ՀԱՄԱՌՈՏ ՄԱԿ-ի ՄԱՍԻՆ

 

Ետ դեպի ՄԱԿ-ի մոդելի էջ

1945 թվականի հոկտեմբերի 24-ին 51 ստորագրող երկրների կողմից հաստատվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այդ օրվանից ի վեր ողջ աշխարհը հոկտեմբերի 24-ը   տոնում է որպես ՄԱԿ-ի հիմնադրման օր:

Այսօր ՄԱԿ-ն ունի 192 անդամ պետություն: Այս երկրների ներկայացուցիչները հանդիպում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որն ասես համաշխարհային խորհրդարան լինի:

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական մարմին, որոնք են` Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Հոգաբարձուների խորհուրդը, Միջազգային դատարանը և Քարտուղարությունը: Յուրաքանչյուրին անդրադառնանք առանձին-առանձին:


Գլխավոր ասամբլեա

Այս կառույցի հիմնական խորհրդատվական մարմինն է: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային պարտավորություններից է այնպիսի հարցերի քննարկումն ու վերանայումը, ինչպիսիք են սպառազինությունների կրճատումն ու դրանց վերահսկումը, միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի կանխարգելումը, ոչ մշտական անդամների ընտրությունը և  ՄԱԿ-ի հիմնական մարմինների զեկույցների քննարկումը:   Ամեն տարի սեպտեմբերին բացվում է  Գլխավոր ասամբլեայի հերթական նիստը:  Յուրաքանչյուր  նիստի սկզբում ընտրվում են նոր նախագահ, նախագահի տեղակալներ և ասամբլեայի 6 հիմնական հանձնաժողովների նախագահներ: Մանրամասները տե'ս` www.un.org/en/ga/


Անվտանգության խորհուրդ
 

Այս մարմինը ստանձնում է աշխարհում խաղաղության պահպանման հիմնական պատասխանատվությունը: Այն կազմված է 15 անդամներից` 5 մշտական (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա) և 10 ընտրովի անդամներից, որոնք վերընտրվում են 2 տարին մեկ: Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց  օգտին քվեարկել են 15 անդամներից առնվազն 9-ը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ մշտական անդամներից որևէ  մեկը դեմ է քվեարկում (օգտագործում է իր վետոյի իրավունքը): Նման դեպքում որոշումները չեն ընդունվում: Երբ Անվտանգության խորհրդին տեղեկացնում են միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին,  այն սկզբում  քննարկում է դրա խաղաղ կարգավորման լուծումները (բանակցություններ, հետաքննություն, միջնորդություն, հաշտեցում, միջազգային դատարան, դատաքննություն, հայց տարածաշրջանային մարմիններին և այլն): Հազվադեպ է պատահում, որ Անվտանգության խորհուրդն իր ընդունած որոշումների իրականացման համար անդամ-պետություններին լիազորում է կիրառել «բոլոր անհրաժեշտ միջոցառումները», ներառյալ միացյալ ռազմական գործողությունները: Մանրամասները տե'ս` www.un.org/docs/sc/


Տնտեսական և սոցիալական խորհուրդ

Այս մարմինը համակարգում է ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված կառույցների ու հաստատությունների տնտեսական և սոցիալական աշխատանքները: Նա ունի 54 անդամ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը լիազորված է լինել կենտրոնական ֆորում միջազգային տնտեսական և սոցիալական խնդիրների քննարկման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի դրսևորման, միջազգային գիտաժողովներ հրավիրելու և կոնվենցիաների նախագծեր կազմելու, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների աշխատանքները նրանց հետ խորհրդակցաբար կազմակերպելու համար և այլն: Որպես կանոն` Տնտեսական և սոցիալական խորհուրդը գումարում է տարեկան մեկ 5-շաբաթյա նիստ համապատասխան հերթականությամբ Նյու Յորքում և Ժնևում: Մանրամասները տե'ս` www.un.org/en/ecosoc


Խնամակալության խորհուրդ

Այս մարմինը հիմնվել է վիճարկելի տարածքների կառավարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և նրանց ինքնավարությանն ու ինքնիշխանությանն ուղղված ջանքերին աջակցելու համար: Հոգաբարձուների խորհուրդը ունի 5 մշտական անդամ և  ՄԱԿ-ի հիմնական մարմիններից մեկն է: Ըստ կանոնադրության` այն լիազորված է լսելու և քննարկելու իշխանությունների զեկույցները վիճարկելի տարածքներում քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտներում արձանագրված առաջընթացի մասին, քննարկել այդ տարածքներից ստացված դիմում-խնդրագրերը և այնտեղ ուղարկել հատուկ հանձնաժողովներ: Մանրամասները տե'ս` www.un.org/en/mainbodies/trusteeship/


Միջազգային դատարան

Սա ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է: Դատարանն ունի 15 դատավոր, որոնք իրենց հերթին ընտրվում են Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից 9 տարի ժամկետով: Դատարանը լիազորված է դատական կարգով լուծելու անդամ-պետությունների միջև ծագած իրավական խնդիրները և տալ խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ին և նրա գործակալություններին: Գլխավոր ասամբլեան և Անվտանգության խորհուրդը լիազորված են Միջազգային դատարանից հայցել խորհրդատվական եզրակացություն ցանկացած իրավական հարցի վերաբերյալ, իսկ ՄԱԿ-ի մյուս մարմիններն ու մասնագիտացված հաստատությունները իրենց գործունեության շրջանակի մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող են հայցել  խորհրդատվական եզրակացություն` ստանալով Գլխավոր ասամբլեայի հավանությունը: Մանրամասները տե'ս` www.icj-cij.org/homepage/index.php


Քարտուղարություն
 

ՄԱԿ-ի միջազգային աշխատակազմն է, որն  ամբողջ աշխարհում իրականացնում է բազմաբնույթ աշխատանք: Այն, աշխատակազմին հատուկ գործառույթներից բացի, միջազգային լրատվամիջոցներին  տեղեկատվություն է տրամադրում ՄԱԿ-ի մասին:  Ներկայումս աշխատակազմն ունի 170 երկրներում աշխատող 9000 անդամ, որոնք վարձատրվում են ՄԱԿ-ի բյուջեից: Կանոնադրության համաձայն` ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ-պետություն պարտավորվում է հարգել Գլխավոր քարտուղարության պարտականությունները և ձեռնպահ մնալ որևէ կարգի ճնշումներից և անհարգալից վերաբերմունքից: Մանրամասները տե'ս` www.un.org/en/mainbodies/secretariat/


ՄԱԿ-ն ունի չորս նպատակ` պահպանել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը, զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև, համագործակցել միջազգային խնդիրներ լուծելիս ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանք խթանելիս և ազգերի գործողությունները ներդաշնակեցնելու կենտրոն դառնալ: ՄԱԿ-ը համաշխարհային կառավարություն չէ և օրենքներ չի ստեղծում: Այնուամենայնիվ միջազգային հակամարտությունների ուղիներ է մատնանշումև ռազմավարություններ մշակում այն հարցերի վերաբերյալ, որոնք կարող են անդրադառնալ բոլորիս վրա:

ՄԱԿ-ը հայտնի է իր խաղաղապահ գործունեությամբ և հումանիտար տարատեսակ օգնություններ տրամադրելով, բայց այն ազդում է մեր կյանքի վրա նաև միջոցներով, որոնք մեզ հայտնի չեն: Այս էջը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ՄԱԿ-ը. ինչպես է այն ստեղծվել և ինչ է անում, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես է գործում ՄԱԿ-ը աշխարհը ավելի լավը դարձնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի համակարգը տես այստեղ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ