Մանդատը
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը (ՄԱՁԻԱՀ) մեկնարկել է 1996 թ.` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի արձագանքը հզորացնելու նպատակով: Ծրագրի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում: ՄԱՁԻԱՀ-ն ակտիվորեն գործում է ավելի քան 80 երկրում` տարածաշրջանային օժանդակող խմբերի և երկրների տեղական գրասենյակների աջակցությամբ: ՄԱՁԻԱՀ-ի առաքելությունն է` առաջնորդել ու հուսադրել աշխարհին հասնելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի ու օժանդակության համընդհանուր մատչելիության:
ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ընդունված մի շարք նպատակների, բանաձևերի և հռչակագրերի միջոցով, օրինակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին քաղաքական հռչակագիրը (2006 թ.), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանձնառության մասին հռչակագիրը (2001 թ.), Հազարամյակի զարգացման նպատակները (2000 թ.), ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1308 բանաձևը (2000 թ.), աշխարհը հաստատել է համալիր հանձնառություններ և գործողություններ` կասեցնելու և հակադարձելու ՄԻԱՎ-ի տարածումը և ընդլայնելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների ծավալները:
ՄԱՁԻԱՀ-ն ի մի է բերում ՄԱԿ-ի համակարգի տասը կազմակերպությունների ջանքերը. ՄԱԿ ՓԳՀ, ՄԱՄՀ, ՊՀԾ, ՄԱԶԾ, ՄԱԲՀ, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ (ԹՀՊԳ), ԱՄԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, ԱՀԿ և Համաշխարհային բանկ: Իր տասը համահովանավորների հետ միասին ծրագիրն աջակցում է աշխատանքների առավել արդյունավետ համակարգման ապահովմանը ՄԱԿ-ի համակարգում իր գործընկերների,կառավարությունների, քաղաքացիական հասարակության, դոնորների, մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև երկրներին տրամադրում է փորձագիտական օժանդակություն` օգնելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի իրենց ազգային ծրագրերի իրականացմանը:
ՄԱՁԻԱՀ-ը Հայաստանում
ՄԱՁԻԱՀ-ն իր ներկայությունը հիմնեց Հայաստանում 2004 թ.: Սերտորեն գործակցելով ազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և այլ միջազգային կազմակերպությունների հետ, ծրագիրն աջակցում է Հայաստանին` ապահովելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիությունը և հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:
ՄԱՁԻԱՀ-ը տրամադրում է փորձագիտական օժանդակություն և խորհրդատվություն քաղաքականության մշակմանը` Հայաստանում արագացնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ բազմաոլորտ, համակողմանի և ներառական արձագանքումը: ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի համատեղ թիմի միջոցով ՄԱՁԻԱՀ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է երկրին լիարժեք կերպով իրականացնելու ՄԱՁԻԱՀ-ի «Երեք մեկեր» սկզբունքը.
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ գործողությունների մեկ փոխհամաձայնեցված շրջանակ, որը հիմք է ապահովում բոլոր գործընկերների աշխատանքների համակարգման համար,
- ՁԻԱՀ-ի մեկ ազգային համակարգող մարմին` լայն և բազմաոլորտ մանդատով,
- երկրի մակարդակում մոնիտորինգի ու գնահատման մեկ համաձայնեցված համակարգ:
ՄԱՁԻԱՀ-ի գործունեությունը նպատակ ունի օգնել Հայաստանին` հասնել միջոցների առավելագույն արդյունավետ և արտադրողական օգտագործմանը, ապահովել արագ գործողություններ և արդյունքներից բխող կառավարում, ինչպես նաև ուժեղացնել արձագանքման ազգային հանձնառությունը:
Հետագա առաջընթացի հասնելու և համաճարակի արձագանքման որոշակի բացերի, ինչպես նաև արդյունքների ձեռքբերման սոցիալական, քաղաքական և կառուցվածքային խոչընդոտների վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով 2009 թ. ՄԱՁԻԱՀ-ն արձագանքեց 2009-2011 թթ. ՄԱՁԻԱՀ-ի «Համատեղ գործողություններ հանուն արդյունքների» խորագիրը կրող Արդյունքների ծրագրի միջոցով ` առավելագույնս արդյունավետ դարձնելու գործընկերությունները ՄԱՁԻԱՀ-ի Քարտուղարության և համահովանավորների միջև:
2010-2011 թթ. ժամանակահատվածի համար Հայաստանի ՁԻԱՀ-ի համատեղ թիմը, ազգային ռազմավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրին համահունչ, Արդյունքների ծրագրի շրջանակներում սահմանել է համատեղ գործունեության երեք գերակա ոլորտների աջակցություն ՁԻԱՀ-ի ազգային արձագանքմանը: Դրանք են`
- կրճատել ՄԻԱՎ-ի սեռական ճանապարհով փոխանցումը,
- ապահովել, որ ՄԻԱՎ- ով ապրող մարդիկ բուժում ստանան,
- վերացնել պատժիչ օրենքները, ռազմավարությունները, գործելակերպերը, խարանումը և խտրականությունը:
Գերակա ոլորտներում համատեղ ծրագրերի ներդրումն ապահովելու նպատակով մշակվել են հետևյալ փոխհատվող ռազմավարությունները.
- առավելագույն արդյունավետ դարձնել ՄԱԿ-ի օժանդակությունը Գլոբալ հիմնադրամի հայտերի ներկայացմանն ու ծրագրերի իրականացմանը,
- բարելավել ապացույցների և ռազմավարական տեղեկությունների օգտագործումը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի պլանավորման և որոշումների կայացման գործում,
- առավելագույնս արդյունավետ դարձնել փորձագիտական օժանդակության կառավարումը և օգտագործումը,
- ընդլայնել և ուժեղացնել կապը համայնքների, քաղաքացիական հասարակության և ՄԻԱՎ- ով ապրող մարդկանց ցանցերի հետ:
2010-2011 թթ. նախատեսվում է հասնել հետևյալ արդյունքներին.
- 15–24 տարեկան երիտասարդների և միգրանտների, այդ թվում` փախստականների համար ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվությունը և կանխարգելման ծառայությունները դառնում են առավել հասանելի:
- ՄԻԱՎ-ով ախտորոշված մարդկանց առնվազն 80%-ին բուժում են ըստ բուժման նոր ուղեցույցների:
- Մինչև 2011 թ. ավարտը ՄԻԱՎ¬ով ապրող մարդկանց և առավել բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերի համար առավել հասանելի են դառնում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը, սոցիալական և իրավաբանական ծառայությունները:
- Մինչև 2011 թ. ավարտը ՁԻԱՀ-ի ազգային շահագրգիռ կողմերը ի զորու են պատրաստել և քաղաքականությանն առնչվող որոշումների կայացման և ծրագրերի մշակման ընթացքում օգտագործել հուսալի և թարմ տվյալներ, տեղեկություններ և վերլուծություններ երկրում համաճարակի միտումների վերաբերյալ:
- Մինչև 2011 թ. կառավարությունը հաստատում է ապացույցների վրա հիմնված, գնահատված ծախքերով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 2012-2016 թթ. ազգային ռազմավարություն և գործողությունների պլան, որի անբաժանելի մասը կլինի մոնիթորինգի և գնահատման պլանը:
- ՄԱԿ-ի օժանդակությունը ՁԻԱՀ-ի ազգային արձագանքմանը համահունչ է 2012-2016 թթ. ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ռազմավարությանը, 2010-2015 թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրին և Գլոբալ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրին:
ՀԱՍՑԵ`
Միավորված ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիր ՄԱԿ-ի գրասենյակ Պետրոս Ադամյան փ. 14, Երևան 0010, Հայաստան Հեռ.` (374 10) 54 70 88 Ֆաքս` (374 10) 54 70 99 Էլ. փոստ` sargsyann@unaids.org URL: http://www.unaids.org http://www.un.am
|