![]() |
Պարենի համաշխարհային ծրագիր |
Մանդատը
ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով փրկել մարդկային կյանքեր արտակարգ իրավիճակներում, պահպանել և վերականգնել ապրուստը երկարատև ճգնաժամերում, լուծել սովի վերացման խնդիրը խրոնիկ դարձած իրավիճակներում և ստեղծել սովի դեմ պայքարի համար կարողություններ:
Պարենի համաշխարհային ծրագիրը մի շարք գործիքներ է կիրառում պարենային օգնություն տրամադրելու և սովի խնդրի առավել երկարաժամկետ լուծումներ գտնելու համար: Մեր նպատակների իրականացման գործում մենք համագործակցում ենք կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, հասարակական կազմակերպությունների (ՀԿ), համայնքային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ընկերությունների հետ:
ՊՀԾ-ն Հայաստանում
Պարենի համաշխարհային ծրագիրն իր գործունեությունը սկսել է 1993 թ.` անկախության և դրան հաջորդած Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքում ստեղծված պայմաններում փախստականներին և տեղահանված անձանց տրամադրելով պարենային օգնություն: Այդ ժամանակից ի վեր ՊՀԾ-ն ընդլայնել է իր գործունեությունը` այն ուղղելով գյուղական վայրերում խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավմանը:
Սնունդ և կանխիկ աշխատանքի դիմաց
Սնունդ աշխատանքի դիմաց և Կանխիկ աշխատանքի դիմաց ծրագրերն ուղղված են խոցելի խմբերին հետևյալ վեց մարզերում`Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք:
Ծրագրերի մշակման և իրականացման հարցում կարևորագույն դեր է խաղում մեր կառուցած համագործակցությունը: Համայնքները և տեղական կառավարման մարմինները առաջարկում են ծրագրեր, որոնք նպաստում են հասարակական շահերին, մոբիլիզացնում են ռեսուրսները և նյութերը, ապահովում են տեխնիկական փորձաքննություն և վերահսկողություն: Պարենի համաշխարհային ծրագիրը սնունդ կամ կանխիկ միջոցներ է տրամադրում աշխատանք իրականացնող համայնքի անդամներին:
Վերջիններս համայնքի գործազուրկ և խոցելի չափահաս բնակիչներ են, ովքեր ի վիճակի են աշխատել: Սննդամթերքի և կանխիկի չափաբաժինները չեն փոխարինում աշխատավարձը, սակայն նպատակ ունեն լրացնել ամենօրյա սննդի սպառումը և ծառայել որպես գոյատևման լրացուցիչ միջոց:
Առավել տարածված նախագծերի օրինակներ են` ոռոգման ու խմելու ջրի համակարգերի վերանորոգումը,հողի բարելավումը և ջրի պահպանումը, այգիների ստեղծումը, սննդամթերքի պահպանման պայմանների բարելավումը, դպրոցների և առողջապահական հիմնարկների շենքերի վերանորոգումը, կոյուղու համակարգերի և երկրորդական նշանակության գյուղական ավտոճանապարհների նորոգումը: Պարենի համաշխարհային ծրագիրն ապահովում է կանանց ներգրավվածությունը. ծրագրերի մասնակիցների մոտ 30 տոկոսը կանայք են, ովքեր հիմնականում զբաղվում են սննդամթերքի արտադրությամբ:
Դպրոցական սնունդ
ՊՀԾ-ն և Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել են խոշոր ծրագիր, որի նպատակն է օրական մեկ կերակուր տրամադրել 50 հազար կրտսեր դպրոցականների ավելի քան երեք տարվա ընթացքում: Ծրագրի դոնոր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը:
Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2010 թ. հոկտեմբերի 4-ին` հյուսիս-արևելյան Տավուշ մարզի Թեղուտ գյուղում: Միջոցառմանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` Տավուշի մարզպետը, սփյուռքի նախարարը և Ռուսական զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչը:
«Մենք երախտապարտ ենք Պարենի համաշխարհային ծրագրին` անցյալում ցուցաբերած և ներկայումս շարունակվող աջակցության համար, և պատրաստ ենք ապագայում համագործակցել ՊՀԾ-ի հետ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ փոխանցվի ՀՀ կառավարությանը և շարունակվի դրա իրականացումը: Մենք նաև երախտապարտ ենք ռուս ժողովրդին առատաձեռն աջակցության համար, որը հնարավոր դարձրեց դպրոցական սնունդը 50 հազար դպրոցական երեխաների համար», - ասաց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ես ջերմորեն ողջունում եմ ծրագրի մեկնարկը: Եթե որպես երկիր մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները աճեն առողջ` և մտավոր, և ֆիզիկապես, ապա մենք պետք է ստեղծենք ազգային ծրագիր: Մենք ակտիվոր են ձեռնամուխ կլինենք հովանավորների ապահովման գործին, մասնավորապես` ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում, որպեսզի նպաստենք ծրագրի շարունակականությանը», - ասել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Պարենի համաշխարհային ծրագիրը, ինչպես նաև կրթության և սփյուռքի նախարարությունները կիսում են այն տեսլականը, որ ծրագիրն ի վերջո պետք է վերաճի դպրոցական սննդի կայուն համազգային ծրագրի, որը սերտորեն ինտեգրված կլինի ազգային քաղաքականությանը և զարգացման ծրագրերին: ՊՀԾի աջակցությամբ իրականացվող դպրոցական սննդի ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել դպրոցականների սնուցումն ու առողջությունը, ինչպես նաև բարձրացնել նրենց ուսուցման կարողությունները:
Պարենի համաշխարհային ծրագրի մոտեցումը ներառում է երկու հեռանկար. դպրոցական սննդի ծրագրի իրականացում և կարողությունների զարգացում: Դպրոցական սննդի նախորդ ծրագրի իրականացման տարիների փորձառությամբ` ՊՀԾ-ն, կրթության և գիտության նախարարության և այլ տեղական և միջազգային զարգացման հաստատությունների և գործընկերների հետ համատեղ, կջանա ներդնել ծրագիր ու ռազմավարություն, որն այնուհետև կարող է հաջողությամբ որդեգրվել կառավարության կողմից:
ՀԱՍՑԵ`
Պարենի համաշխարհային ծրագիր
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 58 51 12
Ֆաքս` (374 10) 54 27 41
Էլ. փոստ`Liana.Kharatian@wfp.org
URL: http://www.wfp.org
http://www.wfp.org/countries/armenia
http://www.un.am
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ