ԼՈՒՐԵՐ

2013-07-01 | Լուրեր
Մեծ քայլերով դեպի Հազարամյակի զարգացման նպատակների առավել մեծ թվով թիրախների նվաճում մինչև 2015 թ.․ՄԱԿ-ի զեկույց

Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կողմից այսօր ներկայացված նոր զեկույցի, Հազարամյակի զարգացման նպատակների որոշ մասն արդեն իսկ իրագործվել է և էլ ավելի շատ նպատակներ կիրագործվեն մինչև 2015 թ. սահմանված վերջնաժամկետը, մինչդեռ մյուսներին հասնելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Ելնելով պաշտոնական համապարփակ վիճակագրությունից, Հազարամյակի զարգացման նպատակների 2013 թ. զեկույցը ցույց է տալիս, որ ազգային կառավարությունների, միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի համատեղ գործողությունները ՀԶՆ-ների իրագործումը  դարձնում են իրականություն:

 « ՀԶՆ -երը պատմության մեջ համընդհանուր աղքատության դեմ պայքարի ամենահաջողված նախաձեռնումներից  են եղել»,- նշել է պրն. Բանը: «ՀԶՆ-երն ապացուցել են, որ համընդհանուր զարգացման կենտրոնացված նպատակները կարող են էական տարբերություն ստեղծել»: 2000 թ. տեղի ունեցած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթաժողովում բոլոր երկրներն համաձայնվեցին զարգացման ութ նպատակների հետ:

 Զեկույցում նշվում է, որ բարելավելով միլիոնավոր մարդկանց կյանքը` արդեն իսկ նվաճված աղքատության նվազեցման, անվտանգ խմելու ջրի հասանելիության աստիճանի բարձրացման, խարխլված կացարաններում  ապրող  բնակիչների կյանքի պայմանների բարելավման և տարրական դպրոցներում գենդերային հավասարության հասնելու թիրախներով, այնուհանդերձ այլ ոլորտներում ևս ակնհայտ առաջընթացի դեպքում հնարավոր կլինի ավելի շատ ՀԶՆ թիրախներ դարձնել հասանելի մինչև 2015 թ.:

 Միլիոնավոր փրկված կյանքեր

Զեկույցի համաձայն` մեծ ձեռքբերումներ են գրանցվել առողջապահության ոլորտում: 2000–2010 թթ. ընթացքում մալարիայից մահացության դեպքերի մակարդակը ամբողջ աշխարհում նվազել է ավելի քան 25 տոկոսով, և մոտ 1,1 միլիոն մահ է կանխվել: Մահացության դեպքերը տուբերկուլյոզից համաշխարհային մակարդակով և մի շարք տարածաշրջաններում մինչև 2015 թ. հնարավոր կլինի կիսով չափ կրճատել` 1990 թ. ցուցանիշների համեմատ: 1995-2011 թթ. ընթացքում, ընդհանուր առմամբ, 51 միլիոն տուբերկուլյոզով հիվանդ հաջողությամբ բուժվել է, որի արդյունքում  խնայվել է 20 միլիոն մարդու կյանք:

 Զեկույցում նշվում է, որ մինչ նոր ՄԻԱՎ վարակների թիվը նվազում է, 2011 թ. ՄԻԱՎ վարակով մոտ 34 միլիոն մարդ էր ապրում: 2011 թ. վերջում զարգացող տարածաշրջաններում 8 միլիոն մարդ անցել է ՄԻԱՎ-ի կամ ՁԻԱՀ-ի   հակառետրովիրուսային թերապիա, և հակառետրովիրուսային թերապիայի համընդհանուր հասանելիության ՀԶՆ թիրախը հասանելի կլինի  մինչև 2015 թ., եթե ընթացիկ զարգացումները  շարունակվեն, ասվում է զեկույցում:

 Մինչև 2015 թ. սովից տառապողների տոկոսը կիսով չափ կրճատելու թիրախը դեռևս հասանելիության սահմաններում է, ասվում է զեկույցում: Ամբողջ աշխարհում թերսնվող մարդկանց թիվը 23 տոկոսից (1990-1992 թթ.) նվազել է 15 տոկոսի (2010-2012 թթ.):

 Անհրաժեշտ են արագացված գործողություններ

Ամբողջ աշխարհում  մինչև հինգ տարեկան երեխաների մահացության թիվը նվազել է 41 տոկոսով․ յուրաքանչյուր 1000 կենդանի ծնվածի հաշվով 2011 թվականին  գրանցվել է 51 մահ, 1990 թվականի՝ 87-ի դիմաց, ինչը նշանակում է օրական 14 հազարով պակաս գրանցված երեխաների մահացության դեպք: Երեխաների մահացության դեպքերն հատկապես արձանագրվում են առավել աղքատ տարածաշրջաններում և, հիմնականում, կյանքի առաջին ամսվա ընթացքում:

  Համաշխարհային մասշտաբով մայրական մահացության գործակիցը վերջին երկու տասնամյակների ընթացքում նվազել է 47 տոկոսով` 1990-2010 թթ. ընթացքում յուրաքանչյուր 100,000 կենդանի ծնվածի հաշվով գրանցվել է 210 մայրական մահացության դեպք 400-ի դիմաց: Զեկույցում ասվում է, որ այս ցուցանիշը  երեք քառորդով նվազեցնելու ՀԶՆ թիրախին հասնելը կպահանջի արագացված միջամտություն և ավելի ուժեղ քաղաքական աջակցություն կանանց և երեխաներին:

 2000-2011 թթ. ընթացքում դպրոց չհաճախող երեխաների թիվը գրեթե կիսով չափ նվազել է` 102 միլիոնից հասնելով 57 միլիոնի, բայց զեկույցում ասվում  է, որ բավական մեծ թվով երեխաներ դեռևս զրկված են տարրական կրթություն  ստանալու  իրավունքից: 1990-2011 թթ. 1,9 միլիարդ մարդկանց համար հասանելի դարձան հասարակական զուգարաններ, սանհանգույցներ և այլ բարելավված սանիտարական միջոցներ: Զեկույցում նաև նշվում է, որ մոլորակի ռեսուրսային բազան էապես կրճատվում է, շարունակ հատվում են անտառները, վերանում են ցեղատեսակները, սպառվում են ձկան պաշարներն աշխարհում, որն, արդեն իսկ, իր վրա կրում է կլիմայական փոփոխության հետևանքները:

 

 Անհավասար առաջընթաց

 Համընդհանուր ուշադրությունը պետք է կենտրոնացնել անհավասարության վրա, առաջարկվում է զեկույցում: Առաջընթացը դեպի ութ ՀԶՆ-ներ անհավասար է եղել` ոչ միայն տարածաշրջանների և երկրների կտրվածքով, այլ նաև երկրների ներսում բնակչության խմբերով: Աղքատության մեջ կամ գյուղական վայրերում ապրող մարդիկ շարունակում են ապրել անարդար և անբարենպաստ պայմաններում: 2011 թ. գյուղական վայրերում  ծնունդների միայն 53 տոկոսն է ընդունվել հմուտ բժշկական անձնակազմի կողմից, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այդ թիվը կազմում է 84 տոկոս: Բնակչության 83 տոկոսը, որ զուրկ է լավորակ խմելու ջրի աղբյուրներից, ապրում է գյուղական համայնքներում:

 Ամենաաղքատ երկրներին տրվող դրամական օգնություն

 Զեկույցում նշվում է, որ նպատակների իրագործումը, ընդհանուր առմամբ, խոչընդոտվում է դրամական օգնության պակասի պատճառով, ինչն առավել բացասաբար է անդրադառնում ամենաաղքատ երկրների վրա: 2012 թ. զարգացած երկրներից զարգացող երկրներին տրվող  զուտ դրամական օգնությունը կազմել է 126 միլիարդ դոլար: Իրական արտահայտմամբ, սա 2011 թ. համեմատ 4 տոկոսով պակաս է, ինչն, իր հերթին, երկու տոկոսով ցածր էր 2010 թ. ցուցանիշներից: Անկումը առավելապես ազդել է թույլ զարգացած երկրների վրա: Այս երկրներին ցուցաբերվող զարգացման երկկողմ պաշտոնական աջակցությունը 2012 թ. կրճատվել է 13 տոկոսով`կազմելով մոտ  26 մլրդ. դոլար: Ինչևէ, զեկույցը ցույց է տալիս, որ պարտքերի նվազումը և առևտրի հասանելիության բարելավումը նպաստում է  զարգացող երկրների առաջընթացին:

 ՀԶՆ-երը և հետ-2015թ զարգացման օրակարգը

ՄԱԿ-ն աշխատում է կառավարությունների, քաղաքական հասարակության և այլ  գործընկերների հետ արագացնելու ՀԶՆ-երի իրագործումը , մշակելու հավակնոտ, բայցև իրատեսական օրակարգ 2015 թ. վերջում ՀԶՆ թիրախների  վերջնաժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար: Զեկույցում ասվում է, որ ՀԶն-երի հաջող եզրափակումը կարևոր հիմք կհանդիսանա դրան հաջորդող զարգացման օրակարգի համար, և ՀԶՆ-երից քաղված փորձն ու դասերը հեռանկարներ կբացեն շարունակական առաջընթացի համար: 

 «Արագացված գործողությունների միջոցով  աշխարհը կարող է իրագործել ՀԶՆ-ները և մեծ թափ հաղորդել  հավակնոտ ու ոգեշնչող հետ-2015թ․ զարգացման ծրագրին», - ասաց պարոն Բանը: «Հիմա ժամանակն է ակտիվացնելու մեր ջանքերը և կառուցելու ավելի արդար, ապահով ու կայուն ապագա բոլորի համար»:

 Հազարամյակի զարգացման նպատակների զեկույցը` նպատակներին ուղղված համընդհանուր և տարածաշրջանային առաջընթացի տարեկան գնահատումը, արտացոլում է ՄԱԿ-ի և միջազգային ավելի քան 27 գործակալությունների կողմից կազմված առավել համապարփակ, ճշգրիտ տվյալները և կազմվում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության կողմից: Զեկույցի պատրաստման համար օգտագործված տվյալների ամբողջական փաթեթը հասանելի է mdgs.un.org կայքէջում:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ