևէ մեկին մեկնաբանություն կամ պատասխան տալու կարիք է զգում: Սա սովորաբար տեղի է ունենում այն դեպքում, երբ տվյալ երկրի կամ երկրի պատվիրակության հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչում: Պատասխանի իրավունք ստանալու համար պատվիրակը գրավոր խնդրանք է ներկայացնում նիստը վարողին, իսկ վերջինս իր հայեցողությամբ ընտրում է պատասխան տալու հարմար պահը և սահմանում դրա ժամանակը:
Պաշտոնական քննարկման ընթացքում, իհարկե, պատվիրակություններն արտահայտում են իրենց կարծիքը օրակարգային հարցերի վերաբերյալ, սակայն հաճախ հնարավոր չի լինում համաձայնության հասնել կամ բանաձևեր նախագծել:
Կոմիտեն կարող է ոչ պաշտոնական քննարկման անցնելու առաջարկություն անել, որի ընթացքում հարցեր տալու հնարավորություն է տրվում ելույթ ունեցող պատվիրակներին, սակայն սա նույնպես սահմանափակումներ ունի: Փաստորեն հարցն ակտիվորեն քննարկելու և բանաձևեր նախագծելու միակ միջոցը քննարկումը ժամանակավորապես դադարեցնելն է, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակում: Սա պաշտոնական քննարկման ընթացակարգի «Թայմաութն է». պաշտոնական նիստը ժամանակավորապես ընդհատվում է, և կոմիտեն կարող է բաժանվել փոքր խմբերի, որոնք բանաձևեր են նախագծում և քննարկում են դրանք: Ի դեպ` հնարավոր է մտքերի փոխանակման երկու ձև` միջնորդավորված և չմիջնորդավորված: Միջնորդավորված մտքերի փոխանակումը տեղի է ունենում նիստի դահլիճում` նախագահողի միջամտությամբ: Ելույթ ունենալու ցանկություն ունեցող ցանկացած պատվիրակ բարձրացնում է պետության անվանաթերթիկը և ձայնի իրավունք ստանալուն պես` կարող է ելույթ ունենալ անսահմանափակ ժամանակով: Ելույթի ընթացքում կարելի է նաև հարցեր առաջադրել: Չմիջնորդավորված մտքերի փոխանակման ընթացքում նիստը վարողները ոչ մի կերպ չեն մասնակցում քննարկումներին, և ընթացակարգային կանոնները չեն կիրառվում: Մտքերի փոխանակումը սովորաբար տևում է քսանից քառասուն րոպե: Ի դեպ` մտքերի փոխանակումը պառլամենտական տերմին է` դիվանագիտական բանակցությունները բնորոշելու համար: Բազմակողմանի բանակցություններ տեղի են ունենում հենց այս ժամանակ: Մտքերի փոխանակումը կարող է տեղի ունենալ նիստերի դահլիճում, միջանցքում, ծխելու համար նախատեսված սենյակներում, նույնիսկ ճաշարանում կամ հյուրանոցի սենյակներում: Մտքերի փոխանակման նպատակն է գործընկեր պատվիրակներին ոչ պաշտոնապես և առավել հանգամանալից ներկայացնել երկրների քաղաքական դիրքորոշումը, ինչպես նաև` շտկել անհամաձայնությունները: Ամենից առաջ պատվիրակները պետք է մանրակրկիտ ծանոթանան քննարկվող իրավիճակի նախապատմությանը, որը վերաբերում է հենց իրենց երկրին: Այնուհետև պետք է փնտրեն իրենց մտահոգություններն ունեցող պատվիրակություններ:
Մտքերի փոխանակումն արդյունավետ իրականացնելու համար պատվիրակները պետք է տեղյակ լինեն այն հինգ հանգամանքներին, որոնք դիվանագիտական բանակցությունների առանցքն են: Դրանք են`
Պատվիրակները պետք է մտքերի փոխանակությունը սկսեն տարածաշրջանային և առևտրային բլոկներից:
ՄԱԿ-ում հայտնի են հետևյալ տարածաշրջանային բլոկները` աֆրիկյան երկրներ, ասիական երկրներ, արևելաեվրոպական երկրներ, լատինամերիկյան և կարիբյան երկրներ, արևմտաեվրոպական երկրներ և այլն: Առևտրային բլոկներից հայտնի են ՆԱՖԹԱ-ն, Եվրամիությունը, ԱՍԵԱՆ-ը:
Բանակցությունների, քննարկումների վերջնական փաստաթղթային արդյունք են հանդիսանում բանաձևերը: Բանաձևը որևէ խնդրին կամ հարցին ուղղված գրավոր առաջարկ է: ՄԱԿ-ի մարմիններից միայն Անվտանգության խորհրդի բանաձևերը կարող են պարտադրել պետություններին գործողությունների դիմել: ՄԱԿ-ի այլ մարմինների բանաձևերը պարզապես առաջարկներ են և հանձնարարականներ պետություններին` իրենց հետագա գործողությունների համար: Աշխատանքային թուղթը ոչ պաշտոնական փաստաթուղթ է, որի հիման վրա կառուցվում է բանաձևի նախագիծը: Միայն նախագահության վավերացումը ստանալուց հետո է այն վերածվում բանաձևի նախագծի: Բանաձևի նախագիծը վերածվում է բանաձևի միայն քվեարկության միջոցով ընդունվելուց հետո:
Որպեսզի բանաձևերը պաշտոնապես առաջադրվեն, անհրաժեշտ է հավաքել որոշակի թվով ստորագրություններ (նիստից առաջ նախագահողը հայտարարում է անհրաժեշտ ստորագրությունների թիվը` կախված կոմիտեի մեծությունից): Համապատասխան ստորագրություններ հավաքելուց հետո աշխատանքային թուղթը կամ բանաձևի նախագիծը ներկայացվում է նիստը վարողի օգնականին, որն էլ հաստատում է բազմացնելու և շրջանառության մեջ մտցնելու համար: Բանաձևի նախագծի հեղինակները կարող են լինել մեկից ավելին: Հեղինակների թվաչափը որոշվում է նախագահության կողմից` կախված կոմիտեի մեծությունից: Բանաձևի հեղինակները անմիջականորեն մասնակցում են բանաձևի նախագծմանը, իսկ բանաձևի ստորագրողները պարզապես աջակցում են բանաձևի նախագիծը շրջանառության մեջ դնելու և քննարկելու համար: Ստորագրողների թվաչափը որոշվում է նախագահության կողմից` կախված կոմիտեի մեծությունից: Ի դեպ` բանաձևի նախագիծը ստորագրողները պարտավորված չեն քվեարկության ժամանակ աջակցել տվյալ բանաձևին: Իհարկե, միշտ էլ կարելի է նախագծել մեկ բանաձև և փորձել այն, առանց փոփոխությունների և զիջումների, առաջ տանել ամբողջ քննարկման ընթացքում: Դրա արդյունքում, անշուշտ, ձախողում է սպասվում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աշխատել մի քանի պատվիրակի հետ, ստանալ նվազագույն աջակցություն և դառնալ համահեղինակ: Շատ դեպքերում անհրաժեշտ է լինում համախմբել երկու կամ ավելի նախագծեր: Դա այնքան էլ հեշտ չէ, և հաճախ կարիք է լինում բանակցային մեծ ջանքեր գործադրել մյուս հեղինակներին համոզելու համար: Ահա այստեղ է ի հայտ գալիս բանակցությունները ճիշտ վարելու կարևորությունը: Բանաձևերի նախագծերը միաձուլելու առաջին նպատակը համահեղինակներին քննարկվող հարցի շուրջ համախմբելն է: Երկրորդ նպատակը բանաձևը քվեարկության միջոցով ընդունելու համար պահանջվող օժանդակության ձեռքբերումն է: Դրանով կարող է բարելավել նաև բանաձևի որակը:
Բանաձևի նախագիծը չի կարող բազմացվել, շրջանառության մեջ դրվել և քննարկվել առանց նիստը վարողի օգնականի հաստատման: Վերջինս նախագծի հեղինակներից իրավունք ունի պահանջել դրա մեջ ուղղումներ մտցնել: Նախագահողի օգնականը նաև կարող է իր հայեցողությամբ երկու կամ ավելի աշխատանքային խմբավորումներից պահանջել միաձուլել համանման բանաձևերի նախագծերը: Հաստատումից հետո բանաձևի նախագիծը համարակալվում է և բազմացվում:
Նախագիծը պաշտոնապես առաջադրելու և ներկայացնելու համար կոմիտեն պետք է գտնվի պաշտոնական քննարկման նիստում: Բանաձևի նախագիծը կարող է ներկայացնել հերթագրված հեղինակներից որևէ մեկը: Այնուհետև նախագիծը քննարկվում է և լրամշակվում:
ՄԱԿ-ի բանաձևերն ունեն հստակ ձևաչափ: Յուրաքանչյուր բանաձև բաղկացած է վերնագրից, ներածական հոդվածներից և գործառնական հոդվածներից: Ամբողջ բանաձևը իրենից ներկայացնում է մեկ ամբողջական նախադասություն, այդ իսկ պատճառով հոդվածներն անջատվում են ստորակետերով, իսկ վերջակետը դրվում է վերջին հիմնարար հոդվածից հետո: Յուրաքանչյուր հոդվածի առաջին բառն ընդգծվում է:
Ներածական հոդվածների նպատակն է ներկայացնել քննարկվող հարցի նախապատմությունը, ինչպես նաև արդարացնել առաջարկվող գործողությունները:
Ներածական կամ պրեամբուլային հոդվածները սկսվում են դերբայական դարձվածքով և հղում են կատարում ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան գլուխներին և հոդվածներին, ՄԱԿ-ի նախկին բանաձևերին, միջազգային իրավունքի նախկին փորձին: Ներածական հոդվածը պետք է նաև հատուկ հղում անի մասնավոր դեպքերին և իրադարձություններին: Ներածական հոդվածը կարող է ներառել մարդասիրական կոչեր, որոնք դիպչեն պատվիրակների զգացմունքներին: Ներածական հոդվածի կարևորությունը կախված է քննարկվող հարցից: Որոշ դեպքերում այն կրում է ձևական բնույթ: Դժվար է համաձայնության գալ հատկապես գործառնական հոդվածների շուրջ: Այնուամենայնիվ, ներածականը որոշ նշանակություն ունի, քանի որ ներկայացնում է այն տեսակետը, որով դիտարկվում է հարցը: Ներածական հոդվածները սկսվում են դերբայական դարձվածքով, ընդգծվում են և անջատվում ստորակետով:
Լրամշակումը բանաձևում մտցված փոփոխությունն է կամ հստակեցումը, որի արդյունքում բանաձևը պաշտոնապես ներկայացնելուց հետո դրանում նոր տեղեկություն է ավելացվում կամ հեռացվում է որևէ կետ: Բանաձևերում փոփոխություններ կարող են մտցվել նախքան դրանք նախագահությանը ներկայացնելը, սակայն պաշտոնապես հաստատվելուց հետո որևէ փոփոխություն անելու համար պետք է ապահովել լրամշակում ներկայացնելու գործընթացը:
Կա լրամշակման երկու ձև` ընդունելի և անընդունելի: Եթե բանաձևի բոլոր հեղինակները համաձայն են տվյալ փոփոխությանը, լրամշակումը համարվում է ընդունելի և այն ինքնաբերաբար դառնում է բանաձևի մասը` առանց կոմիտեի քվեարկության: Եթե բանաձևի բոլոր հեղինակները համաձայն չեն փոփոխությանը, լրամշակումը համարվում է անընդունելի, և կոմիտեն պետք է քվեարկությամբ լուծում տա հարցին: Լրամշակման մեջ կարելի է ավելացնել բառեր, նախադասություններ, ամբողջական հոդվածներ, ինչպես նաև կրճատել դրանք: Լրամշակում ներկայացնելու կամ առաջադրելու գործընթացը նույնն է, ինչ բանաձևի նախագծի դեպքում: Անհրաժեշտ ստորագրություններ հավաքելուց հետո այն ներկայացվում է նախագահի օգնականին` հաստատելու: Լրամշակումները ներկայացվում են նախքան քննարկման ավարտը, իսկ քննարկումը դադարեցնելուց հետո ոչ մի լրամշակում չի ընդունվում: Լրամշակումները քվեարկելիս կարելի է քվեարկել միայն կողմ կամ դեմ. ձեռնպահ մնալն արգելվում է: Լրամշակումների համար նախատեսված ձևաթուղթը կարելի է ձեռք բերել նախագահությունից: Ձևաթղթի մեջ նշվում է նախագծի այն տողը, որում տեղի է ունենում փոփոխությունը, իսկ բուն փոփոխությունը դրվում է չակերտների մեջ:
Օրինակ` 11-րդ հոդվածից հետո (տող 45) ավելացնել. «Դատապարտում է բոլոր այն երկրներին, որոնք չեն ենթարկվի տվյալ բանաձևին»:
Անընդունելի լրամշակումները քվեարկելուց հետո կոմիտեն քվեարկում է ամբողջ բանաձևը, որը կարող է պարունակել արդեն ընդունված լրամշակումներ:
Գոյություն ունի քվեարկության երկու եղանակ` անվանական և ըստ պետությունների անվանաթերթիկների: Բոլոր ընթացակարգային քվեարկությունները տեղի են ունենում ըստ անվանաթերթիկների: Քվեարկության ընթացքում կոմիտեի անձնակազմը հաշվում է առանձնացված անվանաթերթիկները և հայտարարում կողմ և դեմ քվեարկած ձայների քանակը: Անվանական քվեարկությունը տեղի է ունենում միայն Էական հարցերի շուրջ, այն էլ երբ պատվիրակություններից մեկը առաջարկ է անում: Ցանկացած պետություն կարող է նման առաջարկ անել, որն ինքնաբերաբար անմիջապես ընդունվում է: Նախագահողը բարձրաձայն ընթերցում է գրանցված պատվիրակությունների անունները, իսկ վերջիններս հայտարարում են` կողմ, դեմ կամ ձեռնպահ: Անվանական քվեարկությունը տևական գործընթաց է, այդ իսկ պատճառով մեծ կոմիտեներում ցանկալի է դրանից խուսափել: Անվանական քվեարկություններ կատարվում են միայն քաղաքականապես կարևոր բանաձևերի կամ այնպիսի բանաձևերի դեպքում, որոնց համար ակնկալվում են հավասար ձայներ:
Պետք է հիշել, որ ընթացակարգային քվեարկության միակ տարբերակները «այո»-ն կամ «ոչ»-ն են, այսինքն` ձեռնպահ մնալ չի թույլատրվում: Բացի դրանից, քվեարկում են բոլոր պատվիրակությունները, այդ թվում ունկնդիր երկրներն ու ոչ կառավարական կազմակերպությունները: Էական կամ հիմնարար հարցերը «բանաձևերը, լրամշակումները և հոդվածի առանձնացման երկրորդ քվեարկությունը» քվեարկելիս երկրները պետք է քվեարկեն կողմ, դեմ կամ ձեռնպահ: Ձեռնպահը չի համարվում ձայն, այդ իսկ պատճառով բանաձևի ընդունման վրա առանձնապես ազդեցություն չունի: Բանաձևը կարող է ընդունվել, օրինակ, 10 կողմ, 5 դեմ և 170 ձեռնպահ ձայներով:
Բոլոր բանաձևերը քվեարկելուց հետո կոմիտեն անցնում է հաջորդ հարցի քննարկմանը, որի դեպքում կրկնվում է այս ամբողջ գործընթացը:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ