|
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |
Մանդատը
1945 թ. աշխարհի բոլոր երկրները ներկայացնող դիվանագետները հանդիպում կազմակերպեցին Միավորված ազգերի կազմակերպությունը հիմնելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև առողջապահության գլոբալ կազմակերպություն ստեղծելու հարցը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանադրությունն ուժի մեջ մտավ 1948 թ. ապրիլի 7-ին, և այդ օրն ամեն տարի նշվում է որպես Առողջության համաշխարհային օր:
ՄԱԿ-ի համակարգում ԱՀԿ-ն հանդիսանում է առողջապահության ոլորտը ղեկավարող և համակարգող գործակալություն: Կազմակերպությունը պատասխանատու է առողջապահության գլոբալ խնդիրներում ուղղորդելու, առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների գերակայություններ սահմանելու, ստանդարտներ և նորմեր մշակելու, քաղաքականության ապացուցողական տարբերակներ կիրառելու, երկրներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև առողջության միտումների մոնիթորինգն ու գնահատումն իրականացնելու համար:
Ըստ սահմանադրության` ԱՀԿ առաքելությունն է բոլոր մարդկանց համար ապահովել առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակը: Առողջությունը դիտարկվում է իբրև «լիակատար ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն»:
ԱՀԿ կառուցվածքի առանձնահատկությունն է գրասենյակների տարածաշրջանային բաշխումը: Ելնելով ԱՀԿ սահմանադրության պահանջներից, աշխարհագրական տարածաշրջաններին համապատասխան, ձևավորվել են ԱՀԿ տարածաշրջանային վեց գրասենյակները:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ ԵՎՐՈ, որը տեղակայված է Դանիայի Թագավորության Կոպենհագեն քաղաքում) նպատակն է օժանդակել 53 անդամ պետություններին տվյալ երկրի առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման հարցերում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, ապագա վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցերը:
Երկրների տնտեսական զարգացման և բարեկեցության հարցում առողջապահական համակարգերի կարևորությունը շեշտելու, ինչպես նաև առողջապահական համակարգերը հզորացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով 2008 թ. հունիսին Էստոնիայի Տալլին քաղաքում կայացավ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ պետությունների առողջապահության նախարարների հանդիպումը:
Եվրոպայում առողջապահական համակարգերի հետագա զարգացումն ուղղորդելու նպատակով հանդիպման ժամանակ ստորագրվեց տալլինյան «Առողջապահական համակարգերն առողջության և բարեկեցության համար» հռչակագիրը:
Կազմակերպությունը տարեկան մեկ անգամ հրավիրում է Առողջության համաշխարհային վեհաժողով, որին մասնակցում են կառավարության ղեկավարներ, դեսպաններ և նախարարներ, և որի ընթացքում քննարկվում են առողջության գլոբալ անվտանգության և ռազմավարական խնդիրներ, իսկ տարեկան մեկ անգամ հրավիրվում է տարածաշրջանային նախարարական կոմիտեի նիստ, որտեղ արդեն քննարկվում են առողջության տարածաշրջանային խնդիրներ:
ԱՀԿ-ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանն ԱՀԿ-ի անդամ է դարձել 1992 թ.: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը (ԱՀԿ ՀԳ) հիմնադրվել է 1994 թ.: ԱՀԿ հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ԱՀԿ-ն երկրում, աջակցում է ՀՀ կառավարությանը և առողջապահության նախարարությանը առողջական խնդիրների և կարիքների ուսումնասիրության, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման և իրականացման, ծրագրերի պլանավորման, իրականացման ու գնահատման հարցում, և համակարգում է ԱՀԿ-ի եվրոպական ու կենտրոնական գրասենյակների համապատասխան բաժինների հետ համատեղ աշխատանքը:
ԱՀԿ հիմնական գործընկերը ՀՀ առողջապահության նախարարությունն է (ԱՆ): Ներկայիս ռազմավարությունները խրախուսում են նաև ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, ՀՀ օրենսդիր մարմնի և բնակչության առողջության ապահովման և պահպանման հարցերում պատասխանատու պետական և այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև կրթական և գիտահետազոտական հաստատությունների հետ:
Հիմնական միջազգային գործընկերներն են Համաշխարհային բանկը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ), Ատլանտայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, «Բժիշկներն առանց սահմանի», «Վորլդ վիժն», «Օքսֆամ», «Գլոբալ հիմնադրամ» և այլ կազմակերպություններ:
ԱՀԿ և ՀՀ ԱՆ 2008-2013 թթ. համագործակցության հիմնական ուղղությունները
Համագործակցության գերակայություններն ընտրվել են` հաշվի առնելով հանրային առողջապահության ոլորտի ներկայիս հիմնահարցերը և առողջապահության համակարգի գործունեության բարելավմանն ուղղված ընթացիկ ազգային միջոցառումները: Դրանք են.
ՀԱՍՑԵ`
Առողջապահության համաշխարհային կազմակերպության
Ալեք Մանուկյան 9
Երևան 0070, Հայաստան
Հեռ.` (374 10) 51 20 04
Ֆաքս` (374 10) 51 20 13
Էլ-փոստ: whoarm@euro.who.int
URL:http://euro.who.int
http://www.un.am
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ